• Հայ
  • Рус
  • Eng
ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց
ԵՊԲՀ ռեկտորը վստահ է՝ տարիներ շարունակ Հիպոկրատի երդումները հասել են իրենց նպատակին. 889 շրջանավարտ երդվեց
02.07.2020

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիրի պատմական շենքի բակում Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի հանդիսավոր նիստին Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ: 

Հանդիսավոր նիստին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, պրոֆեսորադասախոսական կազմը: 

Բոլորի կողմից սպասված, ավանդույթ դարձած միջոցառումն այս տարի չնայած մարդաշատ չէր, սակայն սպասված էր, խորհրդանշական ու կարևոր ոչ միայն շրջանավարտների, այլև պրոֆեսորադասախոսական կազմի և համայն հայության համար: Ներկաները ևս մեկ անգամ իրենց հարգանքն ու խոնարհումը հայտնեցին առաջնագծում կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի դուրս եկած, կռվող Հայաստանի Հանրապետության բոլոր բուժաշխատողներին։ 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորելով ներկաներին և գիտական խորհրդի հեռավար նիստին մասնակցող համալսարանականներին նշեց, որ չնայած բոլոր դժվարություններին՝ օրը հանդիսավոր է և հուզիչ: 

«Շուրջ մեկ դար այս շենքում կերտվել, կոփվել են բժշկապետեր, բժիշկներ, բուժաշխատողներ, որոնք ապահովել են մեր ժողովրդի բժշկական անվտանգությունը: Հուզիչ է՝ չեմ տեսնում գիտական խորհրդի անդամների հպարտությամբ լցված աչքերը, սերունդներով դաստիարակված մեր բժիշկներին, մեր շրջանավարտներին, որոնք խրամատներում այսօր ապահովում են մեր ժողովրդի առողջությունն ու կյանքը: Խոնարհվում եմ բոլորիդ առաջ և համոզված ասում եմ, որ տարիներ շարունակ այս շենքի առջև տրված երդումները հասել են իրենց նպատակին»,-ասաց ԵՊԲՀ ռեկտորը՝ հիշեցնելով մեծանուն Շառլ Ազնավուրի՝ հերացիականներին ուղղված մարդասեր լինելու պատվավոր կոչը: «Բոլորս հզոր լույսի պես ճեղքելով մեր ժողովրդի կյանքը վտանգող խավարը, պարտավոր ենք միասնական ռազմաճակատով պատասխան տալ: Դուք պետք եք, դուք կարող եք և դուք հաղթող եք»,-հորդորեց Արմեն Մուրադյանը: 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ողջունեց հիվանդանոցներում, վերակենդանացման բաժանմունքներում, շտապօգնության մեքենաներում հեռավար նիստին հետևող շրջանավարտներին: «Այս ամիսներին դուք անում եք մի աշխատանք, որը նույնքան կարևոր է, որքան զինվորի և զինվորականի կատարած գործը սահմանին: Դուք մեզ պաշտպանում եք ամբողջ աշխարհը պատած անտեսանելի հարձակումից: Այս բուհի որակյալ կրթությունը ստացած, այս բուհն ավարտած մասնագետները բուժօգնություն են ցույց տալիս ինչպես Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհի տարբեր երկրների քաղաքացիներին»,-ասաց նախարարը՝ հավելով, որ պետությունը գնահատում է բժշկի կատարած աշխատանքը և գնահատելու է ապագայում: 

Այնուհետև շքեղ լուսավորված պատմական շենքի բակում Հիպոկրատի երդում տվեց ԵՊԲՀ 889 շրջանավարտ։ Շրջանավարտներն իրենց երդման առաքելությունը պատվիրակել էին իրենց սիրելի դեկաններին, որոնք ողջույնի խոսք ասացին և շնորհակալություն հայտնեցին սիրելի ուսանողներին՝ կյանքի կարևոր առաքելություններից մեկը՝ Հիպոկրատի երդումը, իրենց վստահելու համար: 

«Մենք բժշկություն ենք ճանապարհում լավագույն սերնդին: Ձեզանից յուրաքանչյուրը հոգևոր հանձնառություն և բարոյական պատասխանատվություն ունի մեր ժողովրդի առջև»,-ասաց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը:

Շրջանավարտներին ողջունեց նաև Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ, ավելի քան կես դար առողջապահական համակարգում մասնագիտական գործունեություն ծավալած բժիշկ Մելանյա Շմավոնյանը։