• Հայ
  • Рус
  • Eng

Բժշկական քիմիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1922թ -ին:

1922թ -ին Երևանի Պետական Համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա նորաստեղծ բժշկական ֆակուլտետի համար ստեղծվեց ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոն: Ամբիոնի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները: Ամբիոնի հետագա զարգացման համար կարևոր փուլ հանդիսացավ բժշկական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ, իսկ այժմ բժշկական համալսարան: Այնուհետև ամբիոնը վերանվանվել է. 1967թ.՝ անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982թ.՝ ընդհանուր քիմիայի, 1993թ.՝ ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի, 2008թ.`բժշկական քիմիայի ամբիոն:

Պատմություն

Հիմնադրվել է 1922թ -ին:

1922թ -ին Երևանի Պետական Համալսարանի անօրգանական քիմիայի ամբիոնի հիման վրա նորաստեղծ բժշկական ֆակուլտետի համար ստեղծվեց ընդհանուր քիմիայի ինքնուրույն ամբիոն: Ամբիոնի մեջ միավորվում էին ընդհանուր և անալիտիկ քիմիայի դասընթացները: Ամբիոնի հետագա զարգացման համար կարևոր փուլ հանդիսացավ բժշկական ֆակուլտետի անջատումն իբրև ինքնուրույն ինստիտուտ, իսկ այժմ բժշկական համալսարան: Այնուհետև ամբիոնը վերանվանվել է. 1967թ.՝ անօրգանական, անալիտիկ և կլինիկական քիմիայի, 1982թ.՝ ընդհանուր քիմիայի, 1993թ.՝ ընդհանուր և կենսաօրգանական քիմիայի, 2008թ.`բժշկական քիմիայի ամբիոն:

Ամբիոնի 1922թ.-ին հիմնադիրն է Ս.Պ Ղամբարյանը (1879-1948), գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, օրգանական քիմիայի հիմնադիրը ՀՍՍՀ-ում: Նրա ջանքերով են կազմակերպվել և նրա կողմից ղեկավարվել օրգանական քիմիայի ամբիոնները նաև համալսարանում, գյուղատնտեսական, պոլիտեխնիկական և անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտներում:

Հ.Հ. Ակունյանը (1924-37թթ.), 1900 – 1901 թվականներին Բեռլինում գրել է յուրօրինակ ձեռնարկ անօրգանական քիմիայից, որի համար պարգևատրվել է: 1938 թվականին պաշտպանել է թեզ և ստացել ք.գ.դ. –ի կոչում:

Պրոֆ. Ա.Լ. Մնջոյանի ղեկավարությամբ (1937-39թթ.) ամբիոնը միանում է օրգանական քիմիայի ամբիոնի հետ:

1939-66թթ. ամբիոնը ղեկավարել է ք.գ.դ., պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Ա.Ք. Հարությունյանը: Ա.Ք. Հարությունյանի կողմից առաջին անգամ գրվել է ձեռնարկ, ուսումնական գործնական աշխատանքների համար, անալիտիկ քիմիայից (որակական և քանակական անալիզ) հայերեն և ռուսերեն լեզուներով:

Անցած տարիների ընթացքում նախապատրաստական ֆակուլտետի և առաջին կուրսի ուսանողներին ամբիոնում դասավանդվել են անօրգանական, ընդհանուր, անալիտիկ, կոլոիդ, օրգանական, կենսաֆիզիկական, կենսաօրգանական քիմիա առարկաները: 1990թ.-ն ֆիզկոլոիդ և անալիտիկ քիմիաների, իսկ 2006թ.-ին նաև նախապատրաստական բաժանմունքում անօրգանական և օրգանական քիմիա առարկաների դասավանդումը տեղափոխվել է դեղագիտական քիմիայի ամբիոն:

Ամբիոնի աշխատակազմը դասավանդմանը զուգահեռ կատարել է նաև բազմաբնույթ գիտական հետազոտություններ: Ուսումնասիրվել են Հանրապետության տարածքի հողերում և բույսերում առկա միկրոտարրերի քանակական բաղադրությունը, բուժիչ ցեխերի և տորֆերի ֆիզիկաքիմիական հատկությունները, Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի արտահոսող ջրերի կազմը և մշակվել դրանց մաքրման եղանակները, մշակվել են սպիտակուցների քանակական որոշման մի շարք մեթոդներ: Պրոֆեսոր Է.Ե. Մխեյանի (1967-81թթ.) ղեկավարությամբ ուսումնասիրվել է սրտանոթային հիվանդությունների ժամանակ գլիկոսֆինգոլիպիդների դերը և սիմպաթիկ նյարդային համակարգի տրոֆիկ ադապտացիոն ազդեցության մեխանիզները: 1982թ. ՀՍՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Գ.Ա. Չուխաջյանի ղեկավարությամբ աշխատանքներ են կատարվել պոլիմերային թաղանթների և այլ օժանդակ միջոցների ստեղծման ուղղությամբ բժշկական պրակտիկայում կիրառելու համար: Մասնավորապես, մշակվել է երկշերտ ինքնասոսնձվող կիսահամատեղելի,դիպլեն կոչված թաղանթը, որը  ԽՍՀՄ ֆարմակոլոգիական կոմիտեի թույլտվությունից հետո հաջողությամբ փորձարկվել է գործնական բժշկական տարբեր բնագավառներում (աչքի հիվանդություններ, վիրաբուժություն, ստոմատոլոգիա):

1993թ-ից ամբիոնը ղեկավարում է կ.գ.դ., պրոֆեսոր Մ.Մ.Մելքոնյանը: Նա բազմաթիվ գիտական ընկերությունների և խորհուրդների անդամ է:  Զեկուցումներով հանդես է եկել մի շարք տեղական և միջազգային գիտաժողովներում (Ռուսաստան, ԱՄՆ, Գերմանիա, Բելգիա, Թուրքիա, Հունաստան, Ֆրանսիա): Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով, ԵՊԲՀ-ի ոսկե և վարչապետի հուշամեդալներով: Նրա ղեկավարությամբ ամբիոնի ուսումնական և գիտական գործունեությունը թևակոխեց նոր ժամանակաշրջան: 

Վերջին տասնամյակներում ամբիոնի գիտական գործունեությունը նվիրված է եղել մարդկության համար չարիք հանդիսացող ակուստիկ սթրեսի զարգացման կենսաքիմիական մեխանիզմների պարզաբանմանը. աղմուկի ազդման արդյունքում առաջացող ֆիզիկա-քիմիական տեղաշարժերի մեխանիզմների ուսումնա­սիրու­թյանը և դրանց կարգավորմանը՝ հակաօքսիդանտային ակտիվու­թյամբ օժտված բնական և սինթետիկ ծագման միացությունների օգնությամբ:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցումը

Ամբիոնում առարկաների ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբուժական ֆակուլտետների առաջին կուրսի և մինչև 2016թթ. քոլեջի ուսանողների համար: Ամբիոնում ուսուցումը տարվում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով. դասավանդվում է երկու առարկա՝ կենսաֆիզիկական քիմիա և կենսաօրգանական քիմիա, որոնք նախատեսված են ուսանողներին ծանոթացնելու կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ֆիզիկաքիմիական պրոցեսներին, նրանց դերին և նշանակությանը:

Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութը ուսանողներին մատուցվում է դասախոսությունների, գործնական աշխատանքների և լաբորատոր փորձերի տեսքով: Համաձայն ծրագրային պահանջների կիրառվում է ինքնուրույն աշխատանքի եղանակը: Լայնորեն կիրառվում են բազմապիսի դիդակտիկ նյութեր; դասախոսությունների նյութը ներկայացվում է POWER POINT եղանակով, ընթացքում ցուցադրվում են համապատասխան ֆիլմեր, համակարգչային մոդելներ: Գործնական պարապմունքների մի մասն են կազմում լաբորատոր աշխատանքները, որոնց ընթացքում ուսանողները ձեռք են բերում քիմիական լաբորատորիայում աշխատելու փորձ, սովորում են ինքնուրույն կատարել պարզ գործողություններ: Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաներից մշակվել է հարուստ թեստային բանկ երեք լեզուներով: Ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր առարկայից (կենսաօրգանական և կենսաֆիզիկական քիմիա) անց է կացվում  թեստային հարցում, որը կատարվում է հարցաթերթիկներով՝ կազմված Համալսարանում ընդունված կարգի համաձայն: Գիտելիքների վերջնական գնահատումը կատարվում է համակարգչային քննությունով կամ ստուգարքով: Գործունեության ընթացքում ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը հրատարակել է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով դասագրքեր և ձեռնարկներ՝ «Կենսաօրգանական Քիմիա», «Կենսաօրգանական Քիմիա, թեստային հարցաշար», «General Chemistry, Biophysical Chemistry», «General Chemistry, Biophysical Chemistry» multiple choice questions,  «Ընդհանուր Քիմիա, Կենսաֆիզիկական Քիմիա», «Ընդհանուր Քիմիա, Կենսաֆիզիկական Քիմիա, թեստային հարցաշար», «Обшая Химия, Биофизическая Химия», «Обшая Химия, Биофизическая Химия» сборник тестовых заданий, «Selected  Lectures in Organic and Bioorganic Chemistry», «Bioorganic Chemistry» multiple choice questions,   և մի շարք մեթոդական ձեռնարկներ լաբորատոր աշխատանքները կատարելու համար:

Ամբիոնում մշտապես գործում է ուսանողական գիտական խմբակ, որի անդամները մասնակցում են նաև փորձարարական հետազոտու­թյունների անցկացմանը: Ամբիոնը ապահովում է ուսանողների ներգրավվածությունն գիտական խմբակի աշխատանքներին: Յուրաքանչյուր տարի ուսանողական աշխատանքները հրապարակավ զեկուցվում են ուսանողական կոնֆերանսների շրջանակներում, իսկ լավագույն զեկուցողներն արժանանում են պատվոգրերի:

 

Գիտահետազոտական աշխատանքները

Վերջին տարիների ընթացքում ամբիոնը զբաղվում է «Նոր սինթեզված օրգանական միացությունների հակասթրեսային և հակաօքսիդանտային հատկությունները և դրանց կիրառման արդյունավետությունը աղմկային սթրեսի պայմաններում» (բազային ֆինանսավորման ծրագրում) գիտական թեմայի կատարմամբ:

Ամբիոնը զբաղվում է ՀՀ-ում սինթեզված օրգանական միացությունների հակասթրեսային, հակաօքսիդանտային, հակահիպօքսիկ  հատկությունների և դրանց կիրառման արդյունավետության ուսումնասիրությամբ աղմկային սթրեսի պայմաններում և մի շարք նեյրոդեգեներատիվ հիվանդությունների մոդելների վրա:

Նորմայում և ակուստիկ սթրեսի պայմաններում գլխուղեղի և լյարդի միտոքոնդրիումային ֆրակցիաներում, արյան պլազմայում և էրիթրոցիտար թաղանթներում in vivo և in vitro փորձերում ուսումնասիրվել են ազատ-ռադիկալային օքսիդացման պրոցեսների ինտենսիվության փոփոխությունները, ֆոսֆոլիպիդների քանակական և որակական տեղաշարժերը, տոկոֆերոլի և ցիտոկինների պարունակությունը, արյան սպիտակուցների օքսիդացումը, իմունոգենեզի օրգանների մորֆոլոգիական կազմը, սրտի օրնիտինդեկարբօքսիլազի ակտիվությունը, թաղանթների ֆիզիկա-քիմիական հատկությունները, փորձարարական կենդանիների կոգնիտիվ ցուցանիշները, ինչպես նաև բեդիտին և մեսեդին α2-սելեկտիվ ադրենոբլոկատորների կիրառման պայմաններում:

Ստացված արդյունքների հիման վրա պաշտպանվել են չորս թեկնածուական ատենախոսություն:

Համատեղ Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի (Գերմանիա) լաբորատորիայի հետ հաշվի առնելով  նախկինում  ստացված և սեփական տվյալները, այժմ ուսումնասիրվում են տվյալ միացությունների  ազդեցությունը գլխուղեղի հյուսվածքային կուլտուրայում բջիջների (նեյրոնների և աստրոգլիայի) գոյատևման վրա նորմայում և հիպօքսիայի պայմաններում,  ինչպես նաև Ալցհեյմերի հիվանդության մոդել հանդիսացող տրանսգենային մկների գլխուղեղի կեղևում և հիպո­կամպում նեյրոնների գոյատևման և բետա-ամիլոիդի առաջացման վրա: Կատարվում է STHdh Q111/Q111 բջջային կուլտուրայում (Հանտիգտոնի հիվանդության մոդել) մեսեդինի ազդեցության ուսումնասիրությունը ցիտոտոքսիկության, նեյրոգենեզի, սինապտիկ գրգիռների փոխանցման, հանտիգտին սպիտակուցի քանակական տեղաշարժերի  վրա:

Նախատեսվում է շարունակել ուսումնասիրել α2-սելեկտիվ ադրենոբլոկատորներ բեդիտինի և մեսեդինի տարբեր չափաբաժինների ազդեցությունը բոլոր նշված մոդելների վրա( in vitro և in vivo):

AutodockVina-4 ծրագրի կիրառմամբ Կատարվել է համեմատական DOCKING  անալիզ՝  «Մեսեդին» և «Բեդիտին» պրեպարատների և գրականությունից հայտնի նրանց 5 անալոգների ներմոլեկուլային փոխազդեցությունները α2 և β ադրենէրգիկ ռեցեպտորների (ընկալիչների) վիրտուալ 3 մոդելների ակտիվ կենտրոնների հետ:

 

Համագործակցություն

ԵրՊԲՀ–ի Բժշկական քիմիայի ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է
ԵրՊԲՀ–ի  Գիտական կենտրոնի, ՀՀ Գիտությունների ակադեմիայի Նուրբ Օրգանական քիմիայի ինստիտուտի, Թյուբինգենի համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի լաբորատորիայի, ՀՊՃՀ «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում և որակի վերահսկում» բազային գիտահետազոտական լաբորատորիայի հետ:

Աշխատակազմ