• Հայ
  • Рус
  • Eng
Թեսալոնիկի  համալսարանի դասախոսը տպավորված է ԵՊԲՀ ուսանողներով
Թեսալոնիկի համալսարանի դասախոսը տպավորված է ԵՊԲՀ ուսանողներով
18.06.2018

«Էրազմուս +»  միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 11-ից 15-ը  Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Արիստոտելի անվան Թեսալոնիկի  համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ Կոնստանտինոս Ցիոմալոսը:

Մասնագետը հանդես եկավ հինգ դասախոսությամբ, որոնք նվիրված էին  դիսլիպիդեմիաների, հիպերտոնիայի, ատորական ֆիբրիլյացիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և   գիրության ախտորոշման և բուժման հարցերին:

Կոնստանտինոս Ցիոմալոսը առաջին անգամ էր Հայաստանում: Ամփոփելով իր հնգօրյա այցը՝ նա ընդգծեց, որ տպավորված է հատկապես ԵՊԲՀ ուսանողներով, ովքեր չնայած քննական շրջանով պայմանավորված զբաղվածությանն ակտիվ մասնակցություն ունեցան իր դասախոսություններին, աչքի ընկան  օտար լեզվի լավ իմացությամբ, հաղորդակցվելու կարողությամբ:

Թեսալոնիկի  համալսարանի ներքինհիվանդությունների ամբիոնի դոցենտը ողջունեց նաև այն հանգամանքը, որ ուսուցումը ԵՊԲՀ-ում եռալեզու է և աշխարհի տարբեր երկրներից սովորողներ ներգրավելը դրական ազդեցություն է թողնում ոչ միայն համալսարանի, այլև երկրի տնտեսության վրա:

«Ձեր երկրում շատ բան կա տեսնելու»,- ընդգծեց դասախոսը: Նա հինգ օրերի ընթացքում հասցրել է ծանոթանալ նաև Հայաստանի պատմությանը, այցելել թանգարաններ:

Նշենք, որ «Էրազմուս +»  Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: