• Հայ
  • Рус
  • Eng

Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1925թ.-ին:

Հիմնադրման օրվանից մինչև 1928թ.-ը ամբիոնի վարիչը եղել է պրոֆեսոր Գ. Միրզա-Ավագյանը: Նա Անդրկովկասում առաջինն է կատարել սրտամկանից հրազենային գնդակի հեռացում:

Պատմություն

Հիմնադրվել է 1925թ.-ին:


1925-28թթ. ամբիոնի վարիչ է եղել պրոֆեսոր Գ.Ա. Միրզա-Ավագյանը: Նա անդրկովկասում առաջինն է կատարել սրտամկանից հրազենային գնդակի հեռացում:
1928-1930 թթ. ամբիոնը ղեկավարել է Հայաստանի վիրաբույժների ընկերության նախագահ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանը: Նա եղել է արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր (այժմ Ռ. Յոլյանի անվամբ), հրատարակել է «Ռազմադաշտային վիրաբուժություն» և «Մասնավոր վիրաբուժություն» դասագրքրեը:
1930-1959թթ.` ամբիոնի վարիչ է եղել պրոֆեսոր Խ.Ա. Պետրոսյանը: Նա անցել է մեծ դպրոց 1924-1930թթ.-ին դասավանդելով Տաշքենդի բժշկական ինստիտուտի տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում, որը ղեկավարել էր հայտնի վիրաբույժ, եպիսկոպոս, հումանիստ, պրոֆեսոր Վ.Ֆ. Վոյնո-Յասոնեցկին:
1937թ. առաջին անգամ Հայաստանում Պետրոսյանը կատարել է ոտքի բթամատի փոխպատվաստում ձեռքին` հիանալի ֆունկցիոնալ և կոսմետիկ արդյունքով: 1946թ. նրա ջանքերով Հայաստանում բացվել է Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության գիտահետազոտական ինստիտուտը: Պրոֆեսոր Խ.Ա. Պետրոսյանը եղել է գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանում օրթոպեդիայի և վնասվածքաբանության հիմնադիր, էվակոհոսպիտալների հայկական բազայի գլխավոր վիրաբույժ, վիրաբույժների համամիութենական կազմակերպության ղեկավար անդամ, Հայկական վիրաբուժական ասոցացիայի ղեկավար, մի շարք ամսագրերի խմբագրական խորհուրդների պատվավոր անդամ, ԽՍՀՄ առողջապահության կոմիտեի խորհրդի անդամ:
1959-1983թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Խ.Հ. Պետրոսյանի աշակերտ` պրոֆեսոր Ա.Ջ. Ճաղարյանը, որը 1958թ. կատարել է սրտի արատի առաջին վիրահատությունը Հայաստանում` հիմք դնելով Հայաստանում սրտային վիրաբուժությանը: Մոսկվայում կատարած կլինիկական դիտումների և անատոմիական հետազոտությունների հիման վրա կազմել է «Սրտի և խոշոր անոթների բնածին արատները» ատլասը, որի համար 1958թ. արժանացել է Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսի «Գրան Պրի» մեծ մրցանակի, իսկ 1959թ. ԽՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս Բուրդենկոյի անվան մրցանակի: Նա առաջինն է ներդրել դեմքի արտաքին կազմաբանության ուսումնասիրման մեթոդը և 1972թ. վերականգնել է Պետրոս Դուրյանի դեմքը: Վիրաբույժ, մարդաբան, անատոմ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, ԱՄՆ-ի հայ մասնագետների միության պատվավոր անդամ:
1983-1991թթ. ամբիոնի վարիչ է եղել դոցենտ Մ.Ի. Հովհաննիսյանը, որը հանդիսանում է օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիր:
1994-2008 թթ., այնուհետև 2011թ.-ից առ այսօր ամբիոնը ղեկավարում է պրոֆեսոր Ս.Լ. Օրդույանը: Նրա շնորհիվ նոր թափ է ստացել ամբիոնի ուսումնափորձարարական վիրասրահի օգտագործումը ուսումնական գործընթացում: Եթե նախկինում վիրասրահում կատարվում էր մոտ 10 վիրահատություն ուսանողական գիտական խմբակի ուսանողների կողմից, ապա 1994 թ.-ից վիրահատությունները սկսվեցին պարտադիր կատարվել յուրաքանչյուր ուսանողական խմբում, սկզբնական շրջանում մեկ անգամ ուսումնական տարվա ընթացքում, իսկ հետագայում յուրաքանչյուր կիսամյակում մեկ անգամ, հասցնելով վիրահատությունների քանակը մինչև 100: Ուսումնափորձարարական վիրասրահում ուսանողների կողմից կատարված նման աշխատանքը զգալիորեն նպաստեց նրանց գործնական հմտությունների ձևավորմանն ու կատարելագործմանը: Այդ տարիներին ամբիոնը ունեցել է նաև կլինիկական բազա «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը

Ամբիոնը դասավանդում է բարձրագույն և հետբուհական կրթության համակարգերում: Առարկայի դասավանդումը իրականացվում է երեք լեզուներով (անգլերեն, ռուսերեն, հայերեն):
Ուսուցումը կատարվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողների (մեկ կիսամյակ), ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողների (երկու կիսամյակ) և «ստոմատոլոգիա» մասնագիտության կլինիկական օրդինատորների (5 օրանոց ցիկլ) համար:

Ուսումնական գործնթացը տարվում է երկու ուղղություններով՝
1. Տեսական գիտելիքների ուսուցում:
2.Գործնական հմտությունների դասավանդում:

Այդ աշխատանքներում կիրառվում են ժամանակակից բազմապիսի դիտակտիկ նյութեր և ուսումնաօժանդակ պարագաներ, որոնց մեջ ընդգրկված են նաև ուսումնական մուլյաժներ, վիրաբուժական կարի պարագաներ, ուսումնական ֆիլմեր: Գործնական հմտությունների դասավանդման ընթացքում մեծ նշանակություն է տրվում ուսանողների աշխատանքին` ուսումնափորձարարական վիրասրահում: Այստեղ ուսանողները ծանոթանում են վիրասրահի աշխատանքների կազմակերպմանը, ինչպես նաև դասախոսների հսկողության ներքո ինքնուրույն կատարում են վիրահատություններ փորձարարական կենդանիների վրա:
Ամբիոնում մեծ տեղ է տրվում ուսանողների ուսումնահետազոտական և գիտահետազոտական աշխատանքներին: Ամբիոնին կից գործում են ուսանողական գիտական խմբակ, որի շրջանակներում ուսանողները հանդես են գալի ռեֆերատիվ զեկուցումներով, որոնք ավարտում են տարեկան ամփոփիչ գիտական կոնֆերանսով: Խմբակի շրջանակներում իրականացվում է ուսանողների գործնական հմտությունների կատարելագործում, ինչը ամփոփվում է ամբիոնում անցկացվող ներբուհական և միջազգային օլիմպիադաներում:
Դասավանդման ընթացքում մեծածավալ գրականության հետ միասին, ուսանողները օգտվում են նաև ամբիոնի կողմից անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով հրատարակված ուսումնամեթոդական ձեռնարկներով:
Գործում է նաև ամբիոնի բլոգը, որում ներկայացված են ամբիոնի դասախոսությունները, ժամանակակից գրականությունը և ատլասները:

Գիտահետազոտական աշխատանքները

Ամբիոնը գիտական հետազոտությունները ուղղված են սուր աղիքային անանցանելիության պաթոգենեզի ուսումնասիրությանը: Ամբիոնի աշխատակիցների կողմից մշակվել է սուր աղիքային անանցանելիության մոդել: Աշխատանքներում ընդգրկված են նաև ուսանողական գիտական խմբակի ուսանողները: Ամբիոնի աշխատակիցները բազմիցս հանդես են եկել ելույթներով` միջազգային և հանրապետական գիտաժողովներում, և հրատարակել են գիտական աշխատություններ «սուր աղիքային անանցանելիության » մոդելի և պաթոգենեզի վերաբերյալ, «երկարատև գերճնշման համախտանիշի» պաթոգենեզի, կլինիկայի և բուժման հարցերի վերաբերյալ: Ամբիոնում կատարվել է գիտական աշխատանք աղեկարի տարբեր տեսակների համեմատական բնութագրի և մոդիֆիկացիաների վերաբերյալ: Առաջարկվել է աղեկարի սեփական եղանակ:
Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝

  • Սուր աղիքային անանցանելիության
  • Երկարատև գերճնշման համախտանիշի ուսումնասիրություն
  • Աղեկարի ամրության ապահովման հարցերի ուսումնասիրություն

Համագործակցություն

Գործնական պարապմունքների և դասախոսական նյութերի պատրաստման ժամանակ Հերացու անվան ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնը սերտ համագործակցում է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Պետական Բժկական Համալսարանի(ՄՊԲՀ)տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության և Չուվաշիայի Պետական Համալսարանի(ՉԳՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ու նորմալ անատոմիայի ամբիոնների հետ: Քննարկվում են ինչպես դասախոսությունների, այնպես էլ գործնական պարապմունքների անցկացմանը նվիրված հարցեր, ու, հատուկ շեշտադրումով՝ գործնական հմտությունների դասավանդմանը: Քննարկվում են փորձարարական վիրասրահի աշխատանքի, կարեր դնելու մուլյաժների և այլ գործնական հմտություններ տիրապետելու հարցեր:

ԵՊԲՀ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում ուրույն տեղ է հատկացվում ուսանողների ուսումնա-հետազոտական (ՈւՈւՀԱ) աշխատանքին և գործնական հմտությունների դասավանդմանը: Քանի որ այս հարցերում կարևոր դերը պատկանում է ուսանողական գիտական խմբակի աշխատանքին, ամբիոնը այս ոլորտում էլ սերտ համագործակցում է Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Պետական Բժկական Համալսարանի(ՄՊԲՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության և Չուվաշիայի Պետական Համալսարանի(ՉԳՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ու նորմալ անատոմիայի ամբիոնների հետ:

Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Պետական Բժկական Համալսարանի(ՄՊԲՀ) տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի հետ ուսանողական գիտական խմբակի շրջանակներում սեմինարային ու դասախոսական դասընթացների պատրաստման և անցկացման, գործնական հմտությունների դասավանդման, ինչպես նաև, գիտական ուսանողական ռեֆերատիվ աշխատանքների պատրաստման համատեղ աշխատանք է տարվում: Քննարկվում են ուսանողական օլիմպիադայի պատրաստման ու անցկացման հարցեր, միջազգային չափանիշներին և ծրագրերին համապատասխան, որոնք ներկայացվել են Մոսկվայի Ի.Մ.Սեչենովի անվան Առաջին Պետական Բժկական Համալսարանի կողմից:

ՉԳՀ-ի հետ համագործակցությունը արտացոլվել է համատեղ օլիմպիադայի կազմակերպմամբ ու անցկացմամբ, որը տեղի է ունեցել 2016թ. ապրիլի 23-ին Հերացու անվան ԵՊԲՀ-ում՝ ՌԴ-ում անցկացվող օլիմպիադաների դրույթների և ծրագրերի համաձայն, որոնք ներկայացվել են ՉԳՀ-ի մեր գործընկերների կողմից: Ներկայումս մշտական կապեր են պահպանվում ուսանողական գիտական խմբակի աշխատանքի կազմակերպման և համակարգման ու օլիմպիադային ուսանողների պատրաստման կապակցությամբ, «Տեղագրական անատոմիա և օպերատիվ վիրաբուժություն» առարկայի դասավանդման յուրահատկությունների փոխանակման վերաբերյալ ՝ հաշվի առնելով դիդակտիկ նյութերի օգտագործումը, ինչպես նաև ուսանողական գիտական խմբակի աշխատանքների համար նախատեսված մուլյաժների պատրաստման և գործնական պարապմունքների կապակցությամբ:

Աշխատակազմ