• Հայ
  • Рус
  • Eng
Անվանի հոգեբույժ Ադա Թադևոսյանը կդասախոսի ԵՊԲՀ-ում
Անվանի հոգեբույժ Ադա Թադևոսյանը կդասախոսի ԵՊԲՀ-ում

Հունիսի 26-ին, ժամը 13.30-ին ԵՊԲՀ 6-րդ լսարանում կկայանա անվանի հոգեբույժ Ադա Թադևոսյանի «Սթրես, ուղեղ և վարքագիծ» խորագրով դասախոսությունը ուսանողների, կլինիկական օրդինատորների և ազատ ունկնդիրների համար: Դասախոսությունը կանցկացվի ռուսերեն: Մուտքն ազատ է:
Անվանի հոգեբույժը մասնագիտական գործունեության 50-ից ավելի տարիները նվիրել է մարդու հոգեկան առողջությանը վերաբերող տարբեր հիմնահարցերի ուսումնասիրմանը, դրանց լուծման բանաձևերի մշակմանը: Նրա ամբողջ գիտական, մանկավարժական գործունեությունն ուղղված է եղել «Սթրեսաբանության» գծով կլինիական օրդինատորների վերապատրաստմանը: Մանկավարժական գործունեության 40 տարվա փորձ ունեցող մասնագետը ավելի քան 30 տարի աշխատել է Երևանի Մխ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալել նաև այլ կրթական հաստատություններում։ 2003թ. Թադևոսյանը Առողջապահության ազգային ինստիտուտում կազմակերպել է նաև սթրեսաբանության ամբիոն: Ադա Թադևոսյանի մասնագիտական գործունեության մեջ շրջադարձային են Սպիտակի 1988թ. ավերիչ երկրաշարժին հաջորդող տարիները: Արհավիրքից ընդամենը չորս ամիս անց 1989թ. նրա ջանքերով Հայաստանում հիմնադրել է հոգեկան առողջության «Սթրես» կենտրոնը:
Ղեկավարելով այս կառույցն ավելի քան տասը տարի, նրա շնորհիվ ապահովվել է Հայաստանում հոգեբուժական մասնագիտացած ծառայության զարգացումը: Մասնագետն առաջիններից մեկն էր, որ խոսեց հոգեկան տրավմայի և մի շարք հիվանդությունների զարգացման գործում դրա ունեցած պաթոլոգիական դերի մասին: Նաև առաջինն է բարձրաձայնել ուսանողների համար «Սթրեսաբանություն» ծրագրի ներդրման անհրաժեշտության մասին: Ժամանակի ընթացքում «Սթրես» կենտրոնը վերածվեց գիտագործնական հաստատության: Հետերկրաշարժյան տարիներին ՄԱԿ-ի կողմից ստեղծվեց «Աղետների բժշկությունը» ծրագիրը: Ադա Թադևոսյանը իր թիմակիցների հետ հեղինակեցին հատուկ ձեռնարկ, ինչպես նաև փրկարարների համար անցկացրեց վերապատրաստման դասընթացներ ոչ միայն Հայաստանում, այլև Արցախում: Հետագայում այս աշխատանքի համար է նա Բուդապեշտում 1996թ. պարգևատրվում հուշամեդալով: «Սթրեսաբանության» հիմնադիր, պրոֆեսոր, մարդու հոգեկան ցնցումների վերաբերյալ ավելի քան հարյուր տպագրական հոդվածների, մի քանի մենագրությունների, ինչպես նաև ուսանողների համար «Սթրեսաբանության» առաջին երկհատորյա դասագրքի հեղինակ Ադա Թադևոսյանը կրթության և մարդու կենսագործունեության անվտանգության խնդիրների լուծման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է Մ.Վ.Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով: Թադևոսյանը Հայկական հոգեբուժական ասոցացիայի, Հոգեբույժների համաշխարհային ասոցացիայի, Տրավմատիկ սթրեսի ասոցիացիայի անդամ է:
Տեղեկացնենք, որ 2017թ. հուլիսին ԵՊԲՀ-ում անցկացվեց «Սթրեսի ենթարկված մարդը» երկօրյա միջազգային գիտաժողովը, որը նվիրված էր անվանի հոգեբույժի հոբելյանին: Այն մարդիկ, ովքեր դեռ չեն ստացել իրենց վկայականները, կարող են ստանալ դասախոսությունից հետո։