• Հայ
  • Рус
  • Eng
Ուսանողների քայլերը՝ զարգացող ֆիզիոլոգիային հավասար
Ուսանողների քայլերը՝ զարգացող ֆիզիոլոգիային հավասար
10.01.2020

Ֆիզիոլոգիայի զարգացումն անընդհատ գործընթաց է, որն ամեն տարի նորանոր գիտական բացահայտումների է հանգեցնում, որի պատճառով էլ այս ոլորտի գիտելիքները շարունակաբար լրացնելու անհրաժեշտություն է առաջանում:

ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնը ոչ միայն բժշկական համալսարանի պատմության մի անբաժանելի բաղադրիչն է, այլև իր մեծ ավանդն ունի հայկական ֆիզիոլոգիայի զարգացման գործում: Ամբիոնի վարիչ պրոֆեսոր Դ.Ն. Խուդավերդյանը մշտապես առաջնահերթություն է համարել ժամանակակից ֆիզիոլոգիայի հետ համաչափ ընթանալն ու ամբիոնում դասավանդվող նյութերի շարունակ արդիականացումը: Հենց ժամանակակից ֆիզիոլոգիայի նոր բացահայտումներն ուսումնասիրելուն էր միտված գիտական ակումբի գործունեության վերականգնումը, որի անդամը դառնալու ցանկություն են հայտնել տասնյակ ուսանողներ:

Ձեզ ենք ներկայացնում այդ ուսանողներից մեկի՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 221 խմբի ուսանող Ահարոն Ծատուրյանի հոդվածը: Ապագա բժիշկն անդրադառնում է գիտական ակումբի գործունեությունն ու նշանակությունը:

«Ակումբի համակարգող ավագ դասախոս Կարինե Մելքումյանին հաջողվել է ակումբի հանդիպումները վերածել ամենահետաքրքիր գիտական բանավեճերի և ժամանակակից ոճով քննարկումների: Ուսանողների համար հենց այս եռանդը վարակիչ դարձավ, և կարճ ժամանակ հետո սկսեցին համագործակցել Կարինե Մելքումյանի հետ՝ զեկույցներ պատրաստելու և օտարալեզու գրականության ամենաարդի աղբյուրներն ուսումնասիրելու գործում: Շատերին այսքան համապարփակ գիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն տրվեց առաջին անգամ, և այս ամիսների ընթացքում ակումբի շրջանակներում ուսանողները հանդես եկան բազմազան զեկուցումներով, որոնց ամփոփմանը մշտապես մասնակցում էր նաև դասախոս Հերմինե Աբրահամյանը:

Դեկտեմբերի 20-ը հատկապես կարևոր օր էր գիտական ակումբի համար: Ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Հ.Ա. Հասրաթյանը, կարևորելով երիտասարդ սերնդին ամբիոնի աշխատանքներում ներգրավվելու գաղափարը, հանդես եկավ նախաձեռնությամբ՝ այս կիսամյակի ֆիզոլոգիայի վերջին դասախոսությունը զիջելով ակումբականներին: Գիտական ակումբի առավել ակտիվ երիտասարդներ Հրակ Թորոսեանը, Էլմիրա  Գևորգյանը, Արևիկ Քոչարյանը, Էլիզա Վարդանյանը, Սաթեն Խաչիկյանը, Աստղիկ Հարությունյանը և Ահարոն Ծատուրյանը ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմին և համակուրսեցիներին ներկայացրեցին մարդու իմունային համակարգի և դրա ընկճումների, հեմոպոեզի խանգարման հիմքում ընկած ֆիզիոլոգիական գործընթացների առանձնահատկությունները և այդ ոլորտներում գիտական վերջին նվաճումները: Պետք է արձանագրել, որ ներկաները մեծ հետաքրքասիրությամբ հետևում էին զեկուցումների ընթացքին:

Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Դ.Ն.Խուդավերդյանը ներկաներին ուղղված իր եզրափակիչ խոսքում նշեց. «Գիտական աշխատանքով զբաղվելը չափազանց խրախուսելի է, սկսած դեռ համալսարանի ցածր կուրսերից: Ես շատ բարձր եմ գնահատում ձեր առաջին քայլեր անելու կամքը ֆիզիոլոգիայի նման յուրահատուկ և բժշկի համար կենսական նշանակություն ունեցող գիտության ասպարեզում: Հաճելիորեն տպավորված եմ զեկույցները ներկայացնելիս ձեր թիմային աշխատանքով, ուսանողներիդ խոսքում նկատելի էին անգամ դասախոսական տաղանդի նախադրյալներ և ես հուսով եմ, որ նաև ֆիզիոլոգիայի ամբիոնում ձեռք բերած փորձը կնպաստի ապագայում ձեր՝ որպես գիտնականների ձևավորմանը և ինչու ոչ անգամ Նոբելյան մրցանակների արժանանալուն»:

Պրոֆեսոր Խուդավերդյանն ամբիոնի կողմից զեկուցողներին պարգևատրելով շնորհակալագրերով՝ ուսանողներին հիշեցրեց նաև գիտական աշխատանքներ տպագրելու հնարավորության մասին և հորդորեց՝ առավել ակտիվ մասնակցել ակումբի աշխատանքներին: 

Իսկ վերջում, որպես երիտասարդական ստեղծագործ մտքի դրսևորում, ներկաներին բաժանվեցին շոկոլադային «դեղահաբեր»՝ նշված օգտագործման դեղատոմսով, որոնք Պլացեբոյի էֆեկտի հիման վրա կօգնեն ուսանողներին հաջող հանձնել առաջիկա քննաշրջանի Ֆիզիոլոգիայի քննությունը»,-գրում է ապագա բժիշկը: