• Հայ
  • Рус
  • Eng
Խաղաթերապիան երեխաների համար օազիս է հիվանդանոցային աշխարհում
Խաղաթերապիան երեխաների համար օազիս է հիվանդանոցային աշխարհում
01.04.2019

ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի՝ հանրապետությունում միակ Խաղաթերապիայի կաբինետի նպատակն է ստեղծել ջերմ և անկաշկանդ մթնոլորտ` առողջական խնդիրներ ունցող երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու համար: Կաբինետն արդեն 15 տարվա պատմություն ունի, և այստեղ տարիներ շարունակ աշխատել և աշխատում են իրենց գործի նվիրյալ մասնագետներ։ Նրանցից է մանկավարժ-հոգեբան, կաբինետի պատասխանատու Ռուզաննա Շավրեշյանը։

«Իմ խաղաթերապիայում հայտնվելը եղավ շատ պատահական, երբ առաջարկ ստացա ինձ համար շատ կարևոր մի մարդու` Շուշան Մանուկյանի կողմից, ով հանդիսանում էր խաղաթերապիայի, այնուհետև ընտանեկան կենտրոն նախագծերի ղեկավարը։ Նա միշտ ասում էր. «Երեխաները քեզ շատ կսիրեն, դու լավ հոգեբան կլինես»։ Բայց այդ ժամանակ ես սովորում էի ԵՊՄՀ -ի գեղարվեստի բաժնում և հայտնվել էի խաղաթերապիայում՝ փոքրիկների ստեղծած հեքիաթները  պատկերազարդելու համար»,-  պատմում է Ռուզաննան։

Այդպես նա  դառնում է  Խաղաթերապիայի կաբինետի կամավոր,  մասնակցում է  դասընթացների, միջոցառումների, փորձում  օգնել  աշխատակիցներին։ Տարիներ առաջ Խաղաթերապիայի թիմը համալրելու փորձը նրա մոտ ձախողվեց, սակայն առաջին անհաջողությունը նպաստեց, որպեսզի  բոլորին ապացուցի, որ ֆիզիկական սահմանափակ հնարավորությունները սիրված աշխատանքով զբաղվելու համար խոչընդոտ չեն։  «Հաշմանդամ» բառը փոքրուց չի սիրել։ Ոտքի հետ կապված դժվարությունների պատճառով խուսափել է հայտնվել նոր միջավայրում, չի սիրել ավելորդ ուշադրություն։

«Յուրաքանչյուր դժվարություն հաղթահարել եմ մայրիկիս համառության շնորհիվ։  Շնորհակալ եմ Աստծուն , որ ծնվել եմ հենց այս ընտանիքում ու ունեմ նման մայրիկ, հայրիկ և եղբայր։ Երբեք իմ փոխարեն որոշումներ չեն կայացրել, միշտ իմ կողքին են եղել, բայց նաև թույլ են տվել,  որ ինքնուրույն հաղթահարեմ յուրաքանչյուր խոչընդոտ, որ համոզվեմ ես կարող եմ։ Ու նրանք ճիշտ էին, հիմա ես ամաչելով չեմ խոսում իմ ֆիզիկական դժվարությունների մասին, ես չեմ խուսափում նոր միջավայրերում գտնվելուց, ես ինձ համարում եմ հասարակության լիարժեք անդամ դրա համար շնորհակալ եմ նաև իմ բոլոր ընկերներին, որոնք ունեն իրենց փոքրիկ կամ մեծ լուման իմ կայացման հարցում»,-անկեղծանում է մանկավարժ-հոգեբանը։ 

Տարիներ անց նա շնորհակալ է իրեն աշխատանքի անցնելու առաջարկը մերժած մարդկանց, որովհետև իր մեջ ցանկություն առաջացավ բոլորին ապացուցելու, որ  կարող է հաղթահարել ցանկացած խնդիր` անկախ իր ֆիզիկական խնդրից։

«Բայց, երբ իմ սիրելի բժշկուհին՝ Շուշանը Մանուկյանը, պետք է ԱՄՆ մեկներ, պնդեց, որ նորից փորձեմ և այս անգամ ստացվեց։ Ես արդեն սկսել էի հետաքրքրվել հոգեբանությամբ և շատ թրեյնինգների էի մասնակցում, ուզում էի արտ-թերապևտ դառնալ»,-մանրամասնում է մանկավարժ-հոգեբանը։

 2008 թվականից նա աշխատում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրումում որպես մանկավարժ՝ զուգահեռ սովորելով ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում։

«Ես փորձում էի ամեն բան անել, որ կատարեմ իմ աշխատանքը` անտեսելով դժվարությունները։ Երբ մեր նախկին հոգեբան` Լուսինե Հովհաննիսյանը, մեկնում էր գործուղման ամբողջ պատասխանատվությունը թողնում էր ինձ վրա, ինչի համար շատ շնորհակալ եմ նրան , որ սովորեցի ամեն մի մանրուք իմ աշխատանքում և սիրեցի իմ աշխատանքը։ Իսկ արդեն 2018 թվականից աշխատում եմ խաղաթերապիայում` որպես հոգեբան և բաժնի պատասխանատու»,- հավելում է Ռուզաննան։

Այժմ խաղաթերապիան իր երկրորդ տունն է։ Գործընկերները կփաստեն, որ  ցավ է ապրում, երբ որևէ խաղալիք է կոտրվում կամ որևէ խաղ վնասվում է։

«Փորձում եմ պահպանել իմ գործընկերների դժվարությամբ ստեղծածը և ուզում եմ պատվով շարունակել նրանց աշխատանքը։ Թեպետ նրանք Հայաստանում չեն, բայց յուրաքանչյուր պահի իմ կողքին են և միշտ օգնում են իրենց խորհուրդներով»,- ընդգծում է կաբինետի պատասխանատուն։

Ինչ վերաբերվում է խաղաթերապիային, ապա նրա խոսքով՝  թվում է, մի փոքրիկ կաբինետ է, բայց իրականում շատ մեծ գործունեություն է ծավալում։

Խաղաթերապիայի կաբինետը բուժում ստացող երեխաներին փորձում է որոշ չափով շեղել հիվանդանոցային ճնշող միջավայրից: Խաղը կենսական նշանակություն ունի երեխայի հոգեկան զարգացման համար: Երեխաների համար այն մեծերի աշխարհի հետ շփման, նրանում սեփական մասնակցություն ունենալու միջոց է: Խաղաթերապիայի կաբինետն օգնում է երեխաներին հիվանդանոցային պայմաններում ևս ապրել նույն կյանքով, ինչ առողջ ժամանակ` խաղալ, շփվել, կատարել տնային առաջադրանքներ:

Ռուզաննա Շավրեշյանի համոզմամբ՝ հիվանդանոցային աշխարհում Խաղաթերապիայի կաբինետը երեխաների համար կարծես օազիս լինի։ Այն մի վայր է, որտեղ երեխաները կենսական լիցքեր են ստանում:

Հիվանդանոցի ղեկավարության, Ռուզաննայի ու իր գործընկերների համատեղ ջանքերով  «Մուրացան» հիվանդանոցային համալիրի Խաղաթերապիայի կաբինետում նոր ծրագրեր են կյանքի կոչվում։ Երեխաներն ու ծնողները ոգևորությամբ են գալիս կաբինետ՝ խորհրդատվություն ստանալու նպատակով։

Կաբինետը հյուրընկալում է ԵՊՄՀ-ի տարբեր բաժինների ուսանողների, որոնք վերապատրաստվել են որպես խաղաթերապևտ և կամավորական աշխատանքներ են իրականացրել։ Մշտապես համագործակցություն է ծավալվում տարբեր հասարակական  կազմակերպությունների հետ։

 

Տաթևիկ Գրիգորյան