• Հայ
  • Рус
  • Eng
Այսօր աշխարհում ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա. ԵՊԲՀ-ում միջազգային համաժողով անցկացվեց
Այսօր աշխարհում ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա. ԵՊԲՀ-ում միջազգային համաժողով անցկացվեց
26.10.2018

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԵՊԲՀ-ում անցկացվեց «Օգնենք Հայաստանին պայքարել ալցհեյմերի հիվանդության խնդիրների դեմ» խորագրով միջազգային համաժողովը, որի նպատակն էր իրազեկման և կրթության միջոցով օգնել Հայաստանին բարձրացնել ալցհեյմերի հիվանդության խնամքի մակարդակը: Այսօր աշխարհում ալցհեյմերի հիվանդություն ունեցող ավելի քան 50 միլիոն մարդ կա: Հիվանդությունն ի հայտ է գալիս 60 տարեկանից հետո՝ հիմնականում 75-ից 84 տարեկան հասակում: Ալցհեյմերին բուժում չունի, որպես լուծում աշխարհը գնում է հիվանդների կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ: Անցկացված համաժողովին ներկա էին թե՛ հայ, թե՛ օտարերկրացի մասնագետներ: Ողջյունի խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը՝ նշելով, որ շատ կարևոր խնդիր է բարձրացվում, և նման կոնֆերանսերն էլ ավելի մեծ արժեք են տալիս մասնագետների բռնած ճանապարհին: 

ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը՝ նշեց, որ երկար տարիներ շարունակվում է համագործակցությունը Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի հետ. «Մենք ուսումնասիրում ենք հիվանդության զարգացման մեխանիզմները, փորձում ենք գտնել բուժման և կանխարգելման մեթոդները, իրենք զբաղվում են հիվանդության զարգացման և տարածման մասին գիտելիքներով, ինչպես օգնել այդպիսի հիվանդներին, ինչպես բարձրացնել նրանց կյանքի որակը»: Միխայիլ Աղաջանովը նաև շեշտեց, որ մարդիկ շատ հաճախ ամաչում են այս հիվանդության մասին բարձրաձայնել, և մասնագետները տարբեր ձևերով են պլանավորում հիվանդության հայտնաբերումը: Նա հորդորեց անպայման դիմել մասնագետներին, քանի որ դրանում ոչ մի ամոթալի բան չկա: Պրոֆեսորն իր խոսքում հավելեց, որ հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են ալկոհոլի չարաշահումը, աղեստամոքսային տրակտի միկրոբիոտան, ավելորդ քաշը, գլխի ուժեղ հարվածը, ինչպես նաև միայնությունը:

«Եթե 25 տոկոսով բացառվեն այս խնդիրները, ապա 3 մլն բնակիչ չի հիվանդանա ալցհեյմերով»,-հավելեց նա: Հաջորդիվ նա իր զեկույցում անդրադարձավ ալցհեյմերի ընկալումների թեմային։ ԵՊԲՀ նյարդաբանության բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը զեկույց ներկայացրեց «Թուլամտության խնդիրը Հայաստանում» թեմայով, իսկ «Հայաստանում ալցհեյմեր հիվանդության խնամքը» կազմակերպության նախագահ Ջեյն Լ. Մահակյանը անդրադարձավ «Հիշողության կորուստ. ինչն է նորմալ և ինչը՝ ոչ» թեմային։ Թուլամտության խնամքի փորձագետ Վիկտոր Մազմանյանի զեկույցն էլ ուներ «Խնամք և հույս» խորագիրը: ԵՊԲՀ ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն էլ իր հերթին նկատեց, որ ընտանեկան բժիշկների դերը մեծ է այս հիվանդության բացահայտնման մեջ: «Ռեալ քայլեր են պետք, որպեսզի ընտանեկան բժիշկները զինվեն գիտելիքներով և կարողանան ենթադրել, կասկածել հիվանդությունը»,- ասաց նա: 

Պրոֆեսորներից զատ ելույթով հանդես եկավ նաև ԵՊԲՀ 3-րդ կուրսի ուսանող Արտյոմ Աղաբեկյանը ՝ խոսելով այցհեյմեր հիվանդության կենսաբանական հիմունքերի մասին: «Հիվանդությունը տարբեր փուլերով է ընթանում. հիշողության, ժամանակի զգացողության կորուստ, վերադարձ մանկություն, ճանաչողության կորուստ, տարրական հիգիենային հետևելու ունակության կորուստ: Մեծ դեպքերում, ցավոք, հիվանդության հոգեբանական բեռն ընկնում է հարազատների ուսերին», -ասաց նա: 

Համաժողովի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: