Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng
Slideshow

Մաշկաբանության և սեռավարակաբանությանը ամբիոնը 95 տարեկան է

23.12.2016

Մեր երկրում մաշկասեռավարակաբանական ծառայության և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի հիմնադրման 95-ամյակին նվիրված միջոցառումն այսօր համախմբեց մասնագետներին ՀՀ ԱՆ Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում:

1921թ. Հայաստանում խորհրդային համակարգի հաստատումից հետո, Երևանի քաղաքային ամբուլատորիայում բացվեց մաշկավեներաբանական կաբինետ, որը և Հայաստանում մաշկասեռավարակաբանական ծառայության ստեղծման հիմք հանդիսացավ: Կաբինետի վարիչը դոցենտ Դ. Տեր-Գրիգորյանը Երևանը, Լենինականը և Կիրովականը մաշկավեներաբաններով համալրելու նպատակով՝ սկսեց բժիշկների համար մասնագիտական 3-ամսյա վերապատրաստումներ անցկացնել:

1921թ.-ի վերջերին այս քաղաքներում ևս քաղաքային ամբուլատորիաներում ստեղծվեցին մաշկավեներաբանական կաբինետներ: Նույն ժամանակահատվածում հիմնադրվեց Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը, որտեղ ուսանողներին սկսվեց դասավանդվել «Մաշկավեներոլոգիա» առարկան՝ որպես առանձին նոզոլոգիա: Ամբիոնի վարիչը նույն ինքը՝ դոցենտ Դ. Տեր-Գրիգորյանն էր:

Կենտրոնի 95-ամյակին նվիրված միջոցառմանը ներկա էին նաև բժշկական համալսարանի հետբուհական աշխատանքների գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը և կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը:

Ողջունելով և շնորհավորելով միջոցառման մասնակիցներին՝ պրոֆեսոր Մինասյանը նշեց, որ 95-ամյա կենտրոնը 1924թ. դրա բազայի վրա հիմնված ամբիոնի հետ մեկտեղ՝ մեծ նշանակություն ունի մասնագետների պատրաստման գործում, քանի որ հենց կենտրոնում են ապագա մասնագետները ստանում գործնական հմտություններ, հնարավորություն ունենում մասնակցել հիվանդների վարման ընթացքին:

95 տարի անց, այսօր էլ ծառայության հիմնական առանցքը և գիտամեթոդական համակարգումը կենտրոնացած է Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնում, որն իրականացնում է ոչ միայն բժշկական, այլև գիտամանկավարժական գործունեություն:

Նշենք, որ այս կենտրոնում են տեղակայված ԵՊԲՀ արդեն երկու՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության և Մաշկավեներաբանության և կոսմետոլոգիայի ամբիոններն՝ իրենց պրոֆեսորադասախոսական անձնակազմերով:

Միջոցառման ընթացքում ամբիոնների և կենտրոնի մի խումբ աշխատակիցներ արժանացան ՀՀ ԱՆ շնորհակալագրերի:

 

Announcements