• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա ուռուցքաբանի նպատակն է ներդրում ունենալ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործում
Ապագա ուռուցքաբանի նպատակն է ներդրում ունենալ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործում
14.01.2020

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակառու Շուշան Հովսեփյանը մեծացել է բժիշկների միջավայրում, մայրը նույնպես բժիշկ է: Մասնագիտությունն ընտրելու վերջնական որոշումը կայացրել է դժվարությամբ, սակայն ոչ մի րոպե չի զղջում և ամեն օր ավելի է համոզվում, որ ճիշտ ճանապարհի վրա է։ 

Ապագա բժիշկը նշում է, որ բնույթով շատ աշխատասեր է և սովորում է մեծ հետաքրքրությամբ ու սիրով։ «Երբեք չեմ մտածել 9, 10 ստանալու կամ անվանական կրթաթոշակի արժանանալու մասին: Իրականում անվանական կրթաթոշակների մասին իմացել եմ 4-րդ կուրսում»,-ասում է նա՝ ավելացնելով, որ աշխատասիրությունն ամենակարևորն է։

Անվանական կրթաթոշակառուն ընտրել է մանկական ուռուցքաբանի մասնագիտացումը։ «Աշխարհում մանկական ուռուցքներից ապրելիությունը կազմում է գրեթե 80 տոկոս, Հայաստանում՝ 75 տոկոս։ Ցանկանում եմ իմ ներդրումն ունենալ ապրելիության բարձրացման մեջ, բացի այդ՝ շատ արագ զարգացող և հետաքրքիր մասնագիտություն է»,- նշում է ուսանողը՝ շեշտելով, որ մանկական ուռուցքաբան դառնալու իր որոշման մեջ մեծ ներդրում է ունեցել ուռուցքաբանության դասախոս Գևորգ Թամամյանը։

Շուշան Հովսեփյանը սովորելու ընթացքում բուհում դժվարություններ չի ունեցել: «Սիրելի տեսական, կլինիկական առարկաներ շատ ունեմ, բայց միանշանակ կառանձնացնեի ախտաֆիզիոլոգիան, իսկ իմ ամենասիրելի դասախոսը, անկասկած, Դավիթ Մհերի Ղազարյանն է, մինչև այսօր հիշում եմ իր հետաքրքիր դասերը: Իսկ նրա՝ «Երանի մենք էլ ուռուցքային բջիջների նման ախտաֆիզիոլոգիա իմանայինք», արտահայտությունն ամենատպավորիչն է եղել ինձ համար»,- պատմում է ապագա մանկական ուռուցքաբանը:

Ապագա բժշկի խոսքով՝ անասելի շատ սիրել է «Հայոց պատմություն» առարկան և կարծում է՝ եթե չընտրեր բժշկի մասնագիտությունը, կդառնար իրավաբան: 

Բժշկական համալսարանը Շուշան Հովսեփյանին տվել է և շարունակում է տալ գիտելիքների մեծ պաշար, կլինիկական մտածելակերպ, գործնական հմտություններ: «Կարելի է անվերջ թվել, թե ինչ է տվել ԵՊԲՀ-ն ինձ, սակայն կարճ կլինեմ ու կասեմ՝ շնորհակալ եմ իմ Մայր բուհին՝ տված ամեն վայրկյանի համար»,-եզրափակում է Գրիգոր Արեշյանի անվան կրթաթոշակառուն։

 Ապագա բժշկի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը