• Հայ
  • Рус
  • Eng
Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին
Ֆարմացիայի մագիստրոսները մասնակցեցին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին
18.07.2019

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի պատվիրակությունը հուլիսի սկզբին մասնակցեց ՌԴ Յարոսլավլ քաղաքում կայացած միջազգային մասնակցությամբ III Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողովին: Դեղագիտության ոլորտի ամենամյա միջոցառումն այս տարի աննախադեպ էր տարբեր երկրներից մասնակիցների մեծ թվով: Օլիմպիադային մասնակցելու համար դիմել էր ավելի քան 700 ուսանող: Այս տարի լավագույների շարքում մրցույթային փուլ անցել են 343 մասնակից՝ 55 քաղաքների 73 բուհերից, որոնց թվում՝ սովորողներ ՌԴ-ից, Ասիայից, Աֆրիկայից, Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից և ԱՊՀ երկրներից:

ԵՊԲՀ-ից ֆարմացիայի ամբիոնի մագիստրոսներ՝ Էլեն Սահակյանն ու Մարուսյա Այվազյանը ներկայացրեցին ֆարմացիայի ամբիոնում դեղագիտական ֆակուլտետի այլ մասնագիտական ամբիոնների մասնակցությամբ կատարված գիտահետազոտական մագիստրոսական աշխատանքները՝ «Կապակցող նյութերի ազդեցությունը դեղահատերից պարացետամոլի ձերբազատման վրա» և «Իզոինդոլի նոր ածանցյալների սինթեզը և կենսաբանական ակտիվության հետազոտումը» թեմաներով: Ներակացվող աշխատանքներն ընտրվել են՝ համապատասխանելով մի շարք չափորոշիչների, որոնցից ամենակարևորն արդիականությունն ու դիտարժանությունն են:

Ամենամյա միջոցառման նպատակն է մի հարկի տակ հավաքել սկսնակ դեղագետներին և պոտենցիալ գործատուների՝ խոշորագույն դեղագիտական ընկերություններից:

Նշենք, որ 2020 թվականին Համառուսական միջբուհական GxP գագաթնաժողով կանցկացվի Կալուգայի շրջանում:

Ֆարմացիայի ամբիոնն իր երախտագիտությունն է հայտնում բուհի և ֆակուլտետի ղեկավարությանն աջակցության համար, «Արփիմեդ» դեղագործական ընկերությանը, որը նպաստել է Էլենի հետազոտական աշխատանքի կատարմանը: