• Հայ
  • Рус
  • Eng
Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է. Արմեն Մուրադյան
Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է. Արմեն Մուրադյան
01.09.2019

Սիրելի սովորողնե՛ր, ապագա բժիշկնե՛ր, կրթության բնագավառի ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Մաղթում եմ հաջողություններով ու նվաճումներով լի ուսումնական տարի: Ժամանակակից, զարգացող աշխարհում գիտելիքն ամենամեծ կապիտալն է, ուստի որակյալ կրթությունը, մրցունակ մասնագետը 100-ամյա պատմություն ունեցող Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անփոփոխ առաքելությունն է:

Առանձնակի ջերմությամբ ողջունում եմ առաջին կուրսեցիներին, որոնք կհամալրեն ապագա բժիշկների շարքերը: Սիրելի ուսանողնե՛ր, այսօր դուք դառնում եք մեկդարյա ճանապարհ անցած կրթական դարբնոցի մի մասը, որն իր հարուստ պատմությամբ ու ավանդույթներով շարունակում է պահանջատեր լինել՝ որակյալ բժիշկ-մասնագետների պատրաստման հարցում:

Բժշկական համալսարանն իր ողջ ներուժով կշարունակի կատարելագործել կրթական համակարգը՝ ուղղորդվելով դեպի միջազգայնացում սկզբունքով:

Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ինչպես նոր ուսումնական տարին, այնպես էլ տալիս է լայն հնարավորություն նորանոր ծրագրերի իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու, մասնագիտական հմտությունները խորացնելու համար: Ուստի ցանկանում եմ, որ լավ բժիշկ դառնալու պատասխանատու ճանապարհին լինեք աշխատասեր, նախաձեռնող, նպատակասլաց և ջանք չխնայեք կրթվելու և մասնագիտանալու կարևոր գործում:

 

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր