Yerevan State Medical University after Mkhitar Heratsi

  • Հայ
  • Рус
  • Eng

ALIGN ծրագիր

ԵՊԲՀ-ն, լինելով առաջատարը բժշկական կրթության ոլորտում, իրականացնում է կրթական ծրագրերի բարեփոխումներ, որոնք միտված են ուսումնական գործընթացի բարելավմանը և կրթական ծրագրերի համապատասխանեցմանը միջազգային ծրագրերին՝ նպատակ ունենալով ընդլայնել միջազգային կապերը, ապահովել դասախոսների և ուսանողների շարժունությունը:

2010թ. ԵՊԲՀ-ն եվրոպական մի շարք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ մեկտեղ ընդգրկվել է ԵՄ »TEMPUS» ծրագրի կոնսորցիումում:

Տեմպուսի «Ակադեմիական ծրագրերի և որակավորումների շրջանակների միջև համապատասխանության ձեռք բերում և ստուգում» (ALIGN) նախագիծը հանդիսանում է նախկին «TEMPUS» ծրագրերի տրամաբանական շարունակությունը: Այն մեկնարկել է 2013 թ.-ի դեկտմեբրին և կշարունակվի մինչև 2016-ի նոյեմբեր ամիսը: ALIGN ծրագրի ընդհանուր նպատակը որակավորումների ըմբռնելիության, կայունության և փոխառնողականության խթանումն է` շնորհիվ բուհերում այնպիսի մեխանիզմների ձևավորման, որոնք հնարավորություն կտան ապահովելու կրթական ծրագրերի համապատասխանությունը որակավորումների ազգային շրջանակին (ՈԱՇ), ինչպես նաև որակի ապահովման գործակալություններին՝ ստուգելու այդ համապատասխանեցումը:

Ծրագրի Հայաստանյան մասնակիցներն են Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսսարանը (ԵՊԲՀ), Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ), Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզուների և հասարակական գիտությունների պետական համալսարանը (ԵՊԼՀ) , Հայաստանի Գործատուների Հանրապետական Միությունը (ՀԳՀՄ), Հայաստանի ուսանողական ազգային ասոցիանցիան (ՀՈւԱԱ) և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարաությունը: ALIGN-ի մասնակից են նաև Գերմանիայի, Ռուսաստանի, Իրլանդիայի, Միացյալ Թագավորության, Բելգիայի և Լեհաստանի մի շարք բուհեր: Ծրագիրը համակարգում է Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզուների և հասարակական գիտությունների պետական համալսարանը: Եռամյա ծրագրի ընթացքում գործունեությունը ծավալվելու է ութ աշխատանքային փաթեթների շրջանակներում: Ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ում կիրականացվի ընդհանուր բժշկության բակալավրի և դեղագիտության բակալավրի կրթական ծրագրերի փորձարկումը:

Ծրագրի մասնակիցների մեկնարկային հանդիպումը տեղի ունեցավ 17-18.01.2014 Երևանում՝ ԵՊԼՀ-ում: Հանդիպմանը ներկա էին 26 գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի համակարգող բուհի կողմից երկօրյա հանդիպման ընթացքում ներկայացվեց մեթոդաբանության, կառավարման և հիմնական գործունեության ուղղությունները՝ համապատասխան ժամանակացույցով: Բացի այդ՝ յուրաքանչյուր գործընկեր ներկայացրեց իր հաստատությունը, իր ներդրումը նախագծին և ակնկալվող արդյունքները:

ALIGN ծրագրի առաջին տեղային հանդիպման ժամանակ (08.07.2014 ԵՊԼՀ-ում) նախագծի կառավարման թիմը ներկայացրեց առաջիկա միջոցառումների ժամկետները (Գենթ և Դուբլին), ակնկալվող օժանդակությունը այդ աշխատանքներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեց մայիսի 4-7-ը Դյուսելդորֆ քաղաքում հիմնական աշխատանքային խմբի անդամների և IADT-ի (Իռլանդիայի արվեստի, դիզայնի, և տեխնոլոգիայի ինստիտուտ) կողմից մշակած ALIGN նախագծի աստիճանական իրականացման ուղեցույցի նախագիծը (աշխատանքային տարբերակով), որի վերաբերյալ ծրագրի մասնակից հաստատությունները ներկայացրին իրենց կարծիքներն ու առաջարկությունները: Վերջիններս գրավոր ներկայացվեցին նաև IADT-ի ներկայացուցիչներին: Հանդիպման ժամանակ ներկայացվեց նաև ALIGN նախագծի վեբ-կայքը և պահանջ ներկայացվեց մասնակից բուհերին ստեղծելու սեփական վեբ-էջերը:

28.09 – 01.10.2014 Բելգիայի Գենթ քաղաքում մեկնարկեց ALIGN նախագծի առաջին աշխատաժողովը, որի նպատակն էր ստեղծել ծրագրի գործընկերային միջավայր՝ օժանդակելով Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի գործընկերներին՝ հստակեցնելու իրենց պատկերացումները, սկզբունքները և լավագույն փորձը ծրագրերի դիզայնի բնագավառում: Այն կնպաստի համապատասխանեցնելու յուրաքանչյուր բուհի կրթական ծրագրերը Բարձրագույն կրթության եվրոպական տարածքի պահանջներին և ազգային որակավորումների շրջանակներին, ինչպես նաև կրթության որակի կառավարման բարելավման գործընթացներին:

Ծրագրի մասնակիցները ներկայացրին հետաքրքիր զեկուցումներ Բարձրագույն կրթության եվրպական տարածքի ինտեգրման և կրթական ծրագրերի հավատարմագրման՝ իրենց երկրների փորձի վերաբերյալ: Առանձին զեկուցմամբ ներկայացվեց կրթական ծրագրերի ստեղծման և գնահատման գործընթացում մասնագիտական միությունների դերը: Հանգամանալից քննարկվեցին կրթական ծրագրերի դիզայնի և ինքնագնահատման զեկույցի կազմման սկզբունքները: Կոնկրետ համալսարանների օրինակով պարզաբանվեցին ուսանողների ուսումնառության վերջնարդյունքների գնահատման սկզբունքները: Ընդգծվեց ուսանողակենտրոն ուսուցման ապահովման նպատակով հանգամանալից կրթական ծրագրի ուսանողական ձեռնարկի (ուղեցույցի) ստեղծման անհրաժեշտությունը: Եվրոպական գործընկերների օգնությամբ վերանայվեցին համալսարանների ներկայացրած ուսումնական որոշ ծրագրեր/մոդուլներ: Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ-ի ներկայացուցիչների հետ համատեղ մշակվեցին ծրագրի իրականացման հետագա գործողությունների պլանը և ժամանակցույցը:

08.12.2014 – 11.12.2014 Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ ALIGN նախագծի երկրորդ աշխատաժողովը: Հայ, ռուս և ուկրաինացի գործընկերները ակտիվորեն մասնակցեցին հանդիպմանը, որի նպատակն էր զարգացնել մոդուլի և ծրագրի ուսումնառության վերջնարդյունքներ գրելու կարողությունները և հմտությունները, ինչպես նաև մշակել ուսումնառության վերջնարդյունքների գնահատման ձևերը: Աշխատաժողովի ընթացքում ծրագրի կազմակերպիչները ներկայացրին հետաքրքիր զեկույցներ ներքին որակի ապահովման, բենչմարկինգի տարբեր մոդելների, Իռլանդիայի և Լեհաստանի ՈԱՇ-ի զարգացման էտապների և գործառույթների, անդրազգային բարձրագույն կրթության վերաբերյալ:

Արդյունավետ էին աշխատաժողովի կազմակերպիչների կողմից անցկացրած խմբային աշխատանքները՝ մոդուլի և ծրագրի ուսումնառության վերջնարդյունքներ գրելու, ինչպես նաև վերջիններիս գնահատման օրինակների վերաբերյալ: ԵՊԲՀ-ի աշխատանքային խմբի խնդրանքով կազմակերպվեց հանդիպում Իռլանդիայի Royal College of Surgeons-ի կրթական ծրագրերի պատասխանատուի հետ: Քննարկվեցին բազմաթիվ հարցեր՝ կրթակազմակերպչական և մեթոդաբանական ուղղություններով:

Ամփոփվեց առաջին և երկրորդ աշխատանքային փաթեթների ուղղությամբ իրականացրած աշխատանքների արդյունքները և մշակվեց գործողությունների հետագա պլանը:

Աշխատաժողովի վերջում Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի նախագահի կողմից հանդիսավոր պայմաններում բոլոր մասնակիցներին հանձնվեց վկայականներ:

2015թ. նոյեմբերի 13-14-ը, ALIGN TEMPUS ծրագրի շրջանակներում Մոսկվայի Շոլոխովի անվան պետական հումանիտար համալսարանում տեղի ունեցավ խորհրդաժողով` նվիրված կրթության որակի բարելավմանը և ուսուցման արդյունավետությանը, որին իրենց գործուն մասնակցությունն ունեցան Հայաստանի մի շարք բուհերի և գործակալությունների ներկայացուցիչներ:

Խորհրդաժողովի հիմնական նպատակը ծրագրի շահեկիցների լավագույն փորձի փոխանակումն էր: ԵՊԲՀ-ում այս ուղղությամբ կատարվող քայլերը ներկայացվեցին մեր թիմի կողմից:

Բացի այդ հանդիպման ընթացքում քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ կրթության որակի գնահատման միջազգային մոտեցումները տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառելիությունը կրթության վերջնարդունքների գնահատման գործում, կրթության արդյունավետ վերջնարդյունքների սահմանման խնդիրները: Աշխատանքային երկրորդ օրվա ընթացքում տեղի ունեցավ ALIGN ծրագրի կառավարման խորհրդի հանդիպում, այնուհետև՝ վարպետաց դաս՝ նվիրված ուսանողակենտրոն ուսուցմանը, որը վարեց Փոլ Հիլանդը Միացյալ Թագավորության Bath Spa համալսարանից: Ներկայացմանը կարող եք ծանոթանալ այստեղ:

14.12.-17.12.2015 ժամանակահատվածում ALIGN ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ն հյուրընկալեց եվրոպական փորձագետ, Լյուվենի համալսարանի պրոֆ. Անդրե Գովաերտին: Պրոֆեսորը համալսարանում հանդիպեց ռեկտոր Մ. Զ.Նարիմանյանին, պրոռեկտորներին և դեկաններին՝ ներկայացնելով իր այցի նպատակը, հանդես եկավ բարձրագույն կրթության վերաբերյալ դասախոսությունների շարքով („Բժշկական կրթությունը Բելգիայում», „Բենչմարկինգ», „Արդյունավետության հանգուցային ցուցիչներ», „Կրթական վերջնարդյունքներ», „Որակի ապահովումը բարձրագույն կրթական հաստատություններում», „Առաքելություն, տեսլական և որկավորումների շրջանակներ»), իսկ աշխատանքային թիմի հետ երեք օր շարունակ իրականացրեց կրթական մասնագիտական վերապատրաստումներ: Հանդիպման ժամանակ աշխատանքային թիմի անդամները ներկայացրեցին երկու տարվա ընթացքում ծրագրի շրջանակներում իրականացրած աշխատանքները (հայերենով թարգմանված ուսումնառության վերջնարդյունքների վրա հիմնված ծրագրի և դասընթացի ձևանմուշ և նրան կից ուղեցույց, ձևանմուշի հիման վրա ԵՊԲՀ 2 ՄԿԾ և նրանց դասընթացների նկարագրերի ստեղծում, դասընթացների հստակեցում և ստանդարտացում և այլն): Հանդիպման ընթացքում մշակվեց որակավորումների ազգային շրջանակի (ՈԱՇ) հետ կրթական ծրագրերի համապատասխանության ապահովման որոշ մեխանիզմներ: Հանդիպման վերջին օրը տեղի ունեցավ տեղեկատվական օր միջոցառումն, որին ներկա էին Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի տնօրեն Լանա Կառլովան, ALIGN ծրագրի կառավարման թիմը, ծրագրի մասնակից բուհերի, ինչպես նաև այլ բուհերի ներկայացուցիչներ: Ծրագրի համակարգող ԵՊԼՀՀ-ի ներկայացուցիչը ներկայացրեց ծրագրի նպատակները, խնդիրները և ձեռքբերումները:

02.11.-03.11.2016 ժամանակահատվածում ALIGN ծրագրի շրջանակներում ԵՊԲՀ-ն հյուրընկալեց եվրոպակյան և տեղացիր փորձագետներին՝ կրթական ծրագրեր արտաքին գնահատման նպատակով: Ծրագրի գործունեության վերաբերյալ նախագծի մասնակից բուհերը, այդ թվում նաև ԵՊԲՀ-ն, կատարել են մի շարք քայլեր՝ ուղղված ուսումնական ծրագրերի («Ընդհանուր բժշկություն» և «Դեղագիտություն» կրթական ծրագրերի օրինակով) վերջնարդյունքերի ներքին ներդաշնակեցմանը, որակավարումների ազգային շրջանակին (ՈԱՇ) համապատասխանեցմանը ինչպես նաև դրա ստուգման մեխանիզմների ձևավորմանը: 2.5 տարվա արդյունքների հիման վրա ԵՊԲՀ-ի «ALIGN» թիմը պատրաստել էր հաշվետու ինքնավերլուծական զեկույց, որին ծանոթանալուց հետո բժշկական համալսարան էին այցելել կրթության որակի եվրոպական փորձագետներ՝ Դեյվ Քուինը (Իռլանդիա), Զբիգնև Պալկան (Լեհաստան), Իրինգ Ուոսերը (Գերմանիա), Անդրե Գովաերտը (Բելգիա), ինչպես նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Փորձագիտական հանձնաժողովը համալրվել էր նաև ԵՊԲՀ փորձագետներով՝ Թամարա Սարգսյան, Մարինե Բալասանյան, Մարինե Գրիգորյան, իսկ Հայաստանի ուսանողների ազգային ասոցիացիան (ՀՈՒԱԱ) ներկայացնում էր Մարիամ Եվդոկիմովան:

Հանդիպման ընթացքում բազմակողմանի քննարկումներ ծավալվեցին ուսումնական գործընթացի վերաբերյալ: Փորձագետների մեծ մասն առաջին անգամ չէ, որ Հայաստանում էին և գնահատում էին կրթական ծրագրերում կատարվող բարեփոխումները որակի ապահովման տեսակետից: ALIGN ծրագիրը ԵՊԲՀ-ում իրականացնող թիմի կողմից պատրաստած ներկայացումը լսելուց հետո մասնագետները բարձրացրեցին մի շարք հարցեր, ստացան անհրաժեշտ պարզաբանումներ: Հաջորդ օրը հանդիպումներ կազմակերպվեցին ԵՊԲՀ ուսման որակի գնահատման և ապահովման կենտրոնի ներկայացուցիչների, ուսանողների ու դասախոսների հետ՝ իրավիճակի մասին պատկերացումները համալրելով „առաջին ձեռքերից» ստացվող տեղեկատվության հետ:

Երկօրյա այցը եզրափակեց փորձագիտական խմբի հանդիպումը ԵՊԲՀ ALIGN թիմի հետ, որտեղ հրապարակվեց գնահատման նախնական եզրակացությունը: Մասնավորապես, նշվեց, որ փորձագիտական հանձնաժողովը տպավորված է կատարված աշխատանքով, դրական են գնահատվում կատարված քայլերը: Գովեստի խոսքերի արժանացան ուսանողների ընդհանուր պատրաստակամությունը, նրանց անգլերենի լավ իմացությունը:

Առաջիկա ամսվա ընթացքում փորձագիտական խումբը ԵՊԲՀ-ին կներկայացնի մանրամասն զեկույց, որտեղ կմատնանշվեն գնահատված 2 ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը, կմատուցի խորհրդատվություն բարելավման ուղղությամբ:

 

Find us on Facebook
http://www.senigoal.net