• Հայ
  • Рус
  • Eng
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Զինվորի տան հյուրն էր
Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսը Զինվորի տան հյուրն էր
26.11.2020

Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսն Համահայկական հիմնադրամի Հոլանդիայի մասնաճյուղի տնօրեն Հարություն Սիմոնյանի ուղեկցությամբ  այցելել էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը պատվիրակությանը ծանոթացրել են վերականգնողական կենտրոնի հնարավորություններին, ներկայացրել կենտրոնում առկա բուժսարքավորումները:

Դեսպանին ներկայացվել է Զինվորի տան պատմությունը, առաքելությունը և զարգացման տեսլականը։ Այցի ընթացքում քննարկվել են համագործակցության հետագա ծրագրեր՝ ուսումնական և կլինիկական ոլորտներում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել փոխայցեր կազմակերպելու՝ մասնագիտական փորձի փոխանակմանը նպաստելու նպատակով: 

Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխեմերսին տեղեկացվեց նաև, որ Զինվորի տանը բուժում են ստանում ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ Ապրիլյան և 2020 թվականի պատերազմների ընթացքում վիրավորում ստացած զինվորները: 

Դեսպանը տպավորված էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատանքներով, հնարավորություններով և մասնագիտական հաջողություններով։ Նիկոլաս Սխեմերսին հաճելիորեն զարմացրեց նաև այն փաստը, որ մինչ այս պահը որևէ COVID-19-ի դեպք չի արձանագրվել վերականգնողական կենտրոնում։ 

Հանդիպման ավարտին դեսպանը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող բարձրորակ ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև իր բովանդակությամբ ու ջերմ միջավայրով։ 

Հյուրերը տեղեկացան, որ վերականգնողական կենտրոնը հիմնադրվել է ՀՀ Պաշտպանության նախարարության, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության, ինչպես նաև մի շարք նվիրյալների ու բարերարների համատեղ ջանքերով: