• Հայ
  • Рус
  • Eng
Գիտական հրավառություն տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ակումբում
Գիտական հրավառություն տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ակումբում
21.01.2020

Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից արդեն գրեթե մեկ տասնամյակ գործում է օպերատիվ վիրաբուժության խմբակը, որն իր ստեղծման օրվանից միտված էր ուսանողների գործնական հմտությունների կատարելագործմանը: Այս կիսամյակն առանձնանում է կատարված հսկայածավալ աշխատանքներով և, հատկապես, ներգրավված  ուսանողների աննախադեպ թվով: Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ Սեմյոն Օրդույանի առաջարկությամբ 2019 թվականի սեպտեմբերից սկսած՝ գիտական խմբակի աշխատանքների շեշտը դրվեց ապագա վիրաբույժների համար հատկապես կարևոր, միմյանց փոխլրացնող երկու բաղադրիչների՝ գործնական հմտությունների և տեսական գիտելիքների զարգացման վրա:  

Աշխատանքները հենց սկզբից էլ շատ հագեցած մեկնարկեցին: Շնորհիվ դասախոսներ Նարինե Թորոսյանի, Աննա Ռոլիչի, համակարգչային օպերատոր Մարիամ Հայրապետյանի, Անահիտ Մարդոյանի և իհարկե կուրատորներ Տիգրան Սևյանի, Միխայիլ Բոլյանի, Մերի Ղարագյոզյանի, Սարգիս Գրիգորյանի, Հովհաննես Սիմոնյանի և Դիանա Ատոմյանի, ինչպես նաև խմբակի անեսթեզիոլոգ Հայկ Ավակյանի՝ խմբակի գործունեությունը մտավ կանոնավորված հունի մեջ: Կուրատորներն առավել քան արդյունավետ կերպով ցանկացողներին սովորեցնում էին վիրաբուժության առանցքում ընկած գործնական հմտություններ և դրան զուգահեռ զեկույցների տեսքով օգնում էին ամրապնդել գործնական և տեսական գիտելիքները: Վերջին ամիսներին կուրատորների թիմը, որում արդեն իսկ համալրումներ էին եղել առավել ակտիվ նորեկներից, կարողանում էր մեկ շաբաթում սպասարկել ավելի քան 180 ուսանողի: Արդյունքում, կիսամյակի ավարտին, կուրատորների թիմի ջանքերի շնորհիվ իրենց առաջին քայլերն արեցին կամ գործնական հմտությունները կատարելագործեցին 400-ից ավելի ուսանողներ ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական և անգամ դեղագիտական ֆակուլտետներից, ընդ որում, ուսուցումն իրականացվում էր 3 լեզուներով, քանի որ մասնակիցների թվում նաև արտասահմանցի ուսանողներ կային: Ակումբի աշխատանքների մասնակցելու և իրենց նախնական բժշկական գիտելիքները հղկելու հնարավորություն ընձեռվեց նաև ԵՊԲՀ-ի 80-ից ավելի քոլեջականների:

Դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ օպերատիվ վիրաբուժության օլիմպիադան, որը յուրահատուկ ստուգատես և պատասխանատու հարթակ էր ուսանողների՝ այս ընթացքում իրենց սովորածով մրցելու և իրենց ձեռք բերած հմտությունները պատվավոր ժյուրիներին ներկայացնելու համար: Ժյուրիի կազմում էին Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Իրինա Մալխասյանը, դասախոս Նարինե Թորոսյանը, ասիստենտ Աննա Թոփլաղալցյանը, ինչպես նաև կուրատոր Միխաիլ Բոլյանը:

Մուշեղ Միրիջանյանը կարևորեց օլիմպիադայի անցկացումը՝ այն համարելով բժշկական համալսարանի լավագույն ավանդույթների շարունակություն՝ կոչ անելով մյուս կլինիկական ամբիոններին այս օլիմպիադան համարել օրինակելի և հանդես գալ նմանատիպ նախաձեռնություններով:

Նկատելով ուսանողների ոգևորությունը ու աշխատասիրությունը՝ վիրաբույժը հույս հայտնեց, որ այս ուսանողները վաղը կդառնան վիրաբուժական առաքելության իրենց արժանապատիվ հետնորդները: Օլիմպիադային մասնակցում էին 9 թիմեր, իսկ մասնակիցների մեջ կային ուսանողներ ԵՊԲՀ-ի գրեթե բոլոր ֆակուլտետներից, կուրսերից և անգամ քոլեջից: Թիմերը գիտական, բայց միևնույն ժամանակ գեղարվեստական, և իհարկե հումորային կերպով ներկայացրին իրենց պատրաստած հոլովակները, ապա մրցեցին առավել ճշգրիտ բարդ կարեր դնելու, առավել հուսալի վիրակապելու, վիրաբուժական գործիքների նշանակությունը լավագույնս իմանալու և ավելի արագ վիրաբուժական հանգույցներ անելու հմտություններով: Ողջ ընթացքում թիմերի միջև գրեթե հավասար պայքար էր ընթանում և վերջնական հաղթողը որոշվեց միայն վիկտորինայի արդյունքում, որի շրջանակներում կար անգամ հատուկ տեսահարց՝ ուղարկված Սեչենովի համալսարանի մեր գործընկերներից: Վերջնական արդյունքներով հաղթող ճանաչվեց «Haema alba», իսկ երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրին համապատասխանաբար «Адепты Пирогова», «Бойцы-Спасатели» թիմերը : Օլիմպիադայում լավագույնս հանդես եկածխ թիմերը հնարավորություն կստանան իրենց ուժերը կրկին փորձել արդեն առավել բարդ և մասնագիտական օլիմպիադայի հաջորդ փուլում:

Դեկտեմբերի 21-ին ԵՊԲՀ-ի կապույտ դահլիճում գիտական հրավառությունը շարունակվում էր: Վերջին ամիսներին ակումբի շրջանակներում պատրաստված և ներկայացված տասնյակ ամենաբազմազան ելույթներից ընտրվել էին 9 լավագույնները եզրափակիչ կոնֆերանսում հանդես գալու համար: Պրոֆեսոր Օրդույանի բնորոշմամբ՝ կոնֆերանսի մասնակիցներին միավորող գլխավոր գործոնն հենց սերն է օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի հանդեպ: Գիտական սեր, որով ներշնչված տասնյակ ուսանողներ, նույնիսկ դեռ չանցնելով այս առարկան և կամ սովորելով ստոմատոլոգիական, անգամ դեղագիտական ֆակուլտետներում ամբիոնի ղեկավարի աջակցությամբ և իրենց կամային աշխատասիրությամբ ի վերջո հաջողեցին անել առաջին քայլերը գիտական հետազոտությունների ոլորտում, ինչը մեծապես խրախուսվում է ողջ աշխարհի ժամանակակից համալսարաններում: Կոնֆերանսի ընթացքում երեք լեզուներով ներկայացվեցին ամենաբազմազան զեկույցները երիկամների, հարականջային և վահանաձև գեղձերի քաղցկեղների վիրահատական բուժումից մինչև արտաօրգանիզմային արյան շրջանառություն, անոթային վիրաբուժություն, հյուսվածքների փոխպատվաստումներ, ակնաբուժական գերժամանակակից լազերային միջամտություններ անգամ գանգահատումներ ոչ միայն վիրաբուժական, այլև բժշկական պատմության տեսանկյունից: Կոնֆերանսն, ինչպես նաև ակումբի այս կիսամյակի գործունեությունը ամփոփելով՝ տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ բ.գ.դ. պրոֆեսոր Սեմյոն Օրդույանը արձանագրեց, որ այս կիսամյակում կատարված ահռելի արդյունավետ աշխատանքի շնորհիվ՝ գիտական խմբակն արդեն իսկ վերածվել է գիտական ակումբի, և այսքան կարճ ժամանակում նկատելի է, թե ակումբի անդամներն ինչքան են հարազատացել միմյանց, ինչքան դրական և փոխօգտակար հարաբերություններ են ձևավորվել, որոնք էլ նաև ընկած են թիմային աշխատանքի հաջողության հիմքում:

Պրոֆեսոր Օրդույանը իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր կուրատորներին՝ ընդգծելով նրանց նվիրված աշխատանքը, քաջալերեց բոլոր զեկուցողներին և ակումբի անդամներին կոչ արեց էլ ավելի լայն թափով զբաղվել գիտական գործունեությամբ՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը աջակցելու և նպատաստելու ապագա զեկույցների կայացման գործում:

Ամբիոնի ղեկավարության և գիտական այս մաշստաբային իրադարձության մասնակից շուրջ 500 ուսանողների անունից ուզում ենք մեր շնորհակալությունը հայտնել մեծարգո ռեկտոր Արմեն Մուրադյանին, պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանին և Գառնիկ Ավետիսյանին, իրավամբ ուսանողամետ այս հրաշալի նախաձեռության կայացման գործում իրենց ավանդի և համակողմանի աջակցության համար: Առանձնահատուկ շնորհակալություն մոտ ապագայում Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կառուցվող վիրաբուժական մասնագիտական կրթական կենտրոնի համար, որի առկայությունը աներկբա նոր մասնագիտական բարձունքների է մղելու հայկական վիրաբուժությունը:


Հոդվածի հեղինակ՝ ընդհանուր բժշկություն ֆակուլտետի 2 կուրսի ուսանող Ահարոն Ծատուրյան