• Հայ
  • Рус
  • Eng
Մենդելեևի պարբերական աղյուսակն՝ առաջին կուրսեցիների տեսանկյունից
Մենդելեևի պարբերական աղյուսակն՝ առաջին կուրսեցիների տեսանկյունից
18.04.2019

Դ. Ի. Մենդելեևի պարբերական աղյուսակի ստեղծման 150 ամյակին նվիրված՝  ԵՊԲՀ բժշկական քիմիայի ամբիոնի և ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպված գիտաժողովին առաջին կուրսի ուսանողները ներկայացան զեկույցներով՝ ընդգծելով, որ պարբերական աղյուսակը հանդիսանում է ինչպես քիմիայի, այնպես էլ բժշկության ու բժշկական քիմիայի հիմքերից մեկը:

Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը վերհիշելով իր ուսանողական տարիները նշեց, որ տարիներ շարունակ՝ ավանդաբար, բուհում կազմակերպվել է այսպիսի միջոցառում: «Այս անգամ այն համընկել է Մենդելեևի 150 ամյակի հետ: Ես ուրախ եմ, որ առաջին կուրսեցի ուսանողներն ասելիք ունեն: Կա պոտենցյալ, որը պետք է ի հայտ բերել՝ գիտական արդյունքի հիման վրա ավելի բարձր ամբիոններից հանդես գալու համար»,- ասաց պրոռեկտորը՝ շեշտելով, որ քիմիայի դերը բժշկության մեջ միշտ հիմքային է ու արդիական:

Բժշկական քիմիայի ամբիոնի վարիչ Մագդալինա Մելքոնյանն ողջունելով ուսանողների ներգրավվածությունն ու ակտիվությունը՝ նշեց, որ գիտաժողովին ներկայացված են եղել երկու տասնյալից ավելի զեկույցներ, որոնցից ընտրվել են 20-ը, իսկ մյուսները հադես են եկել պաստառային զեկուցմամբ: «Այսօր բուհը մեծ տեղ է տալիս հետազոտական աշխատանքներին, որոնք իրականացվում են ուսանողների կողմից: Ապագա բժիշկների հետ մեր խնդիրն է եղել ստեղծել այնպիսի զեկույցներ, որոնք արտահայտում են խնդիրների բուն էությունը»,- ասաց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ առաջին կուրսում ուսանողները ձեռք են բերում փորձ՝ կատարելու այսպիսի աշխատանքներ՝ օգտվել գրականությունից, ձևավորել պաստառներ, հանդես գալ բանավոր զեկույցներով, ինչը հետագա գործունեության համար շատ կարևոր է բաղադրիչ է:

Գիտաժողովի ընթացքում ԵՊԲՀ առաջին կուրսի ուսանողները ներկայացնելով զեկույցները կատարեցին պատմական ակնարկներ, ինչպես նաև մանրամասն անդրադարձան պարբերական աղյուսակի մեջ ընդգրկված տարրերին: