• Հայ
  • Рус
  • Eng
Լեո Բոկերիան տպավորված է երևանյան բժշկական կենտրոններով
Լեո Բոկերիան տպավորված է երևանյան բժշկական կենտրոններով
17.11.2017

Անվանի սրտային վիրաբույժ Լեո Բոկերիան վաղ առավոտից այցելեց երևանյան մի քանի բժշկական կենտրոններ:

«Նորք Մարաշ» սրտաբանական և «Աստղիկ» բժշկական կենտրոններից բացի անվանի բժիշկն այցելեց նաև Ալեքսանդր Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նա ծաղիկներ խոնարհեց վիրաբույժի հուշարձանի մոտ: Բժիշկն անձամբ է ճանաչել է հայ անվանի գործընկերոջը: Լեգենդար պրոֆեսորը հաջորդիվ այցելեց ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, ծանոթացավ հիվանդանոցայի համալիրի հնարավորություններին, շրջեց բաժանմունքներում:

 Լրագրողների հետ զրույցում պրոֆեսորը նշեց, որ շատ լավ տպավորություն ստացավ երևանյան կլինիկաներից: Մասնավորապես ակադեմիկոսի ուշադրության կենտրոնում էին այն բժշկական հաստատությունները, որտեղ սրտի վիրահատություններ են կատարվում: Երկարամյա բժիշկը բարձր գնահատեց մայրաքաղաքի բժշկական կենտրոնների հագեցվածությունն ու հնարավորությունները: 1000-ից ավելի մարդկային սրտեր վիրահատած 78-ամյա բժիշկն առաջին անգամ չէ Հայաստանում: Նրան տպավորել է ինչպես տաք եղանակը, այնպես էլ մարդկային ջերմությունը: Փորձառու մասնագետն ունի նաև սիրտն առողջ պահելու իր բանաձևը:

Նա հորդորում է ամեն օր հետևել քնի և սննդի ճիշտ ռեժիմին, ինչպես նաև ամենակարևորը՝ ձգտել ստանալ դրական էմոցիաների ամենօրյա չափաբաժին: