• Հայ
  • Рус
  • Eng
Դասախոսի օրինակով ոգեշնչված ապագա վարակաբանի նկարելու շնորհը փոխանցվել է հայրիկից
Դասախոսի օրինակով ոգեշնչված ապագա վարակաբանի նկարելու շնորհը փոխանցվել է հայրիկից
18.02.2020

Բնատուր շնորհով, արվեստասեր ուսանողները բժշկական համալսարանում քիչ չեն, որոնք տարբեր թելերով կապված են արվեստի որևէ ճյուղին՝ երգ, պար, թատրոն, նկարչություն և այլն: Բժշկի մասնագիտությունը բարձր առաջադիմությամբ սովորող ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող Ալիսա Մովսիսյանին փոխանցվել է մայրիկից, իսկ արվեստի նկատմամբ սերն ու նկարելու շնորհը՝ հայրիկից: «Մասնագիտության ընտրության հարցում ինձ ոգեշնչել է մայրս՝ նա ինձ համար բժշկի օրինակելի կերպար է, ում ցանկանում եմ նմանվել»,- ասում է ապագա բժիշկը:

Ալիսայի խոսքով՝ բժշկության մեջ իրեն հետաքրքրող շատ ուղղություններ կան՝ ակնաբուժությունը, գաստրոէնտերոլոգիան, սակայն նրա վերջնական ընտրությունը կանգ է առել վարակաբանի մասնագիտության վրա, ոգեշնչվելով սիրելի դասախոսներից Հռիփսիմե Վալերովնայի օրինակով, ում մասնագիտական, մարդկային որակները կարևոր դեր են ունեցել մասնագիտացման հարցում կողմնորոշվելու համար:

Ապագա վարակաբանի կարծիքով՝ բուհում սովորելու տարիներին դժվարություններ ունենում են բոլորը, սակայն մեծ ջանքեր ներդնելու դեպքում, դրանք կարելի է հաղթահարել: «Ուսման տարիներին կոփվել եմ մարդկային փոխհարաբերություններում: Համաձայն եմ այն մտքի հետ, որ ուսանողական տարիներն ամենաերջանիկն են»,-ասում է նա՝ ավելացնելով, որ, չնայած դրան, արդեն պատրաստ է կյանքի հաջորդ փուլ մտնել որպես բժիշկ՝ բոլոր դժվարություններով, պատասխանատվությամբ հանդերձ:

Ալիսան՝ որպես ավարտող ուսանող, ցածր կուրսի ապագա բժիշկներին խորհուրդ է տալիս ճիշտ օգտագործել ժամանակը՝ շատ կարդալ և ոչինչ չթողնել վաղվան, քանի որ այդ բացը հետագայում շատ դժվար է լրացնել:

Չնայած համալսարանը թույլ չի տալիս շատ ազատ ժամանակ ունենալ, սակայն ապագա բժիշկը փորձում է դասերի հետ համատեղել տարբեր հետաքրքրությունները՝ պարը, երգը, ձեռագործ աշխատանքները, ինչպես նաև՝ նկարչությունը, որի հանդեպ սերը վաղ մանկական հասակից փոխանցվել է հայրիկից: «Չնայած այն հայրիկիս հիմնական մասնագիտությունը չէ, սակայն վերջինս շատ է ուսումնասիրել արվեստի այս ճյուղը և մշտապես խորհուրդներ է տալիս ինձ: Երբ փոքր էի, երաժշտություն էինք միացնում և նկարում այն ինչ զգում էինք: Արդյունքում միմյանցից տարբեր հետաքրքիր նկարներ էին ստացվում»,-հիշում է ապագա բժիշկը՝ ավելացնելով, որ սիրում է դիմանկարներ, բժշկական ատլասներ նկարել:

Ալիսան առաջիկայում նախատեսում է զբաղվել գիտական գործունեությամբ՝ խորանալ գիտության մեջ: Նրա կարծիքով՝ պրակտիկ բժշկության հետ մեկտեղ՝ գիտությունը բժշկության հիմնասյուներից է և կարևոր դեր ունի բժշկի՝ որպես մասնագետի կայացման հարցում:

Ուսանողը փաստում է՝ բժշկական համալսարանն իրեն տվել է գիտելիք, ընկերներ՝ ինչպես ուսանողների, դասախոսների, այնպես էլ ավագ գործընկերների շրջանում: ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ՝ ուսանողը պատրաստվում է հանդես գալ անակնկալ նախաձեռնությամբ:



                                                                     Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը