• Հայ
  • Рус
  • Eng

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոն

Պատմություն

Ամբիոնը հիմնադրվել է 1924թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Հիմնադիրը և առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Լևոն Ճգնավորյանը: 1906թ.-ին նա ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1924թ.-ին հրավիրվել է Երևան և նշանակվել պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև գիտահետազոտական գործունեությամբ: Ուշադրության են արժանի նրա «Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի հումորալ տեսություն», «Լեղապարկի հիվանդությունների պատճառագիտության հարցի շուրջ», «Օրգանների ախտաբանական անատոմիայի դասագիրք» աշխատությունները: Լևոն Ճգնավորյանը ամբիոնը ղեկավարել է 1924-1934թթ.-ին:

Պատմություն 

Ամբիոնը հիմնադրվել է 1924թ.-ին, Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմում: Հիմնադիրը և առաջին վարիչը եղել է պրոֆեսոր Լևոն Ճգնավորյանը: 1906թ.-ին նա ավարտել է Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետը: 1924թ.-ին հրավիրվել է Երևան և նշանակվել պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի ախտաբանական ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: Մանկավարժական աշխատանքին զուգընթաց զբաղվել է նաև գիտահետազոտական գործունեությամբ: Ուշադրության են արժանի նրա «Ենթաստամոքսային գեղձի աշխատանքի հումորալ տեսություն», «Լեղապարկի հիվանդությունների պատճառագիտության հարցի շուրջ», «Օրգանների ախտաբանական անատոմիայի դասագիրք» աշխատությունները: Լևոն Ճգնավորյանը ամբիոնը ղեկավարել է 1924-1934թթ.-ին:

1930թ.-ից ամբիոնը սկսել է գործել ԵՊԲՀ-ի կազմում:

1934-1935թթ.-ին ամբիոնը ղեկավարել է Շ. Շուբենկոն, 1935-1943թթ.-ին` Ի. Բախրոմեևը (համատեղությամբ), 1943-1951թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1951-54թթ.-ին` Սուսաննա Բադալյանը, 1954-1970թթ.-ին` Ասատուր Սարգսյանը, 1970-1994թթ.-ին` Սահակ Խաչատրյանը, 1994-2006թթ.-ին` Գրիզելդա Նավասարդյանը, 2006-2011թթ.-ին` Սամվել Ավետիսյանը, 2011-2014թթ.-ին` Արտեմ Գրիգորյանը:

2014թ.-ի մայիսից ամբիոնը կրկին ղեկավարում է Սամվել Արծրունու Ավետիսյանը:

Ամբիոնի կայացման, ուսումնագիտական և կադրերի պատրաստման գործում մեծ ներդրում է ունեցել գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ա. Սարգսյանը, ով 24 տարի ղեկավարել է այն: Նա ԵԲԻ-ն ավարտել է 1931թ.-ին: 1939թ.-ին «Օրգանիզմի լեյկոցիտար ռեակցիան գերտաքացման ժամանակ» թեմայով պաշտպանել է թեկնածուական, իսկ 1956թ.-ին` «Հակամալարիային պրեպարատների ազդեցության ախտաբանաֆիզիոլոգիական բնութագիրը» թեմայով դոկտորական ատենախոսությունները: Նշանակալի է պրոֆեսոր Ա. Սարգսյանի ավանդը հայ բժշկագիտության մեջ: Նա եղել է օրգանիզմի մահացման և վերակենդանացման օրինաչափությունների փորձարարական ուսումնասիրությամբ զբաղվող ախտաֆիզիոլոգների գիտական դպրոցի հիմնադիրը Հայաստանում: Հատկապես արժեքավոր են նրա ղեկավարած կոլեկտիվի գիտական ուսումնասիրությունները պրոֆեսիոնալ թունավորումների և ռեանիմատոլոգիայի ասպարեզներում: Ա. Սարգսյանը եղել է նաև Հայաստանի ախտաբան-ֆիզիոլոգների գիտական ընկերության հիմնադիրն ու անփոփոխ ղեկավարը մինչև իր կյանքի վերջը:

ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Ս. Խաչատրյանի՝ ամբիոնի ղեկավարման տարիներին շարունակվել են օրգանիզմի սահմանային վիճակների և հետռեանիմացիոն շրջանի փորձարարական ուսումնասիրությունները, ինչպես նաև որոշակի հետազոտական աշխատանքներ են տարվել մթնոլորտային գերճնշման պայմաններում օրգանիզմում ընթացող մետաբոլիկ-ֆունկցիոնալ տեղաշարժերի պարզաբանման ուղղությամբ: Պաշտպանվել են թեկնածուական թեզեր, տպագրվել են հոդվածներ և թեզիսներ, արվել են տպագիր հրապարակումներ:

Ամբիոնի կայացման, ուսումնագիտական արդյունավետ գործընթացի ապահովման մեջ իրենց անուրանալի ներդրումն ունեն դոցենտներ Շ. Բադալյանը, Է. Աթաջանյանը, Գ. Ադամյանը, Մ. Մարտիրոսյանը, Ա. Պապյանը:

Ամբիոնի գործունեության արդիականացման գործում մեծ դեր է կատարել պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը: Նրա ղեկավարման տարիներին ախտաֆիզիոլոգիայի դասավանդման մեջ առաջնայնությունը տրվել է ժամանակակից գիտելիքի ներկայացմանը, տարվել է մեծածավալ մեթոդական աշխատանք, որի պտուղներն առկա են մինչ այժմ: 1995թ.-ին նա հեղինակել է հայերեն լեզվով ախտաֆիզիոլոգիայի առաջին դասագիրքը` «Երկխոսություններ ախտաֆիզիոլոգիայի հարցերի շուրջ» վերնագրով: Հետագայում նրա և ամբիոնի անձնակազմի ջանքերով հրատարակվել է նաև մասնավոր ախտաֆիզիոլոգիայի ձեռնարկը: Պրոֆեսոր Գ. Նավասարդյանը հեղինակն է «Ընդհանուր ախտաֆիզիոլոգիա» դասագրքի (2007 թ.), որը ԿԳՆ կողմից հաստատված է որպես բուհական դասագիրք: Նա Հայաստանի ախտաֆիզիոլոգների և ախտաբանների ընկերակցության հիմնադիրն ու նախագահն է:

2006թ.-ից սկսած՝ Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ ամբիոնում իրագործվել են մի շարք բարեփոխումներ, հարստացվել է ժամանակակից պահանջներին համապատասխանող թեստերի բազան:

Դասավանդման բարձր մակարդակով և կարգապահությամբ այսօր էլ ամբիոնը շարունակում է մնալ լավագույններից մեկը, ինչի վկայությունը ԵՊԲՀ-ի Ուսանողական խորհդարանի կողմից ամբիոնին տրված «2010-2011 ուստարվա լավագույն ամբիոն» և «2013-2014 ուստարվա լավագույն ամբիոն» պարգևներն են:

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

«Ախտաֆիզիոլոգիա» առարկայի ուսուցումն իրականացվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների ձևով: Նախադիպլոմային ուսուցման շրջանակներում այն դասավանդվում է 2-րդ և 3-րդ կուրսերում.

  • ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և ռազմաբժշկական ֆակուլտետներում` 2 կիսամյակների ընթացքում, 3-րդ կուրսում,
  • դեղագիտական ֆակուլտետում՝ 2-րդ կուրսի գարնանային կիսամյակում և 3-րդ կուրսի աշնանային կիսամյակում:

Կլինիկական օրդինատորների համար գարնանային կիսամյակում կազմակերպվում է նաև կլինիկական ախտաֆիզիոլոգիայի կուրս:

Գործնական պարապմունքների հիմնական նպատակն ախտաֆիզիոլոգիական անալիզի հմտության ձեռքբերումն է: Այդ նպատակով ուսանողներին առաջադրվում են իրավիճակային խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է ոչ միայն իմանալ տարբեր հիվանդությունների էթիոլոգիան և պաթոգենեզը, այլև ի վիճակի լինել կոնկրետ դեպքում այդ գիտելիքը կիրառել, զարգացնել բժշկական դատողությունն ու տրամաբանությունը: Ըստ այդմ, հարցումների և քննությունների ժամանակ թեստերի մի մասը ևս ներառում է այնպիսի հարցադրումներ, որոնք պահանջում են ոչ միայն վերհիշել սովորածը, այլև կիրառել ստացված գիտելիքը:

Գործնական պարապմունքների մի մասի ժամանակ ուսանողները հնարավորություն են ստանում ինքնուրույն մոդելավորելու այս կամ այն ախտաբանական պրոցեսը:

Որպես խնդրի հիման վրա կառուցվող ուսուցման (problem based learning) բաղադրիչ` պարբերաբար կազմակերպվում են կլոր սեղաններ, ուսանողական գիտաժողովներ (վերջին անգամ` Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ), որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնուրույն ուսումնասիրել և վերլուծել (ամբիոնի դասախոսների ուղղորդմամբ և խորհրդատվությամբ) հավելյալ գրականություն, այնուհետև գործընկերների առաջ ելույթ ունենալ, գիտական քննարկման մասնակից լինել: Այսպիսով, փորձեր են արվում ուսանողակենտրոն դասավանդման տարրերը ուսումնական գործընթացում իրագործելու ուղղությամբ:

Ուսանողակենտրոն դասավանդման դեպքում դասախոսը դառնում է ոչ թե սոսկ փաստերի հաղորդող, այլև քննարկման հմուտ ղեկավարող: Նրա խնդիրներն են`

  • ընտրել քննարկվող թեմային համապատասխանող կլինիկական դեպք կամ սցենար,
  • այն մշակել այնպես, որ համապատասխանի ուսանողների ելքային մակարդակին (այս խնդիրը հաճախ լուծվում է ամբիոնի կազմի ընդհանուր ուժերով),
  • գործնական պարապմունքի ընթացքում հետևել ուսանողների կողմից իրագործվող ախտաֆիզիոլոգիական վերլուծությանը,
  • անհրաժեշտության դեպքում տալ կողմնորոշիչ հարցեր,
  • կատարել որոշակի ուղղորդումներ:

Վերջին 15 տարիների ընթացքում ամբիոնում մեծ աշխատանք է տարվել ախտաֆիզիոլոգիայի դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքի վերակառուցման ուղղություններով: Դրան մեծապես նպաստել են պարբերաբար իրագործվող մեթոդական քննարկումները, մշտապես թարմացվող թեստային բազան, համակարգչային Power Point ծրագրով ներկայացվող թեմաները:

Ուսումնական գործընթացի արդյունավետությանը մեծապես նպաստել է նաև դասախոսական կազմի ուժերով տարբեր լեզուներով դասագրքերի, ուսումնական և մեթոդական ձեռնարկների հրատարակումը:

2008թ.-ից, որպես տեղեկատվության և հաղորդակցման արդյունավետ միջոց, կիրառվում է ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի բլոգը` http://pathphys.livejournal.com/, որտեղ տեղադրվում են դասախոսությունների ներկայացման էլեկտրոնային տարբերակները, հայտարարություններ, հարցաշարեր, հետաքրքիր հոդվածներ և այլն:

Ամբիոնը Ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ կազմակերպում է նաև օլիմպիադաներ՝ ախտաֆիզիոլոգիայի տարբեր հարցերի շուրջ (2014թ.-ի աշնանը «Հիպօքսիա» և «ԹՀՀ խանգարումների ախտաֆիզիոլոգիա» թեմաներով, որին մասնակցել է տարբեր ֆակուլտետների 30 ուսանող):

2015թ.-ի մայիսին ամբիոնում տեղի է ունեցել պոստերների մրցույթ մասնավոր ախտաֆիզիոլոգիայի տարբեր թեմաների շուրջ՝ 3-րդ և 4-րդ կուրսերի անգլալեզու և հայալեզու ուսանողների մասնակցությամբ:

2015թ.-ի աշնանային կիսամյակում ամբիոնում անցկացվել են կլինիկական դեպքի վրա հիմնված ուսուցում «Բջջի վնասում», «Միկրոցիրկուլյացիայի խանգարումներ» և «Հիպօքսիա» թեմաներով անգլերեն և հայերեն լեզուներով՝ բարձր կուրսերի ուսանողների մասնակցությամբ: Նույն կիսամյակում կազմակերպվել է նաև ուսանողական զեկույցների օր «Քաղցկեղ» և «Նյութափոխանակության խանգարումներ» թեմաներով՝ 3-րդ կուրսի անգլալեզու և հայալեզու ուսանողների համար: Նմանատիպ զեկույց-քննարկումները ամբիոնում կրում են շարունակական բնույթ:


 Գիտահետազոտական աշխատանքներ 

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքներն ունեն 2 հիմնական ուղղություն`

  • կրկնվող սակավաշարժության, որպես համապարփակ վտանգի գործոն, ախտաֆիզիոլոգիայի խնդիրներ,
  • աուտոբորբոքային հիվանդությունների ժամանակ բնական իմուն համակարգի վիճակի և նրա կանոնավորման հարցերի պարզաբանում:

2011-2012թթ.-ին, բազային ֆինանսավորման շրջանակներում, ամբիոնում կատարվում է «Տարբեր տարիքի հիպոկինետիկ առնետների կոգնիտիվ-վարքային տեղաշարժերի ախտաֆիզիոլոգիական մեխանիզմների առանձնահատկությունները» թեման:

Վերջին տարիներին ամբիոնի անձնակազմը մասնագիտացել է կենդանական տարբեր մոդելներում վարքային հետազոտությունների անցկացման հարցում: Աշխատանքների մեջ ընդգրկված է ամբիոնին կից ուսանողական գիտահետազոտական խումբը, որը ղեկավարում են ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող Վահե Մկրտչյանը և Լիանա Այրապետյանը: 2009թ.-ին այս խմբի ջանքերով անգլերենից հայերեն լեզվով թարգմանվեց «Նեյրոգիտություն» գիտահանրամատչելի գրքույկը:

2015թ.-ի հուլիսի 6-15-ն անցկացվել է «Ախտաֆիզիոլոգիան արծվի թռիչքի բարձրությունից» ամառային դպրոցը: Դպրոցի գլխավոր թեման էր հիվանդությունը՝ որպես ազդանշանման մեխանիզմների խանգարում դիտարկելը: Մասնակցում էին բժշկական կրթությամբ տարբեր կուրսերի 20 ուսանողներ, այդ թվում՝ 3 ուսանողներ Ռուսաստանից, մեկական ուսանող Չեխիայից և Սլովակիայից: Դասընթացներն անցկացվում էին անգլերեն լեզվով: 10 օրվա ընթացքում Ծաղկաձորում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու դասախոսություններ, թիմային աշխատանքով լուծելու հետաքրքիր խնդիրներ, մասնակցելու «Տխուր մակրոֆագի արկածները» ֆիլմի նկարահանումներին և այլն: Դպրոցի հիմնական կազմակերպչական աշխատանքները, դասընթացների կազմակերպումը և անցկացումը կատարվում էր ախտաֆիզիոլոգիայի ամբինոի դասախոսապրոֆեսորական աշխատակազմի կողմից: Դպրոցի հրավիրյալ դասախոսներից էին Էհուդ Կոհենը (Իսրայել), Զդենկո Կովաչը (Խորվաթիա), Մարտին Օպպերմանը (Գերմանիա), Մանիկ Գեմիլյանը (Հայաստան), Տիգրան Դավթյանը (Հայաստան), Արմեն Սանոսյանը (Ֆրանսիա): Ամառային դպրոցի ավարտին մասնակիցներին տրվեցին մասնակցության վկայականներ և 3 կրեդիտային միավոր:

Դպրոցի վերաբերյալ այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելեք մեր կայքը. http://www.pathophysiology.am/


Համագործակցություն 

Ամբիոնը համագործակցում է ԵՊԲՀ գրեթե բոլոր ստորաբաժանումների, առավել ակտիվ` Կենսաքիմիայի, Ընդհանուր քիմիայի ամբիոնների, Ուսանողական խորհրդարանի, կենտրոնական գիտահետազոտական լաբորատորիայի հետ: Համագործակցության որոշ փորձ կա նաև Հայկական բժշկական ասոցիացիայի հետ:

Միջազգային ասպարեզում ամբիոնը համագործակցում է Ախտաֆիզիոլոգների միջազգային ընկերակցության հետ, իսկ ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն այդ ընկերակցության վարչության անդամ է:

Ախտաֆիզիոլոգների Միջազգային Ասոցիացիայի շրջանակներում ամբիոնը համագործակցում է ոլորտի բոլոր առաջատար ներկայացուցիչների, այդ թվում՝ Լ.Պ. Չուրիլովի, Ա.Վ. Կուբիշկինի, Պ.Ֆ. Լիտվիցկու (Ռուսաստան), Զ. Կովաչի (Խորվաթիա), Է. Կոհենի (Իսրայել), Մ. Թրեմբլիի (Կանադա) և այլոց հետ:

Դասավանդման մեթոդների ոլորտում առավել բեղուն եղավ համագործակցությունը Զագրեբի Համալսարանի բժշկական ակուլտետի ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի և, հատկապես, վերջինիս ամբիոնի վարիչ պրոֆ. Ժդենկո Կովաչի հետ: Խնդիր-կենտրոնացված դասավանդմանը և ուսուցմանը հնարավոր եղավ հասնել ախտաֆիզիոլոգիական մշակումների և ընդհանրացումների շնորհիվ: Արդյունավետ համագործակցության ուղիներից մեկը եղավ Հայաստանում 2015թ.-ին կայացած ամառային դպրոցը, որի շրջանակներում պրոֆ. Կովաչը, Է. Կոհենը և Մ. Օպերմանը (Գերմանիա) մի քանի օրերի ընթացքում ներկայացրեցին իրենց մոտեցումներն ու մեթոդները, ինչպես նաև գրականությունը՝ նոր տեխնոլոգիաների և մեթոդաբանության կիրառման վերաբերյալ:

Առկա է նաև գիտական և մեթոդաբանական համագործակցություն Ղրիմի Վ.Ի. Վերնադսկիի անվան դաշնային համալսարանի Գեորգևսկու անվան բժշկական ակադեմիայի ընդհանուր և կլինիկական ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի հետ: Ներկայումս երկու ամբիոններն աշխատում են համատեղ գիտական աշխատանքի զարգացման ուղղությամբ:

Համագործակցության առանձնակի դրական արդյունքներ են ձեռք բերվել 2014թ.-ին Ռաբաթում կայացած Ախտաֆիզիոլոգիայի 7-րդ  Միջազգային Կոնգրեսի ընթացքում կազմակերպված սեմինարների և խմբային քննարկումների միջոցով, մասնավորապես՝ «Նեյրոգիտություն» և «Դասավանդման մեթոդաբանություն» ուղղություններում:

Սեչենովի անվան Համալսարանի (ՄՊԲՀ) հետ համագործակցությունը խոստումնալից է կլինիկական ախտաֆիզիոլոգիայի համատեղ օնլայն կուրսի իրականացման առումով:

 

 

Աշխատակազմ