• Հայ
  • Рус
  • Eng

ԵՊԲՀ նորմալ անատոմիայի ամբիոնին կից գործում է անատոմիական թանգարանը: Այն 1926 թվականին հիմնադրել է պրոֆեսոր Վահան Արծրունին, ով հայոց լեզվով անատոմիա դասավանդող առաջին դասախոսն էր: Այսօր թանգարանը կրում է հարգարժան պրոֆեսորի անունը:

Անատոմիական թանգարանը հարուստ է բազմաթիվ ցուցանմուշներով: Այստեղ իրենց ուրույն տեղն ունեն մարդու՝ ֆորմալինի լուծույթում պահվող առանձին օրգանները, չափահաս մարդկանց և նորածինների կմախքները, ինչպես նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից պատրաստված պատրաստուկ¬ները: Թանգարանի առանձին պահարանում ներկայացված են բնածին բազմաթիվ արատներով նորածինների դիակներ, որոնք առավել ընկալելի են դարձնում դասախոսության նյութը: Ցուցանմուշների շարքում աչքի է ընկնում մի յուրահատուկ կմախք, որն ունի վերին և ստորին վերջույթների զարգացման բնածին արատներ:

Անատոմիական թանգարանի նմուշներից են նաև հայտնի մարդկանց զմռսված ուղեղները, ֆորմալինի լուծույթում պահպանված սրտերը, գուսան Շերամի կոկորդը, պրոֆեսոր Արծրունու ուղեղն ու սիրտը:

Թանգարանի ամենավաղեմի և ամենահիշարժան ցուցանմուշներից է համարվում Սևանի ավազանի պեղումների ժամանակ հայտնաբերված արքայադստեր կմախքը, որն ունի ավելի քան 2000 տարվա պատմություն:
Առանձին պահարանում ցուցադրված են ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար նախատեսված ցուցանմուշները՝ կաթնատամներ և մնայուն ատամներ ունեցող ծնոտներ, նորածնի գանգեր, ինչպես նաև կենդանիների ծնոտներ, այդ թվում` շնաձկան ծնոտներ, որոնք օգնում են ուսումնասիրելու ատամների ֆիլոգենետիկ առանձնահատկությունները:
Այս բոլոր ցուցանմուշներն ապահովում են որակյալ դասավանդում, այդ թվում հանդիսանում են անատոմիական գիտելիքների հարստացման միջոց՝ այլ բուհերի ուսանողների և ավագ դպրոցների աշակերտների համար:

Վերջին 365 օրում կատարված և առաջիկա 365 օրում կատարվելիք աշխատանքների մասին

13.07.2019