• Հայ
  • Рус
  • Eng
Պարտաճանաչությունը սովորելը դարձնում է սովորույթ
Պարտաճանաչությունը սովորելը դարձնում է սովորույթ
20.02.2020

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Լևոն Հովհաննիսյանի անվան կրթաթոշակառու Նաթելլա Ղարիբյանի կարծիքով բժշկի կերպարը ենթադրում է անընդհատ սովորել ու սովորել:

Ապագա բժշկի խոսքով՝ բարձր առաջադիմության կարևոր պայմանը, միանշանակ, պարտաճանաչությունն է, ինչը սովորելը դարձնում է սովորույթ: «Սովորելն ինձ մոտ դեռ դպրոցում բավականին հաջող էր ստացվում: Իսկ բժշկի մասնագիտության էության ու ընդհանրապես բժշկի կոչման մասին իրական պատկերացումներս ձևավորվել են բուհում սովորելու ընթացքում»,-ասում է անվանական կրթաթոշակառուն: 

Նաթելլան նեղ մասնագիտացման ընտրության հարցում դեռ չեմ կողմնորոշվել: «Շատ հնարավորություններ կան, ու ընտրությունը բավականին դժվար է, հատկապես, երբ շատ բան ես ցանկանում անել»,-ասում է նա՝ ավելացնելով, որ եթե չընտրեր բժշկի մասնագիտությունը, կդառնար գրաքննադատ:

ԵՊԲՀ-ում ուսանողի ամենասիրելի վայրը 7-րդ լսարանի բեմն է՝ իր հնամաշ դաշնամուրով: 

Ապագա բժշկի ամենասիրելի առարկան ախտաֆիզիոլոգիան է: «Ինձ համար ամենասիրելի դասախոսը՝ մանկաբույժ Մուրադ Եգորի Գրիգորյանն է. հիացել եմ՝ ինչ համբերատարությամբ էր դասավանդում մեզ ու ինչ առանձնակի սիրով էր վերաբերվում իր հիվանդներին»,-ասում է Նաթելլան՝ ընդգծելով, որ իր համար շատ կարևոր մարդկանց  հանդիպել է հենց բժշկական համալսարանում:

 Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը