• Հայ
  • Рус
  • Eng
Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
Ստամոքսի քաղցկեղի բուժման նոր մոտեցումներ՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում
13.01.2020

Ստամոքսի քաղցկեղը Հայաստանում հաճախ հանդիպող չարորակ ուռուցքներից մեկն է։ Ավելի քան մեկ դար բուժման միակ մեթոդը համարվել է վիրահատությունը, երբ նոր զարգացող քիմիաթերապիայի և ճառագայթային թերապիայի հնարավորությունները դեռևս մեծ չէին: Բուժման հիմնական մեթոդ հանդիսացող վիրահատական միջամտությունը՝ ուռուցքի և նրա տարածման հնարավոր ուղիների հեռացումը (դա ստամոքսի մասնակի կամ ամբողջական հեռացումն է և ռադիկալ լիմֆոդիսեկցիան) ուղեկցվում է հիմնականում քիմիաթերապիայի հետ կոմբինացված: Ինչու հիմնականում, որովհետև ստամոքսի քաղցկեղը, ցավոք, մեծամասամբ ախտորոշվում է ոչ սկզբնական փուլում՝ ոչ առաջին ստադիայում, որի դեպքում միայն վիրահատությունը բավարար կլիներ լիարժեք առողջացման համար։ 

Նախավիրահատական՝ նեոադյուվանտ և հետվիրահատական՝ ադյուվանտ քիմիաթերապիան ներկայումս ստամոքսի քաղցկեղի բուժման մեջ շրջադարձային բարենպաստ փոփոխությունների է բերել: Ապացուցված է, որ վիրահատության և քիմիաթերապիայի համակցման դեպքում ստամոքսի քաղցկեղով հիվանդների առողջացման հավանականությունն ավելի բարձր է լինում, հիվանդության կրկնություններն ավելի պակաս են գրանցվում։

Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում վիրաբույժների (Կլինիկայի ղեկավար՝ պրոֆ. Ս.Ա.Ստեփանյան, բաժանմունքի վարիչ՝ Ա.Ռ.Հարությունյան) և օնկոլոգների (Կլինիկայի ղեկավար՝ Դ.Գ.Զոհրաբյան, բաժանմունքի վարիչ՝ Լ.Ա.Հարությունյան, ուռուցքաբան-քիմիաթերապևտ՝ Ա․Տ․Ավագյան) թիմերի համատեղ աշխատանքի շնորհիվ իրականանալի է դառնում վերը նկարագրած միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում կազմակերպելը։ 

Նման թիմային աշխատանքի լավ օրինակ է բուժման մի դեպք, երբ ստամոքսի քաղցկեղով տեղային տարածում ունեցող հիվանդին նախավիրահատական քիմիաթերապիա (օնկոլոգներ՝ Դավիթ Գ.Զոհրաբյան, Լիլիթ Ա.Հարությունյան, Արմեն Տ․Ավագյան), այնուհետև վիրահատական բուժում (վիրաբույժներ Սուրեն Ա.Ստեփանյան, Հայկ Հ.Սաֆարյան, Լևոն Ա.Մարտիրոսյան)  անցկացնելուց հետո պաթոմորֆոլոգիական քննությունը պարզեց, որ ուռուցքը փոքրացել է, գրեթե՝ վերացել, տարածված պրոցեսը վերածվել է զարգացման վաղ ստադիայի։ Շնորհիվ նախավիրահատական քիմիաթերապիայի հաջողվել էր ճնշել ուռուցքային պրոցեսը, որը հնարավորություն տվեց ավելի բարենպաստ պայմաններում կատարել ուռուցքի ռադիկալ հեռացումը, իսկ հետվիրահատական քիմիաթերապիան կապահովի էլ ավելի կայուն արդյունք՝ առողջացման առավել հավանականությամբ: Հատկանշական է, որ կլինիկայում քիմիաթերապիայի կիրառվող սխեման հիվանդները տանում են լավ, առանց բարդությունների, վիրահատությունից հետո արագ ապաքինվում են:

Քաղցկեղի բուժման մուլտիդիսցիպլինար նման մոտեցման օրինակը ցույց է տալիս, որ հնարավոր է եվրոպական և ամերիկյան չափորոշիչներին համապատասխան որակյալ բուժում կազմակերպել ՀՀ-ում՝ մասնավորապես ԵՊԲՀ Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում, ինչը մեծ ձեռքբերում է մեր հայ ազգաբնակչության համար։