• Հայ
  • Рус
  • Eng
Տեսադասախոսությունների  միջոցով կրթական նյութերն ավելի հասանելի են սովորողներին
Տեսադասախոսությունների միջոցով կրթական նյութերն ավելի հասանելի են սովորողներին
10.01.2020

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի գործունեության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում թվային համալսարանի զարգացման աշխատանքները: Տեսադասախոսությունների միջոցով կրթական նյութերն էլ ավելի հասանելի դարձնելը՝ կենտրոնի քաղաքականության կարևոր բաղադրիչ է: Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ ներկայումս շարունակաբար նկարահանվում է 3 տիպի տեսանյութ՝ համալսարանկան հոլովակներ, տեսադասախոսություններ, ակնարկային տեսադասեր: «Համալսարանական հոլովակները որպես կանոն հնչեցվում են օտար լեզվով, ինչի նպատակն է համալսարանի մասին տեղեկատվությունը ավելի հասանելի դարձնել միջազգային հարթակներում:

Տեսադասախոսությունները ակադեմիական ժամի տևողությամբ դասախոսություններ են, որոնք համալրվում են անիմացիոն բաղադրիչներով: Տեսադասախոսությունների հատվածում ստեղծվում են մի քանի նշանակությամբ նյութեր, որոնցից որոշները հասանելի են հանրային տիրույթում, իսկ որոշները կիրառվում են Կենտրոնի ծրագրերում: Ի դեպ, 2020 թվականին Կենտրոնը սկսում է վիրաբուժական ուղղվածության նոր նախագիծ իրականացնել, որի մասին կհայտարարենք մոտ ժամանակում»,- պատմում է Խաչատուր Մարգարյանը։ Ակնարկային տեսադասերը անցնում են «100 վայրկյան կարևորի մասին» խորհագրի ներքո: Սրանց նպատակն է տեսադարանի հիմնում, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ բազային բժշկության վերաբերյալ: «Սա նմանը չունեցող հայալեզու նախագիծ է, որում ներգրավված են մեր լավագույն դասախոսները և առաջատար ամբիոնները: Ներկայացվում են այս կամ այն դիսցիպլինայի վերաբերյալ բազային տվյալներ, հիշեցման կամ ակնարկի տեսքով: Գաղափարը առաջացել է աջակցելու ուսանողներին և բժիշկներին կարճ ժամանակում վերհիշելու անհրաժեշտ նյութը»,- նշում է Կարիերայի կենտրոնի ղեկավարը՝ հավելելով, որ որպես այս նախաձեռնության հաջող օրինակ կարելի է հիշատակել Ճառագայթային ախտորոշման ամբիոնի հետ համատեղ պատրաստված 100 վայրկյանների շարքը, որի նպատակն էր պետական ավարտական քննություններին ուսանողներին աջակցել գործնական հմտությունների ռենտգեն բաղադրիչին նախապատրաստվելուն: Նշենք, որ տեսադասախոսությունների գումարային դիտումները ընդամենը մի քանի օրում անցան 5000-ը, իսկ շրջանավարտները շռայլում էին իրենց շնորհակալական խոսքերը նման նյութերի համար:

Կարիերայի կենտրոնը շարունակելու է տեսանյութերի պատրաստման աշխատանքները, թիրախավորելով ուսանողների և դասախոսների կողմից մատնանշված թեմաները, շարունակելով ստեղծել արդի բովանդակությամբ աջակցող նյութեր և զարգացնելով թվային համալսարանի նախագիծը: