• Հայ
  • Рус
  • Eng
Չինարիում գրադարանի բացումը՝ սոցիալական կարևոր նախաձեռնություն
Չինարիում գրադարանի բացումը՝ սոցիալական կարևոր նախաձեռնություն
17.01.2020

Գյուղական համայնքում սոցիալական կյանքի զարգացմանը, ինչպես նաև սովորողների քաղաքացիական գիտակցության բարձրացմանն էր ուղղված 2018 թվականին մեկնարկած ուսանողական հերթական նախաձեռնությունը, որի շնորհիվ կարճ ժամանակ առաջ Տավուշի մարզի հեռավոր Չինարի գյուղում գրադարան և քննարկումների սրահ բացվեց։

«Ուսանողների հետ որոշեցինք, որ մենք կարող ենք որևէ հեռավոր գյուղի դպրոցականների ու երիտասարդների սոցիալական կյանքի ու առհասարակ կյանքի որակը բարելավել, եթե երկու օր բուֆետ չգնանք (խիստ պայմանական 1000-ական դրամ) ու այդ գումարը հանգանակենք։ Մտահղացումն այնքան վարակիչ էր, որ ճանապարհին ինձ, ինչպես միշտ, միացան արտասահմանցի ուսանողներս (տարբեր ազգերից), այլ անհատների ու կազմակերպությունների հետ նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, «Հերացի» ավագ դպրոցը, «Այո»-ն, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը,»,- պատմում է նախաձեռնության հեղինակ, Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Հայարփի Սահակյանը, ում գնահատմամբ՝ հաճելի է ու առավել պատասխանատու, երբ գաղափարների կյանքի կոչման համար այսքան մարդ է միանում։

«Թեև բավականին բարդություններ հաղթահարեցինք, բայց Չինարի գյուղի գրադարան-քննարկումների սրահն այլևս իրականություն է։ Կրթությունը Չինարիում կարևորագույն ու հիմնաքարային արժեք է։ Իրականում Չինարիի մարդիկ հերոսներ են ու հրաշալի օրինակներ յուրաքանչյուրիս համար։ Նրանց աչքերում այնքան փայլ, ոգևորություն, պայքար, տոկունություն, բարություն կար, որ չնայած հեռավորությանն ու ճանապարհային դժվարություններին, հաստատ էլի վերադառնալու ենք ու նոր ու ավելի վեհ գաղափարներ կյանքի կկոչենք։ Շնորհակալ եմ բոլորիդ հավատալու ու աջակցելու համար»,- հավելում է Հայարփի Սահակյանը։ Նրա փոխանցմամբ՝ ուսանողները ոգևորված են հաջողված նախաձեռնությունից և առաջիկայում համատեղ ուժերով սոցիալական նշանակության այլ ծրագրեր կփորձեն իրականացնել։