• Հայ
  • Рус
  • Eng
Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան
Նյարդավիրաբուժությունը մեծ ջանքեր է պահանջում ուսման և մասնագիտական գործունեության ընթացքում. Սևակ Բադալյան
13.01.2020

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնի նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը շատերին է հայտնի որպես երիտասարդ և փորձառու բժիշկ: Չնայած երիտասարդ տարիքին՝ նա տարբեր բարդ վիրահատությունների արդյունքում բազմաթիվ կյանքեր է փրկել:

Սևակ Բադալյանը մասնագիտությունն ընտրել է դասընկերոջ հայրիկի օրինակով: «Նա ներկայանալի բժշկի կերպար էր, որն ինձ ոգեշնչել է բժշկի մասնագիտությունն ընտրելու հարցում»,-նշում է նա՝ ավելացնելով, որ նյարդավիրաբուժությունը որպես մասնագիտացում ընտրել է 4-րդ կուրսում, երբ ծանոթանում էին ուղեղի անատոմիային, ֆիզիոլոգիային: «Նյարադավիրաբուժության ցիկլն անցնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում այս ուղղությունը գրավեց ինձ: Ուղեղը միշտ եղել է առեղծվածներով և գաղտնիքներով լի, քիչ ուսումնասիրված, ինչը նույնպես գրավիչ է դարձնում մասնագիտությունը»,-կարծում է նյարդավիրաբույժը:

Անդրադառնալով մասնագիտական գործունեությանը՝ նշում է, որ բաժանմունքում տարեցտարի ավելանում է վիրահատությունների քանակը: «Նախորդ և այս տարի մոտ 250 վիրահատություն է իրականացվել, որոնցից գերակշռում են գլխուղեղի անոթային հիվանդությունների կապակցությամբ վիրահատությունները՝ անևրիզմաներ, իշեմիկ ինսուլտներ, ավելի քիչ քանակությամբ՝ ողնաշարի ճողվածքներ, գլխուղեղի ուռուցքներ, վնասվածքներ»,-ընդգծում է նա:

Սևակ Բադալյանի խոսքով՝ ամեն անգամ վիրահատության գնալիս միակ անհանգստությունն այն է, որ ամեն բան կատարվի պատշաճ և հիվանդի մոտ վիճակի վատացում չլինի: «Իմ կողմից կատարված ամենաերկար վիրահատությունը տևել է մոտ 9 ժամ. ողնուղեղի բնածին արատի բարդ վիրահատություն էր՝ զուգակցված ուռուցքով և ողնուղեղի երկատումով»,-հիշում է բժիշկը:

Խոսելով բժիշկ-պացիենտ փոխհարաբերությունները մասին՝ ասում է, որ վիրահատություններից հետո պահանջվում է երկարատև դինամիկ հսկողություն՝ 2-3 տարի պետք է պահապանել կապը պացիենտների հետ: «Քանի որ երկարատև է շփումը, այդ կապը պացիենտ-բժիշկ հարաբերությունից հաճախ վերափոխվում է ընկերական կապի»,-հավելում է նա:

Համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների բուժման մասնագիտացված կենտրոնը տարածաշրջանային նշանակություն ունի՝ առաջինն ու միակն է Հայաստանում: Կենտրոնը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ իրականացվում են ոչ միայն բուժական, այլև կրթական աշխատանքներ: «Լինելով համալսարանական կլինիկայի աշխատակից՝ ես և իմ գործընկերներն ակտիվորեն համագործակցում ենք միջազգային կենտրոնների հետ, տարեկան 1-2 անգամ անցնում ենք երկարատև վերապատրաստումներ, ինչպես նաև եվրոպական գրեթե բոլոր միջազգային կոնֆերանսներին ակտիվ մասնակցություն ենք ունենում: Ներանոթային վիրաբուժության պարագայում կարող եմ ասել, որ մեր հնարավորությունները չեն զիջում եվրոպական փորձին՝ տեխնիկական, նյութական, ինչպես նաև վիրահատությունների ծավալով: Վիրահատությունները կատարվում են այն նույն միջոցներով, ինչ Եվրոպայում»,-նշում է նյարդավիրաբույժը՝ ընդգծելով, որ վիրաբուժական արդյունքները ևս համեմատելի են այդ կենտրոնների արդյունքների հետ:

Սևակ Բադալյանն ավելի քան երկու տարի է մասնագիտական գործունեությունը համատեղում է դասախոսական աշխատանքի հետ՝ դասավանդելով, հիմնականում, անգլիախոս ուսանողներին: «Փորձում ենք տեսական գիտելիքների հետ մեկտեղ ուսանողներին փոխանցել գործնական հմտություններ: Մեր հիվանդների օրինակներով ներկայացնում ենք բոլոր հիվանդությունները և հնարավորություն ենք ընձեռում որպեսզի ուսանողները մասնակցեն վիրահատություններին»,-ասում է բժիշկը՝ հավելելով, որ, ցավոք, նյարդավիրաբուժությունն այնքան էլ գրավիչ մասնագիտություն չէ ուսանողների համար, քանի որ պահանջում է շատ էներգիա լավ մասնագետ դառնալու համար, երկարատև ուսումնառություն, որը մեծ ջանքեր է խլում նաև մասնագիտական գործունեության ընթացքում՝  հոգեբանորեն և ֆիզիկապես: