• Հայ
  • Рус
  • Eng
Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը գիրք է հեղինակել
Ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողը գիրք է հեղինակել
14.10.2019

Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցավ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի ուսանող Գևորգ Համբարձումյանի «Մեռնել փոքր քաղաքում» գրքի շնորհանդեսը:

Գևորգ Համբարձումյանը ստեղծագործել սկսել է վաղ մանկությունից: Հեղինակի խոսքով՝ գիրքն առաջինն է, որն ամփոփում է մարդու ապրելու անհնարինությունը, էմոցիոնալ դրսևորումների խիստ սահմանափակումը:

Հիշողությունները, որոնք երբեմն արթնանում են առօրյայում՝ աման լվանալու, փողոցում հանդիպած ջրափոսի մեջ սեփական արտացոլքի հետ առերեսման, հարևանի բաց թողած և առաստաղից կաթկթացող ջրի ձայնի ենթագիտակցական վերապրումի և այլնի մեջ, անդրադարձ են կատարել հեղինակի տողերի արանքում:

Կյանքն իր բոլոր ոլորտներով դառնում է երիտասարդ հեղինակի ներշնչման աղբյուրը:

«Երբ եղավ գիրք տպագրելու առաջարկը, երկար ժամանակ մտածում է, թե ինչու տպեմ: Այն միտքը, որ հասել ես ինչ-որ մի փուլի և գիրք պետք է ունենաս, այնքան էլ չէր բավարարում: Բայց ի վերջո եկա եզրահանգման և ինքս ինձ համար գտա գիրք տպելու արդարացում: Ինձ համար նպատակ է եղել՝ ստեղծել տեքստ, որը ոչ մի ոճի չի պատկանի»,-ասաց Գևորգը՝ հավելելով, որ գիրքը բաժանված է երեք մասի, որոնք միմյանց շարունակում և լրացնում են:

Ահա մի գեղեցիկ մեջբերում հեղինակի ստեղծագործություններից.

«Պենելոպե
դարակներում այդքան հավաք շարված օրերը
ժամանակը՝ հոսող ծորակից
դեպի հերթական սիգարետը ձգվող քայլերս-
այս գիշերվա մի քանի ժամը
քեզ համար եմ պահել
(մինչ դու քանդում ես
ցերեկվա գործած պատանքը)
պահել զղջումի չղջիկների համար,
որ կախվել են պարաններից
մանր սալահատակին միջատների վազքն
ու լաթերս ոչինչ չնկատող —
ես ախր կարող էի սիրել քեզ երեկ
ես ախր կարող էի սիրել քեզ
լվացարանում սուզվող ափսե — նավակներով
ես ճամփա եմ ընկնում
Իթակե
գիտեմ՝ սպասում ես ինձ՝ աղեղը ձգած
(մինչ սպունգը ներծծում է համառությանս վերջին
պատառիկները)
պոստմոդեռնիստական իմ այս սխրանքը թող
արժանի լինի քեզ
և այս գիշերվա՝
քեզ համար պահված ժամերից մեկում
ես մի պահ կմտածեմ հերոսության
անհնարինության մասին
մինչ անհամբեր չղջիկները կհանեն աչքերս
չկարողանալով այլևս սպասել
ու(հետո) առավոտը
կը-աղ-մը-կի դարակներից
ու չղջիկները
կը-կաթ-կը-թան պարաններից
մոռացնելով այս
մի քանի ժամը
որ քեզ համար էի պահել
սիրելիս»:

Նշենք, որ շնորհանդեսին ներկա էին հեղինակի մտերիմները, գրականագետներ, բանասերներ և այլք: