• Հայ
  • Рус
  • Eng
Եվս երկու բարդ վիրահատություն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
Եվս երկու բարդ վիրահատություն՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում
12.03.2019

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկները երկու բարդ վիրահատություն են կատարել:

Փետրվարի 18-ին վրաերթի հետևանքով Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ են տեղափոխվել երկու քույրեր, որոնց վիճակը գնահատվել է ծանր, սակայն հմուտ բժիշկների միջամտության արդյունքում աղջիկներն արդեն լավ են զգում իրենց:

Վիրահատությունը կատարել են պրոֆեսոր Արմեն Այվազյանը, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանը և բժիշկ-միկրովիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը:

Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի բժիշկ-միկրովիրաբույժ, ձեռքի վիրաբույժ Սուրեն Թոփլաղալցյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աղջիկներից մեկն ունեցել է կոնքոսկրերի կոտրվածք, ընթանում է կոնսերվատիվ բուժում, իսկ մյուս աղջիկն ունեցել է բազկոսկրի բաց բարդացած կոտրվածք՝ ճաճանչային նյարդի վնասավածքով:

«Ոսկրերի վիրահատությունը կատարվել է օստրիոսինթեզ մետաղական հարթակով և պտուտակներով, իսկ վնասված նյարդը շատ դժվարությամբ վերականգնվել է: Աղջիկներն այժմ լավ են զգում, նրանց վիճակը բավարար է, մեկն անկողնային վիճակում է, քանի որ կմախքային ձգման տակ է, իսկ մյուսն արդեն տեղաշարժվում է, ակտիվ է, շուտով դուրս կգրենք »-ասաց նա:

Ձեռքի վիրաբուժության, միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արթուր Մամբրեյանն էլ նշեց՝ չնայած նյարդը բավական երկարության վրա վնասվել է, թաքնված է եղել պատառոտված, ջնջխված հյուսվածքների մեջ , բայց հաջողվել է մոբիլիզացնել ծայրերը և ամբողջականությունը վերականգնել էպինեվրալ հանգուցակարերով. «Հաշվի առնելով աղջկա տարիքը և կարի որակը, հույս ունենք, որ նյարդը ժամանակին կվերականգնվի»:

Վրաերթի ենթարկված աղջիկները մեզ հետ զրույցում նշեցին, որ արդեն լավ են զգում՝ մշտապես գտնվելով բժիշկների հսկողության տակ: