• Հայ
  • Рус
  • Eng
Բժշկական հաստատությունների արդյունավետ կառավարմանն ուղղված  նոր մագիստրոսական ծրագիրը ներկայացվում է առողջապահության կազմակերպիչներին
Բժշկական հաստատությունների արդյունավետ կառավարմանն ուղղված նոր մագիստրոսական ծրագիրը ներկայացվում է առողջապահության կազմակերպիչներին
30.06.2017

Փորձը վկայում է, որ առողջապահական հաստատությունը արդյունավետ ղեկավարելու համար միայն բժշկական կրթություն ունենալը բավարար չէ: ԵՊԲՀ նոր՝ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մագիստրոսական ծրագիրն առաջին հերթին միտված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը:

2017-2018թթ. ուսումնական տարվանից մեկնարկող ծրագիրն իրականացվելու է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:

Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը մայրաքաղաքի խոշոր բժշկական կենտրոնների վարչական հատվածում աշխատող պատասխանատուներին է ներկայացրել մեկ տարի տևողությամբ կրթական ծրագրի մանրամասները: Արդեն հանդիպումներ են անցկացվել «Իզմիրլյան» և «Աստղիկ» բժշկական կենտրոններում: Առաջիկայում ևս մի քանի բժշկական կենտրոններում դեկանը կխոսի ծրագրի առավելությունների ու հնարավորությունների մասին:

Նա նշեց, որ ժամանակի պահանջով մեկնարկող և մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռնում համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, 15:00-ից հետո:

Դիմումներն ընդունվում են հունիսի 27-ից մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, ադմինիստրատիվ մասնաշենք 3–րդ հարկ):

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Բարձրագույն կրթության դիպլոմ և միջուկ, դրանց պատճեները,
  • Անձնագիր, անձնագրի պատճենը,
  • Չորս 3x4 լուսանկար,
  • Ռեզյումե (CV)
  • Մոտիվացիոն նամակ (1 էջ)


Բոլոր մանրամասներն այստեղ: