Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կառավարում

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի (ԵՊԲՀ) կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և ԵՊԲՀ կանոնադրությանը համապատասխան, ինքնակառավարման հիման վրա` միանձնյա ղեկավարման և կոլեգիալության սկզբունքների զուգակցմամբ:

Համալսարանի կառավարումն իրականացվում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի, ռեկտորի, գիտական խորհրդի, ռեկտորատի միջոցով:
Համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կոլեգիալ կառավարման մարմին է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, կազմված է 32 անդամից: Այն ձևավորվում է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Խորհուրդն իր կազմից (բացառությամբ ուսանողության ներկայացուցիչների) ընտրում է նախագահ:

Խորհուրդը մշակում ու հաստատում է ռեկտորի ընտրության կանոնակարգը, կազմակերպում ռեկտորի ընտրությունը և իրականացնում օրենսդրությամբ և համալսարանի կանոնադրության սահմանված այլ լիազորություններ:

Համալսարանի գիտական խորհուրդը ռեկտորի նախագահությամբ գործող ուսումնական, գիտական և գիտատեխնիկական գործունեությունը համակարգող ու կարգավորող կառավարման մարմին է: Համալսարանի գիտական խորհուրդը կազմված է 80 անդամից, որոնցից ուսանողների ներկայացուցիչները կազմում են գիտական խորհրդի առնվազն 25 տոկոսը: Գիտական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն ամիսը մեկ անգամ:

Համալսարանի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ռեկտորը: Ռեկտորը ձևավորում է խորհրդակցական մարմին՝ ռեկտորատ:

Համալսարանի առանցքային ուսումնական ստորաբաժանումը ֆակուլտետն է: Ֆակուլտետը համալսարանի ուսումնագիտական ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է, որը ձևավորվում է ըստ մասնագիտական ուղղության կամ գործունեության բնույթի:

Համալսարանի ուսումնագիտական հիմնական կառույցներն ամբիոններն են և կրթական խմբերը:

ԵՊԲՀ-ում գործում են հետևյալ ֆակուլտետները՝

  • ընդհանուր բժշկության,
  • ստոմատոլոգիական,
  • դեղագիտական,
  • ռազմաբժշկական,
  • հանրային առողջության,
  • հետբուհական և շարունակական կրթության:

Ֆակուլտետի կառավարման մարմիններն են ֆակուլտետի խորհուրդը և դեկանը: Ֆակուլտետի խորհրդի անդամների առնվազն 25 տոկոսը ուսանողներ են:

Դասախոսների և ուսանողների մասնակցությունն իրենց առնչվող որոշումների կայացմանը, առաջին հերթին, ապահովվում է համալսարանի կառավարման բոլոր մարմիններում՝ համալսարանի հոգաբարձուների խորհուրդում (25-ական տոկոս դասախոսներ և ուսանողներ), համալսարանի գիտական խորհուրդում (25 տոկոս ուսանողներ, ավելի քան 50 տոկոս դասախոսներ), ֆակուլտետային խորհուրդներում (25 տոկոս ուսանողներ, 75 տոկոս դասախոսներ) նրանց ներկայացվածությամբ: Համալսարանի և առարկայական ուսումնամեթոդական խորհուրդներում ուսանողությունը նույնպես ներկայացված է: Ուսանողական խորհրդարանի նախագահը գիտական խորհրդի և ռեկտորատի անդամ է:

Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը պաշտպանող մարմինն ուսանողական խորհրդարանն է, որն իրականացնում է ուսանողների իրավունքների պաշտպանությունը և ուսանողական միջոցառումների կազմակերպումը:

Համալսարանի և ֆակուլտետների խորհուրդների նիստերը բաց են, որոնց կարող է մասնակցել դասախոսներից, ուսանողներից յուրաքանչյուրը և կարծիք հայտնել քննարկվող հարցերի վերաբերյալ: Համալսարանի ղեկավարությունը պարբերաբար հանդիպումներ է ունենում ուսանողների, դասախոսական անձնակազմի հետ, լսում նրանց կարծիքները և առաջարկությունները, որոնք հաշվի են առնվում որոշումներ կայացնելիս: Դասախոսները և ուսանողները իրենց կարծիքները կարող են հրապարակել համալսարանի պարբերականում, այդ թվում՝ «Ապագա բժիշկ»-ում: