• Հայ
  • Рус
  • Eng
Ժանին Սրուրյան. «Մահը շատ մոտ էր ինձ». սիրիահայ ակնաբույժի համար Հայաստանը դրախտ է
Ժանին Սրուրյան. «Մահը շատ մոտ էր ինձ». սիրիահայ ակնաբույժի համար Հայաստանը դրախտ է
04.12.2017

Ճանաչում միջազգային ասպարեզում եւ շուրջ 20-ամյա աշխատանքային փորձ ակնաբուժության ոլորտում. համեստ և պարզ սիրիահայ բժիշկ Ժանին Սրուրյան... Ակնաբույժը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Սկզբնական կրթությունը ստացել է այնտեղ, որից հետո ավարտել է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, վերապատրաստվել Հալեպում, Դամասկոսում։
19 տարի աշխատել է Սիրիայի Առողջապահության նախարարությունում։
Ժանին Սրուրյանը հանդիսանում է Ամերիկյան ակնաբույժների ակադեմիայի (Americal Academy of Ophthalmologists) և Ամերիկյան ակնաբույժների խորհրդի անդամ։
Նա աշխատել է նաեւ ԱՄՆ-ում, մասնակցել բազմաթիվ ակնաբուժական համագումարների, 3-4 տարի աշխատել է միջազգային հայտնի Flying Eye Hospital (Orbis) կազմակերպության հետ։ Ակնաբույժը Հնդկաստանում մասնագիտացել է աչքի ցանցաթաղանթի վիրաբուժության գծով (VitroRetinal surgery)։ Հալեպում պատերազմական վիճակից ելնելով՝ Ժանինը բնակության է տեղափոխվել Երեւան, որտեղ հիմնել է «Սրուրեան» ակնաբուժական կենտրոնը։

- Տիկին Սրուրյան, Դուք ավարտել եք Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, այնուհետև վերապատրաստվել եք Հալեպ քաղաքում, որից հետո շուրջ 19 տարի աշխատել եք Սիրիայի Առողջապահության նախարարությունում: Աշխատել եք նաև ԱՄՆ-ում, Ամերիկյան ակնաբույժների ակադեմիայի և Ամերիկյան ակնաբույժների խորհրդի անդամ եք: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ է հայկական ակնաբուժական ոլորտը տարբերվում սիրիականից և ամերիկյանից:
- Հիմքը նույնն է՝ գիտությունն է: Գիտությունն այնպիսի բաց աշխարհ է, որ չես կարող նրանից մեկուսացած լինել: Չի կարելի ասել, որ տարբերությունները շատ են, քանի որ գիտությունը միջազգային երևույթ է, մանավանդ ակնաբուժությունը: Մեր մասնագիտության դեպքում միշտ պետք է հետևես, կարդաս, կապ պահպանես աշխարհի բոլոր կենտրոնների հետ: Ի տարբերություն Հայաստանի՝ Սիրիայում մենք մի փոքր հեռու էինք ռուսական ակնաբուժական դպրոցից: Չնայած դրան՝ ես շատ գոհ եմ և հպարտանում եմ, որ Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտ եմ:
Ի՞նչ խնդիրներ և զարգացման հեռանկարներ եք տեսնում Հայաստանում ակնաբուժության ոլորտում:
- Պետք է միշտ կարողանաս շփվել դրսի կենտրոնների հետ, վերցնել, փոխանցել նորությունները: Շատ բաներ կարող ենք միմյանց փոխանցել, այդպիսի շփումն առողջ գործընթաց է և՛ Հայաստանի, և՛ արտասահմանի մակարդակով: Պետք է կարողանաս բարձրացնել աշխատանքիդ որակը:
 - Ինչպիսի՞ն են Ձեր հայ հիվանդները:
- Այստեղ հիվանդներն ավելի զարգացած են. բոլորն ուզում են մանրամասն իմանալ իրենց հիվանդության մասին: Հայաստանում շատ են սիրում կարդալ: Դա միանշանակ դրական երևույթ է: Սիրիայում լեզուն արաբերենն էր, սովորական ժողովուրդն անգլերենին այդքան լավ չէր տիրապետում, բայց հարգանքը և վստահությունը բժշկի հանդեպ շատ մեծ էր:

- Արդեն ավելի քան 1 տարի է, ինչ Երևանում գործում է «Սրուրեան» ակնաբուժական կենտրոնը: Կպատմե՞ք կենտրոնի գործունեության մասին:
 -Մենք սկսեցինք մեր աշխատանքները 2016 թվականի փետրվարի 14-ին: Մեր կենտրոնում կան բոլոր այն բարձրորակ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են լիարժեք բուժում իրականացնելու համար: Ունենք և՛ ախտորոշման բաժին, և՛ վիրահատական բաժին: Իրականացնում ենք կատարակտի, գլյուկոմայի, ցանցաթաղանթի վիրահատություններ, լազերային վիրահատություններ, կարողանում ենք լուծել դիաբետի հետ կապված խնդիրները:
Ես բավականին երկար տարիների փորձ ունեմ ակնաբուժության ոլորտում: Միայն Սիրիայի պետական հիվանդանոցում մինչև 2010 թվականը 10 հազար անվճար վիրահատություն եմ արել, և սա միայն կատարակտի վիրահատություններն են: Բացի դրանից, ես իրականացրել եմ նաև ցանցաթաղանթի, շլության, գլյուկոմայի, լազերային վիրահատություններ:

- Ինչպե՞ս ստացվեց ակնաբույժի մասնագիտության՝ Ձեր ընտրությունը:
- Ակնաբույժի մասնագիտությունն ընտրեցի բախտի շնորհիվ: Հալեպում դիպլոմիս վավերացումից հետո արդեն պետք էր անցնել երկրորդ փուլը՝ ընտրել մասնագիտություն: Սիրիայում ավանդաբար առավելություն տալիս էին հենց երկրի բուհերն ավարտած ուսանողներին: Ես նշել էի երեք մասնագիտություն՝ մանկաբուժություն, գինեկոլոլգիա, և երրորդն ակնաբուժությունն էր: Այնպես ստացվեց, որ ընտրեցի ակնաբուժությունը, և շատ ուրախ եմ դրա համար: Երեխաների հարցում շատ թույլ եմ. եթե լացեն, ես էլ, կարող է, լացեմ (ծիծաղում է), իսկ գինեկոլոլգիայի դեպքում դու անձնական կյանք չունես. հերթապահությունները շատ ծանր են: Երևի Աստված, ինձ սիրելով, նպաստեց իմ՝ ակնաբուժության ընտրությանը:

 Կա՞ ինչ-որ սկզբունք կամ չափանիշ, որով Դուք առաջնորդվում եք Ձեր հիվանդներին բուժելիս:
- Առաջին հերթին, մարդկային վերաբերմունք եմ ցուցաբերում: Շատ կարևոր է վերաբերմունքը: Հիվանդության բուժման 50%-ը կապված է հոգեկան վիճակի հետ: Ամենայն մանրամասնությամբ և ամենապարզ ձևով բացատրում եմ հիվանդին իր վիճակը: Հետագա որոշումն արդեն ինքը հիվանդն է կայացնում:

 Ինչպե՞ս Ձեր ընտանիքը հայտնվեց Սիրիայում: Պատմեք մի փոքր այդ մասին:
- Իմ ընտանիքի պատմությունը կապված է Հայոց ցեղասպանության հետ: Մորս կողմը գաղթել է Այնթապից, հորս կողմը՝ Մարաշից: Պապիկս որոշեց մնալ Հալեպում, քանի որ Սիրիայի ժողովուրդը շատ բարի է, իրենց ամբողջ պատմության ընթացքում նրանք մշտապես ընդունել են փախստականներին: Ափսոս, որ հիմա իրենք դարձան փախստական: Սիրիայում մեր իրավունքները շատ լավ պաշպանված էին: Հայկական դպրոցներում սովորում էինք, եկեղեցիներ, ակումբներ ունեինք: Մեզ հարգում էին՝ հաշվի առնելով նաև մեր դաժան պատմությունը, իսկ մենք էլ նույն կերպ նրանց պատասխանում էինք:
Պատերազմի ընթացքում ես բանակում ծառայում էի: Մահը շատ մոտ էր ինձ: 7 անգամ հրթիռն ընկել է իմ գրասենյակի մոտ, 3 անգամ այն հիվանդանոցի մոտ, որտեղ աշխատում եմ, 3 անգամ էլ՝ տանս մոտ: Մեր ընտանիքն ամեն ինչ կորցրեց պատերազմի հետևանքով: Ստիպված եղա դուրս գալ Հալեպից, որպեսզի ընտանիքս պահեմ:
Հիմա արդեն Հալեպում խաղաղ է, իմ՝ Հայաստան գալուց 6 ամիս հետո քաղաքն ազատագրվեց: Դեկտեմբերին կմեկնեմ Սիրիա, բայց անպայման վերադառնալու եմ Հայաստան: Ես այստեղ էլ ունեմ պարտականությւոններ, բժիշկը միայն նյութականը չէ, ես հոգեպես կապված եմ իմ հիվանդների հետ, չեմ կարող թողնել նրանց ու գնալ:

 Չնայած նրան, որ Ժանինը կարող էր ԱՄՆ կամ Եվրոպա մեկնել, նա նախընտրեց Հայաստանը, որովհետև «այստեղ ամեն ինչ հարազատ է»: «Ես սիրում եմ անգամ այն վատ տարիները (90-ական թվականներ), որոնք անցկացրել եմ ուսանողության շրջանում, երբ սովորում էի ԵՊԲՀ-ում, պատկերացրեք՝ հիմա ինչքան կսիրեմ Երևանը: Հիմա ես ինձ զգում եմ դրախտում», - ասում է ակնաբույժը:

Հեղինակ՝ ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ ԿԱՐԵՆ ՍԵՐՈԲՅԱՆԻ