• Հայ
  • Рус
  • Eng
Սուսաննա Դավթյանը համանախագահել է Իսրայելում անցկացված բիոէթիկային նվիրված համաժողովին
Սուսաննա Դավթյանը համանախագահել է Իսրայելում անցկացված բիոէթիկային նվիրված համաժողովին
13.12.2018

Իսրայելում նոյեմբերի վերջին ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնը անցկացրել է համաշխարհային 13-րդ համաժողովը «Բիոէթիկայի, բժշկական էթիկայի և առողջապահական իրավունք» թեմաներով: ԵՊԲՀ հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, փիլիսոփայական գիտությունների  դոկտոր Սուսաննա Դավթյանը, ով նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնի միջազգային ցանցի հայկական մասնաճյուղի վարիչն է, կիսվեց այդ օրերի տպավորություններով:

Նա նախ նշեց, որ դեռևս 2000 թվականին բժշկական բոլոր բուհերին, այդ թվում և ԵՊԲՀ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-յից նամակ են ուղարկել՝ պարզելու համար անցնո՞ւմ են էթիկա, բիոէթիկա և էսթետիկա առարկաներ:

«Մենք պատասխանեցինք, որ մեր համալսարանում անցնում են էթիկա և էսթետիկա առարկաները, իսկ բիոէթիկա դասավանդել ենք 2000 թվականից: Այդ տարի էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնը (Հայֆա) կազմակերպեց երկրորդ միջազգային կոնֆերանս «Էթիկայի դասավանդումը բժշկական բուհերում» թեմայով: Հրավեր էին ուղարկել, և ԵՊԲՀ-ից զեկուցումով հանդես եկա և սկսվեց համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ -ի բիոէթիկայի ամբիոնի հետ: 2007 թվականից ինձ արդեն հրավիրում էին ոչ միայն զեկուցում կարդալու, այլև գիտական նստաշրջան վարելու: Այս տարի համանախագահեցի իտալացի պրոֆեսոր Պատրիցիա Բուրսելինոյի հետ: Գիտական նստաշրջանը կոչվում էր «Մահը և մահանալը տարբեր մշակույթներում»,-նշեց նա:

Սուսաննա Դավթյանի խոսքով՝ հրեաները մշտապես պահպանում են իրենց ավանդույթները. «Հետաքրքիր է, որ այդ բաժնում, որտեղ ես համանախագահում էի, Միացյալ Նահանգների ներկայացուցիչը, ով հրեա էր, ներկայացրեց իր զեկուցումը, և ինչպես հատուկ է հրեաներին, հավատարիմ մնաց իրենց ավանդույթներին. այն է՝ ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա: Հրեաները քաջատեղյակ լինելով ուղեղի մահվան հարվրդյան չափանիշներին, այնուամենայնիվ առաջնորդվում են ազգային ավանդույթներով: Դեմ են ակտիվ էֆթանազիային:Եվ պատահական չէ, որ 1967 թվականին, երբ Քրիստիան Բերնարդը կատարեց սրտի փոխպատվաստում և վթարից ուղեղի վնասվածք ստացած կնոջ դեռ բաբախող սիրտը վերցրեց ու տեղադրեց մի ուրիշ մարդու մարմնի մեջ, որը ուներ սրտանոթային անբավարարություն, աշխարհը բաժանվեց երկու մասի. մի մասը նրան անվանեցին հերոս,  մյուս մասը՝  մարդասպան: Հրեաների անվերապահ նվիրվածությունն իրենց ազգային ավանդույթներին պետք է օրինակ ծառայի նաև մեզ համար»:

Նա նաև հայտնեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-յում ստեղծել են «Հոլոքոստը և բիոէթիկա» բաժանմունքը. «Այդ առիթով ես երկու ամիս առաջ նամակ ստացա, որին պատասխանեցի՝ նշելով, որ շնորհավորում եմ, խրախուսում եմ ձեր քայլը և գիտակցում եմ դրա կարևորությունը՝  միաժամանակ հուշելով, որ չպետք է մոռանալ,  եթե մարդկությունը  20-րդ դարի սկզբին ոչ ասեր Հայոց եղեռնին, 20-րդ դարի կեսերին Հոլոքոստ չէր լինի»:

Երուսաղեմ լինելու առիթն օգտագործելով, ընդունելով Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան-ընծայարանից ստացած հրավերը, Սուսաննա Դավթյանը դասախոսություն է կարդացել նաև վարժարանի սաների համար:

ԵՊԲՀ դասախոսը նաև նշեց, որ 2008 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի բիոէթիկայի ամբիոնն ուներ ազգային 9 մասնաճյուղ, այսօր ունի 200-ից ավելի մասնաճյուղեր, և օր օրի ընդլայնվում է: