Երևանի մխիթար հերացու անվան պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություն է, որը գործում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կազմում:
Պատմություն
1996 թվականի սեպտեմբերից հիմնադրվեց Հայ-Ֆրանսիական քոլեջը՝ ԵՊԲՀ-ի և ֆրանսահայ բարերար երջանկահիշատակ պորֆեսոր Հենրի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ: Կազմակերպվում էր ուսուցում «քույրական գործ» «ատամնատեխնիկական գործ» և «դեղագործություն» մասնագիտություններով:
1997թվականի հոկտեմբերի 14-ին համալսարանի լաբորատոր մասնաշենքում բացվեց հագեցած ատամնատեխնիկական լաբորատորիա՝ նախատեսված քոլեջի «ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ ուսանողների մասնագիտական դասընթացներն անցկացնելու համար:
2009-2012 թվականներին քոլեջում դադարեցվեց ընդունելությունը:
2013 թվականից վերաբացվեց որպես ԵՊԲՀ քոլեջ ստոմատոլոգիական ֆակուլտետի կազմում: Կազմակերպվում էր ուսուցում «ատամնատեխնիկական գործ» մասնագիտությամբ:
2014 թվականից ՀՀՊՆ-ի հետ պայմանագրի շրջանակներում բացվեց «բուժական գործ» մասնագիտությունը:
2015 թվականից առ այսօր քոլեջը գործում է որպես ԵՊԲՀ-ի առանձին ստորաբաժանում:
2017 թվականից քոլեջում վերսկսվեց ուսուցումը «քույրական գործ» և «դեղագործություն» մասնագիտություններով և ավելացավ «լաբորատոր ախտորոշում» մասնագիտությունը:
Քոլեջի դեկանատ
Քոլեջը ղեկավարում է դեկանը: Դեկանատը քոլեջի ղեկավար մարմինն է, որը զբաղվում է քոլեջի ընդունելությամբ, ուսումնամեթոդական, կազմակերպչական և կարգապահական աշխատանքներով: Այն ծավալում և կոորդինացնում է ամբիոնների և ուսանողների հետ տարվող ամենօրյա աշխատանքները:
Ընդունելություն
ԵՊԲՀ քոլեջ կարող են ընդունվել հիմնական ընդհանուր կրթությամբ (9-րդ դասարանն ավարտած) և միջնակարգ ընդհանուր կրթությամբ (12-րդ դասարանն ավարտած) դիմորդներն՝ առանց տարիքային սահմանափակման: Ընդունելությունն իրականացվում է մրցույթային կարգով: Մրցույթն անցկացվում է դիմորդների՝ «կենսաբանություն» առարկայի ընդունելության գրավոր քննական գնահատականի, ատեստատի միջին գնահատականի և ատեստատում նշված «Հայոց լեզվի և գրականության» քննական գնահատականի գումարի հիման վրա: «Կենսաբանություն» առարկայից գիտելիքների պահանջվող մակարդակը սահմանվում է 9-րդ կամ 12-րդ դասարանների դպրոցական ծրագրով: Քոլեջի ընդունելության «կենսաբանություն» առարկայից գրավոր քննությունն անցկացվում է ԵՊԲՀ-ում:
ԲՈՒՀ-ի դիմորդները կարող են մասնակցել քոլեջի ընդունելությանը՝ օգտագործելով ԲՈՒՀ-ի ընդունելության ժամանակ հանձնած «կենսաբանություն» առարկայի քննական գնահատականը:
«Կենսաբանություն» առարկայի քննական տոմսի նմուշ, հարցաշար, գրականության ցանկ և փաստաթղթերի ցանկ.
*Հիմնական ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար (9-րդ դասարան)
*Միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով դիմորդների համար (12-րդ դասարան)
Ուսուցում
ԵՊԲՀ քոլեջը միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն է, որտեղ ուսուցանվում են «Քույրական գործ», «բուժական գործ», «ատամնատեխնիկական գործ», «դեղագործություն» և «լաբորատոր ախտորոշում» մասնագիտությունները:
«Քույրական գործ» մասնագիտությամբ ուսուցումը հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսանողների համար կազմակերպվում է 4 տարով, իսկ միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ուսանողների համար՝ 3 տարով:
«Բուժական գործ» մասնագիտությամբ ուսուցում կազմակերպվում է ՀՀՊՆ պետպատվերով միայն հիմնական ընդհանուր կրթության հիմքով տղաների համար: Ուսման տևողությունը 4 տարի է: Ուսումն ավարտելուց հետո զորակոչվում են ծառայության 3 տարով՝ որպես բուժակ-ենթասպա: Ստանում են ենթասպայի համար սահմանված աշխատավարձ և օգտվում համապատասխան բոլոր արտոնություններից (հիմք՝ ՀՀՊՆ նախարարութան հետ պայմանագիր):
«Ատամնատեխնիկական գործ», «դեղագործություն» և «լաբորատոր ախտորոշում» մասնագիտություններով ուսուցումը հիմնական ընդհանուր կրթության հիմքով ուսանողների համար կազմակերպվում է 3 տարով, իսկ միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով ուսանողների համար՝ 2 տարով:
Ուսուցումը կազմակերպվում է հայերեն լեզվով: Ներկայումս քոլեջում սովորում են շուրջ 150 ուսանող: Ուսանողների շաբաթական ժամային ծանրաբեռնվածությունը 36 ակադեմիական ժամ է: Դասընթացներն անցկացվում են համալսարանական տեսական և կլինիկական ամբիոններում: Ուսումնական գործընթացում տեսական գիտելիքների հետ մեկտեղ խիստ կարևորվում են նաև գործնական հմտությունները: ԵՊԲՀ կլինիկական ամբիոններում և կլինիկական սիմուլյացիոն կենտրոնում, դասախոսների հսկողության տակ, ուսանողներն ինքնուրույն կատարելով ուսումնական ծրագրով նախատեսված գործնական առաջադրանքներ, կարողանում են ոչ միայն տեսականորեն ուսումնասիրել մասնագիտական առարկաները, այլ նաև հմտանալ գործնական աշխատանքում: Ուսանողներին տրամադրում են անհրաժեշտ բոլոր նյութերը և սարքավորումները՝ ուսումնական գործընթացն առավելագույնս մոտեցնելով իրական աշխատանքային պայմաններին: Քոլեջի ուսանողները հնարավորություն ունեն մասնակցելու ԵՊԲՀ-ում իրականացվող գիտական աշխատանքներին:
ԵՊԲՀ քոլեջի շրջանավարտները ստանում են պետական դիպլոմ:
Կրթական ծրագրեր
Ուսուցումը կազմակերպվում է մոդուլային ծրագրերով: Յուրաքանչյուր առարկայի համար հստակ սահմանվում է ուսանողից պահանջվող տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:
Ուսումնական մոդուլային ծրագրերը կազմված են ԵՊԲՀ տեսական և կլինիկական ամբիոնների դասախոսների կողմից՝ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին համապատասխան:
Հիմնական ընդհանուր կրթության հիմքով ընդունված ուսանողներն առաջին տարվա ընթացքում ուսումնասիրում են հանրակրթական առարկաներ, որոնք դասավանդում են «Հերացի» ավագ դպրոցի լավագույն ուսուցչուհիները:
Ուսումնառության ընթացքում խստորեն ստուգվում են տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները:
Ուսումնասիրվող հանրակրթական առարկաներն են (հիմնական ընդ. կրթության հիմքով I կուրս).
Հանրահաշիվ, երկրաչափություն, հայոց լեզու, հայ գրականություն, քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, կենսաբանություն, հայոց պատմություն, օտար լեզու, ռուսաց լեզու, հասարակագիտություն, ֆիզդաստիարակություն, համակարգչային օպերատորական գործի հիմունքներ, ՆԶՊ: