• Հայ
  • Рус
  • Eng
Չվախենալով բարձրաձայնել սրտի ձայնը՝ որոշեց բժիշկ դառնալ
Չվախենալով բարձրաձայնել սրտի ձայնը՝ որոշեց բժիշկ դառնալ
18.03.2019

Աննա Աֆրիկյանը ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող է։  Վեց տարվա ընթացքում միշտ լավ առաջադիմությամբ ու ամենակարևորը՝ հաճույքով է սովորել: Նա այն ապագա բժիշկներից է, ով ընտրեց մասնագիտությունը ոչ այն պատճառով, որ ընտանիքում կային բժիշկներ, այլ ինչպես ինքն է ասում՝ լսեց իր սրտի ձայնը։ «Երբ ինձ հարցնում են՝ գո՞հ եմ իմ ընտրած մասնագիտությունից, երկար ու տևական ուսուցումից, չեմ հոգնել, արդյոք, միշտ մտովի վերադառնում եմ այն օրվան, երբ ավարտական դասարանում կանգնեցի ընտանիքիս անդամների առաջ և չվախեցա բարձրաձայնել սրտիս ձայնը։ Կայացրի կտրուկ որոշում, ինչի համար գեթ մեկ րոպե չեմ զղջացել»,- պատմում է Աննան՝ հավելելով, որ ցանկացել է բժիշկ դառնալ մեծերին ու փոքրերին, շնորհակալ ու երբեմն էլ անշնորհակալ մարդկանց բուժելու, օգնելու մեծ ցանկությամբ։ Բժիշկ դառնալու որոշումը ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողը կայացրել է 12-րդ դասարանում։ Ենթադրվում էր, որ հետևելով ընտանիքի անդամների օրինակին, պետք է տնտեսագետի մասնագիտությունն ընտրի, սակայն իր բնորոշմամբ՝ երբեմն սիրտն ուղեղից ուժեղ է լինում։ «Գիտակցելով, որ բժշկի ուղին՝ ինձ համար անծանոթ ու անհայտ, շատ ավելի բարդ ու դժվար է լինելու, այնուամենայնիվ, չպատկերացրեցի իմ կյանքն առանց սպիտակ խալաթի»,- անկեղծանում է ուսանողուհին։

Մեջբերելով 20-րդ դարի հայտնի կանադացի բժիշկ Վիլյամ Օսլերի խոսքերը՝ նա նկատում է, որ անգամ անքուն գիշերներն ու ծանրագույն քննություններն այս մարդասիրական մասնագիտության ընտրության հարցում, երկրմտելու տեղիք չեն կարող տալ։ «Մի բան հստակ գիտեմ, եթե յուրաքանչյուրս լինենք մեր գործի նվիրյալը, ապա աշխարհում դժբախտ մարդ չի լինի, քանի որ նա է երջանիկ, ով ամեն առավոտ բացում է աչքերը սրտի թրթիռով, մտադրությամբ, որ գնում է նվաճելու աշխարհը, կատարելու իր առաքելությունը, օգտակար լինելու հանրությանը և ինքն իրեն»,- ընդգծում է ապագա բժիշկը։

Աննան իր շատ համակուրսեցիների պես այժմ նեղ մասնագիտացման հարցում կողմնորոշվելու կարևոր շրջափուլում է։ Մտածելու համար շատ ժամանակ չկա։ Ընդամենը կես տարի անց պետք է ընդունվի կլինիկական օրդինատուրա և առավել մոտենա լավ բժիշկ լինելու իր ընտրած ուղուն։

Ապագա բժշկի հետ զրուցեց Տաթևիկ Գրիգորյանը