• Հայ
  • Рус
  • Eng
Շիրակի մարզի գյուղերի աշակերտները ծանոթացան  բժշկի մասնագիտությանը
Շիրակի մարզի գյուղերի աշակերտները ծանոթացան բժշկի մասնագիտությանը
24.05.2019

Շիրակի մարզի 6 գյուղի դպրոցների աշակերտներն այսօր այցելել էին ԵՊԲՀ-ը՝ ծանոթանալու  բժշկի մասնագիտությանը՝ ապագայում գիտակցված որոշում կայացնելու նպատակով:

Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամի մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակներում և ԵՊԲՀ Կարիերայի կենտրոնի ջանքերով աշակերտները հնարավորություն ունեցան ոչ միայն տեսականորեն առնչվել նախընտրած մասնագիտությանը, այլև գործնականորեն՝ շրջելով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի և բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի սիմուլացիոն կենտրոններում:

Նշենք, որ հիմնադրամի ծրագրերն սկսել են իրագործվել 2004 թվականին մեկ գյուղից և ընդլայնվել դեպի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի  գյուղական համայնքներ։

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ողջունելով աշակերտներին նշեց, որ բժշկի աշխատանքը մարդասիրական է և մեծ ջանքեր է պահանջում. «Ձեզանից շատերն այսօր հնարավոր է ավելի շատ ցանկանան դառնալ բժիշկ, իսկ մյուսները՝ վերջնականապես որոշեն, որ երբեք բժիշկ չեն դառնալու: Բժիշկ լինելը շատ մեծ պատասխանատվություն է,  շատ մեծ բավականություն, երբ քո կատարած աշխատանքի արդյունքում տեսնում ես հիվանդին առողջ» ,-ասաց նա՝ կիսվելով իր մասնագիտական փորձով:

Այնուհետև աշակերտները Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտորին տվեցին իրենց հուզող հարցերը:

Նշենք, որ նման այցելությունները ԵՊԲՀ շարունակական են լինելու: