• Հայ
  • Рус
  • Eng
Անվանի բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոն  կդասախոսի ԵՊԲՀ-ում
Անվանի բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոն կդասախոսի ԵՊԲՀ-ում

Հարգելի սովորողներ և բժիշկներ, դեկտեմբերի 8-ին, ժամը 10:00-ին, ԵՊԲՀ 6-րդ լսարանում (Լաբորատոր մասնաշենք,1-ին հարկ) հնարավորություն կունենաք մասնակցելու Ուկրաինայից ժամանած անվանի բժիշկ-գիտնական Վլադիսլավ Յակովենկոյի դասախոսությանը: Վլադիսլավ Յակովենկոն, բժշկական գիտությունների թեկնածու է, Կիև քաղաքի «Օբերիգ» Ունիվերսալ կլինիկայի Էնդոսկոպիայի ու նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Կանխարգելիչ և կլինիկական բժշկության գիտա-գործնական կենտրոնի նվազագույն ինվազիվ վիրաբուժության բաժնի ավագ գիտաշխատող, Ա. Ա. Բոգոմոլցի անվան ազգային բժշկական համալսարանի Վիրաբուժության, անեսթեզիոլոգիայի եւ ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, «Therapia. Український медичний вісник» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, ավելի քան 200 գիտական աշխատության և 43 արտոնագրի հեղինակ:

Արտերկրից ժամանած մասնագետը նաև Աղեստամոքսային տրակտի էնդոսկոպիայի եվրոպական ասոցիացիայի, Համաշխարհային էնդոսկոպիայի կազմակերպության, Ուկրաինայի պրոկտոլոգների, Ուկրաինայի բժիշկ-էնդոսկոպիստների ասոցիացիաների անդամ է, միջազգային կլինիկական փորձարկումների մասնակից: Շվեյցարիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, Իսպանիայում, Ուկրաինայում, Բելառուսում, Վրաստանում, Ռուսաստանում ունի միջազգային համաժողովների, գիտաժողովների, վարպետության դասերի անցկացման փորձ:

Տեղեկացնենք, որ մասնագետը Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում հայ գործընկերների հետ երկու օրերի ընթացքում կկատարի նաև էնդոսկոպիկ վիրահատություններ։

Սպասվող դասախոսությունը մասնավորապես նախատեսված է գաստրոէնտերոլոգների, էնդոսկոպիստների, վիրաբույժների, համար, սակայն կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։