• Հայ
  • Рус
  • Eng
Կլինիկական օրդինատորն ամեն օր ավելի շատ է սիրում ընտրած մասնագիտությունը
Կլինիկական օրդինատորն ամեն օր ավելի շատ է սիրում ընտրած մասնագիտությունը
08.07.2020

Շարունակելով համալսարանական ընթերցողներին պատմել ԵՊԲՀ սովորողների մասին, այս անգամ ներկայացնում ենք մաշկաբանության և վեներոլոգիայի գծով երկրորդ տարվա կլինիկական օրդինատոր Աննա Գասպարյանին։

Երիտասարդ մայրիկի բազմազբաղ առօրյայում կարևոր և անփոխարինելի տեղն ունի մասնագիտությունը, որի ընտրությունը,  ինչպես ինքն է պատմում, շատ անսպասելի է կատարել։

«Չնայած նրան, որ բժշկի մասնագիտությունը նորություն չէ մեր ընտանիքում, բժիշկ դառնալու որոշումը հանպատրաստից եմ կայացրել, նույնիսկ ինքս ինձ համար։ Ընտանիքում բժիշկները շատ են. հորաքույրս, տատիկս, մայրս։ Մանկուց  հարազատների կողմից հաճախ եմ լսել, որ բժշկի մասնագիտությունը հենց ինձ համար է, որ մայրիկիս նման բժշկուհի պետք է դառնամ,  սակայն այդ արտահայտություններն իմ մեջ միայն հակակրանք էին առաջացնում։ Թվում էր, թե իմ փոխարեն արդեն ամեն ինչ որոշված է »,- պատմում է Աննան։

Սկզբում ընտրեց ճարտարագիտությունը, նույնիսկ մեկ ու կես տարի նկարչական խմբակ հաճախեց, սակայն իններորդ դասարանում հանկարծակի հասկացավ, որ  հենց բժշկի մասնագիտությունն է իրենը։

«Բժշկի մասնագիտությունը, այսպես ասած, ֆիզիոլոգիական էր ինձ համար»,- նկատում է երիտասարդ մասնագետը։

Բժշկական բուհում ուսանելու տարիներն անցան բավականին ծանրաբեռնված, հագեցած, ինչպես և ԵՊԲՀ յուրաքանչյուր սովորողի համար։  Կլինիկական օրդինատորի գնահատմամբ՝ հենց այդ ծանրաբեռնվածությունն է հետագայում  թույլ տալիս բժիշկներին աշխատանքի մեջ լինել դիմացկուն և կարգապահ։  Ուսումնառության տարիների ընթացքում ստացած գիտելիքներն էլ հնարավորություն են տալիս շրջանավարտին ընտրել ցանկացած նեղ մասնագիտություն։

Աննան ընտրություն կատարեց գինեկոլոգիայի և մաշկաբանության միջև։

«Եթե ընտրեի գինեկոլոգիան հետագայում կմասնագիտանայի մանկաբարձության ոլորտում։ Կարծում եմ,  մարդ պետք  է կայանա իր մասնագիտության մեջ, սակայն երբեք  չանտեսի և բավական ժամանակ տրամադրի ընտանիքին»,- նկատում է սովորողը։  

Մտածելուց հետո հասկացել է, որ մանկաբարձությունն ընտրելու դեպքում գուցե չկարողանա պահպանել ընտանիքի և աշխատանքի միջև անհրաժեշտ բալանսը։

Այսպիսով՝ ընտրությունը կանգնում է իր կողմից նույնպես շատ սիրված ուղղության՝ մաշկաբանության վրա։ Երբեք չի ափսոսացել իր կայացրած որոշման համար։ Խոստովանում է, որ ամեն օր ավելի է սիրում մասնագիտությունը։ Այժմ աշխատում է մասնավոր բժշկական կենտրոնում, գործունեություն է  ծավալում թե՛ մաշկաբանության և թե՛ կոսմետոլոգիայի բնագավառում։ Պրակտիկայում հաճախ է համատեղում նորագույն լազերային մեթոդները և այլ կոսմետոլոգիական միջամտությունները մաշկաբանական հիվանդությունների կոնսերվատիվ բուժումների հետ։

Երիտասարդ բժիշկն ընդգծում է, որ  կլինիկական օրդինատուրայի տարիներին ստացած խորքային գիտելիքների շնորհիվ վստահ է զգում իրեն  պացիենտի առաջ՝ բուժման ընթացքը վարելիս։

Անդրադառնալով բժշկի մասնագիտությանը՝ նա նշում է, որ կարևոր է, որպեսզի ապագա բժիշկները պատվով կրեն սպիտակ խալաթը, հպարտ լինեն, որ այս մասնագիտության կրողն են։

«Չէ՞ որ նույնիսկ համավարակի պայմաններում, երբ բազմաթիվ աշխատատեղեր են փակվում, շատ մասնագիտություններ, թեկուզ ժամանակավոր կորցնում են իրենց կարևորությունը, մինչդեռ բժիշկները մնում են պահանջված և անփոխարինելի։ Շատ կցանկանայի որ, մեզանից յուրաքանչյուրն իր վարքով միայն բարձրացնի բժշկի հեղինակությունը հասարակության աչքերում և ոչ թե բժշկությունը բիզնեսի վերածելով կորցնի մարդկանց վստահությունը հայ բժշկի հանդեպ»,- եզրափակում է Աննա Գասպարյանը։

 

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը