• Հայ
  • Рус
  • Eng
Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք
Հեռավար ուսուցումը՝ կրթության ժամանակակից գործիք
26.07.2019

Հեռավար ուսուցումը հարմարավետ և ժամանակակից գործիք է կրթությունն ավելի բազմակողմանի դարձնելու համար: ԵՊԲՀ-ում անցկացվեց եռօրյա դասընթաց, որին մասնակցեցին ուսանողներ և դասախոսներ՝ գիտական և տեսական ամբիոներից:

Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, այդ թվում՝ «Moodle» համակարգի օգտագործման հմտություններին:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան, ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դոցենտ, կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդական Արտեմ Գրիգորյանը լինելով դասընթացի մասնակից՝ նշեց, որ հարթակը հնարավորություն կտա լայն շրջանակներում ամբողջական դասընթացներ կամ դրանց ինչ-որ հատվածներ իրագործել առցանց: «Չնայած աշխարհում առավել տարածված ու հնարավություն ունեցող հարթակ լինելուն՝ այն օգտագործելու համար պահանջվում են հմտություններ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է աշխատանքներ տանել ԵՊԲՀ-ում  այն կիրառելու մեխանիզմներ ներդնելու համար:

Արտեմ Գրիգորյանի խոսքով՝ սա բուհի ուսումնական պրոցեսում բարեփոխումներին համահունչ նախագիծ է, և քայլեր են արվում 2019-2020 ուսումնական տարում այն ներդնելու ուղղությամբ:

«Հաճախ անհրաժեշտություն է լինում ուսումնական պրոցեսի մի մասը կազմակերպել առցանց: Դա երնթադրում է բավական հետաքրքիր շփում, երկխոսություն դասախոսի և ուսանողների միջև: Այն նաև մեծ հնարավություններ կտա կազմակերպել խմբային աշխատանքներ, ինչն աշխարհում կարևոր խնդիր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ համալսարանում աշխատանքներ են տարվում բազմաբաղադրյալ գնահատում կազմակերպելու համար, ինչը ենթադրում է նաև բազմաբաղադրյալ ուսուցում: Հեռավար ուսուցումը կարող է ծառայել ոչ միայն ուսանողներին, այլև կազդի բուհի պրոֆեսորադասխոսական կազմի որակավորման բարձրացման վրա:

Կրթության որակի գնահատման և բարելավման հարցերով խորհրդականի կարծիքով՝ այլևս անհրաժեշտություն չի լինի նույն դասընթացը վարել մեկից ավելի անգամ, քանի որ կա հնարավորություն ստեղծել մեկ դասընթաց, որին կկարողանան մասնակցել բոլոր ցանկացողները, իսկ ստացած գիտելիքները շատ ավելի կայուն կլինեն՝ քանի որ փոխանցվող տեղեկատվությունը միշտապես հասասնելի կլինի, ինչպես նաև կստեղծվի հետադարձ կապի, մեկը մյուսին գնահետելու ու լրացնելու հնարավորություն: