• Հայ
  • Рус
  • Eng
Տեղի կունենա «Մարզիկների մոտ գանգուղեղային վնասվածքների ախտորոշման, վարման և ռեաբիլիտացիայի առանձնահատկությունները
Տեղի կունենա «Մարզիկների մոտ գանգուղեղային վնասվածքների ախտորոշման, վարման և ռեաբիլիտացիայի առանձնահատկությունները

ԵՊԲՀ սպորտային բժշկության և հաշմանդամային սպորտի կրթական խումբն օգոստոսի 19-23-ը AASMC (Armenian-American Sports Medicine Coalition) կազմակերպության հետ համատեղ կանցկացնի «Մարզիկների մոտ գանգուղեղային վնասվածքների ախտորոշման, վարման և ռեաբիլիտացիայի առանձնահատկությունները» խորագրով թվով 3-րդ գիտագործնական սեմինարը: Դասախոսությունների և գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներին կներկայացվեն մարզիկների շրջանում գանգուղեղային վնասվածքների «խաղադաշտում» վաղ ախտորոշման, հետագա վարման, ռեաբիլիտացիայի, ինչպես նաև «սպորտ վերադարձի» առանձնահատկությունները և մոտեցումները՝ ըստ ամերիկյան և եվրոպական ասոցիացիաների վերջին ուղեցույցների:

Սեմինարը կանցկացնեն մարզիկների և զինվորների հետ աշխատանքի բազմամյա փորձով ԱՄՆ-ից հրավիրված սպորտային բժիշկներ, ռեաբիլիտոլոգներ և կինեզիոթերապևտներ՝ Նիքոլաս Թավուկջյանը, Քարլոս Իսակակ Ռոելը, Ռիչել Մոլինան, Քեթրին Կումագասի-Շիմամուրան և Նարիկ Աչեկյանը:

Կինեզիոթերապևտ, աթլետիկայի մարզիչ Նիքոլաս Թավուկջյան 2016թ-ից աշխատում է ֆուտբոլի, բեյսբոլի թիմերի, զինվորների և վետերանների հետ: Այժմ հանդիսանում է Քալիֆորնայի նահանգի Պասադենա քաղաքի Evergreen Kynesiotherapy Specialists կենտրոնի գլխավոր մասնագետը, AASMC կազմակերպության հիմնադիր գլխավոր գործադիր տնօրենն է:

Կինեզիոթերապևտ սպորտային բժիշկ Քարլոս Իսահակ Ռոելը 2012թ-ից աշխատում է ջիուջիցուի, վոլեյբոլի, ֆուտբոլի, սուսերամարտի, թեթև աթլետիկայի, բասկետբոլի թիմերի, հրշեջների հետ, անցել է նեյրո-ռեաբիլիտացիայի մասնագիտացում:

Կինեզիոթերապևտ, ռեաբիլիտոլոգ Ռիչել Մեյ Մոլինա 2008թ-ից աշխատում է որպես բժիշկ-ռեաբիլիտոլոգ, այժմ դասավանդում է Քալիֆորնիայի նահանգի Ազուսա քաղաքի Movement Links համալսարանում:

Ռեաբիլիտոլոգ Քեթրին Կումագաի Շիմամուրա 2003թ-ից աշխատում է որպես բժիշկ-ռեաբիլիտոլոգ, այժմ հանդիսանում է Քալիֆորնիա նահանգի Azusa Pacific համալսարանի պրոֆեսոր:

Կինեզիոթերապևտ, աթլետիկայի մարզիչ Նարիկ Աչեկյանը 2012թ-ից հանդիսանում է Քալիֆորնիայի նահանգի Էնցինո քաղաքի Holy Martyrs Ferrahian High School տղաների բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչը:

Սեմինարներին կարող են մասնակցել սպորտային բժիշկներ, ռեաբիլիտոլոգներ, ռեանիմատոլոգներ, նյարդաբաններ, ռեֆլեքսոթերապևտներ, ֆիզիոթերապևտներ, թերապևտներ, վնասվածքաբաններ, կինեզիոթերապևտներ, կինեզիոթերապիստներ, մերսողներ: Սեմինարների ավարտին տրվելու են ՇՄԶ 7 տեսական և 9 գործնական կրեդիտներ: Գրանցման համար դիմել ԵՊԲՀ շարունակական մասնագիտական կրթության բաժին:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 19-ը, ժամը 14:00: