• Հայ
  • Рус
  • Eng
Միջազգային ուսանողական համաժողովները հարստացնում են ապագա ակնաբույժի գիտելիքները
Միջազգային ուսանողական համաժողովները հարստացնում են ապագա ակնաբույժի գիտելիքները
09.09.2019

Մարիամ Ղազարյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող է։ Դեռ նախորդ տարի մայիսին նա Սոֆիայում անցկացված ICMS- international conference of medical students 2019 համաժողովին  է մասնակցել, որը միավորել էր ավելի քան 300 ուսանող ամբողջ աշխարհից։ Ապագա բժիշկն այնտեղ ակնաբուժության թեմային վերաբերող զեկույցով է ներկայացել ու զբաղեցրել 3-րդ տեղը։ Այնուհետև հունիսին մասնակցել է նեղ մասնագետների ու բժիշկների համար Նիցցայում անցկացվող SOE2019 (European Society of Ophthalmology) Եվրոպական ակնաբուժական ասոցիացիայի նախաձեռնած համագումարին։ Մարիամն ամենափոքրն էր տարիքով և բանավոր զեկույց ուներ։

 «Այստեղ մրցույթ չկար, բայց ինձ համար մեծ նշանակություն ունեցող համագումար էր, որովհետև ապագա մասնագիտությանս ոլորտում հեղինակավոր կոնֆերանսներից է աշխարհում»,- պատմում է ուսանողը։ Հունիսին էլ Մոսկվայում` Ի. Սեչենովի անվան  առաջին պետական բժշկական համալսարանում է պրակտիկա անցել։ Մոտ օրերս պետք է մեկնի Բեռլին, Շարիտեի համալսարանում կայանալիք ESC (Europen Students' Conference) ուսանողական համաժողովին մասնակցելու նպատակով, որտեղ նույնպես զեկույց է ունենալու։

Մարիամ Ղազարյանը դեռ դպրոցից սկսած միշտ բացի դասերից աշխատել է այլ հետաքրքիր զբաղմունքներ գտնել։ Սովորել է «Այբ» դպոցում, որտեղ կամավորական աշխատանքը շատ է խրախուսվել։

«Ընդունվելով համալսարան երեք տարի Ուսանողական խորհրդարանի միջազգային կապերի հանձնաժողովին եմ անդամակցել։ Այստեղ ամենամեծ ձեռքբերումներից ամբողջ աշխարհում սովորող բժիշկ ուսանող-ընկերներս են, ովքեր գալիս էին Հայաստան պրակտիկայի, ու ընկերանում էինք»,- նշում է ապագա ակնաբույժը։

 Համաժողովների մասին ԵՊԲՀ սովորողը ինքնուրույն է տեղեկատվություն փնտրում և գտնում, բայց Սեչենովի համալսարանում ուսումնական պրակտիկա անցնելու հնարավորությունը ԵՊԲՀ-ն էր ընձեռել՝ երկու բժշկական համալսարանների միջև կնքված համագործակցության համաձայնագրի ակադեմիական շարժունության փոխանակման ծրագրի շրջանակում

«Հետո, ավելի բարձր կուրսերում հասկացա, որ ժամանակն է արդեն էլ ավելի ապագա մասնագիտությանս վերաբերող աշխատանքներով զբաղվել, ու սկսեցի փնտրել հնարավոր տարբերակներ արածս հետազոտությունները ներկայացնելու համար։ Առաջին confirmation email-ը՝ էլեկտրոնային փոստով ստացած հաստատումն իհարկե միշտ կհիշվի»,- հավելում է Մարիամը։

 Ուսանողական համաժողովներին մասնակցությունը ապագա մասնագետին գիտելիքի հավելյալ պաշար, աշխարհում ճանաչված բժիշկների հետ շփվելու հնարավորություն ու աշխարհի շատ երկրներից բժիշկ-ուսանող ընկերներ, ինչպես նաև մեծ լսարանի առաջ ելույթ ունենալու հնարավորություն ու փորձ է տվել։  Ինչպես բնորոշում է սովորողը՝ ինքն իր վրա աշխատելու ու առաջ գնալու մարտահրավեր է:

 

Ապագա բժշկի հետ զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը