• Հայ
  • Рус
  • Eng
Ապագա հոգեբույժը վստահ է՝ լավ բժիշկը պետք է լինի համբերատար և նվիրված
Ապագա հոգեբույժը վստահ է՝ լավ բժիշկը պետք է լինի համբերատար և նվիրված
15.09.2020

Համբերությունը և նվիրվածությունը լավ բժշկի շատ կարևոր հատկանիշներն են: Այս համոզմունքն է կիսում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողուհի Դիլպրիտ Կաուրը: 

Սկսելով իր պատմությունը՝ 20-ամյա ապագա բժշկուհին նշում է, որ ծնվել է Հնդկաստանի հարավում՝ Կերալա նահանգի Կոչի քաղաքում: «Դեռ մանկուց ես սիրել եմ շփվել ու բացահայտել անծանոթ մարդկանց: Ես միշտ ցանկացել եմ անձամբ զգալ մարդկանց հույզերն ու մտածելակերպը և օգնել նրանց հոգեկան առողջության պահպանման գործում: Ես դեռ 14 տարեկանից հստակ որոշել էի, որ ուզում եմ դառնալ հոգեբույժ, և ծնողներս ու քույրս մեծապես աջակցում էին իմ երազանքի իրականացմանը», - անկեղծանում է Դիլպրիտը:

Պատմելով, թե ինչպես կարողացավ ԵՊԲՀ հասնել և շարունակել ուսումն այստեղ՝ հնդկուհին ասում է, որ ընկերուհիներից մեկն արդեն սովորում էր ԵՊԲՀ-ում. հենց նա էլ օգնեց Դիլպրիտին ընդունվել համալսարան: «Ես շատ ուրախ եմ, որ այժմ սովորում եմ Հայաստանում: Այստեղ ամեն ինչ հրաշալի է. եղանակը պարզ է ու հիասքանչ: Սնունդը շատ լավն է: Երկիրը խաղաղ է ու ապահով, մարդիկ՝ շփվող ու բարեհամբույր: Սիրում եմ թեյերի և ուտելի սերմերի բազմազանությունը Հայաստանում: Եթե անկեղծ լինեմ, սկզբում կյանքը Երևանում մի փոքր մարտահրավեր էր, բայց այժմ այն իմ երկրորդ տունն է դարձել: Ամեն ինչ այնքան հեշտ ու արագ կարգավորվեց: Ես շնորհակալ եմ դրա համար», - ասում է նա:

Արտահայտելով իր գոհունակությունը ԵՊԲՀ կրթությամբ՝ Դիլպրիտն ընդգծում է. «Պետք է ասեմ, որ ԵՊԲՀ-ում դասախոսները մշտապես համագործակցում են մեզ հետ: Նրանք դասավանդում են անգլերենով և միշտ սպառիչ պատասխաններ են տալիս մեր հարցերին»:

Բժշկական մասնագիտություններից ուսանողուհին ապագայում, հավանաբար, կընտրի հոգեբուժությունը կամ, միգուցե, գինեկոլոգիան: Թեև մասնագիտացման հարցում Դիլպրիտը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, սակայն մի հարցում կասկած չունի. «Վստահաբար, մեծ սիրով կմնայի և կաշխատեի Հայաստանում»:

Գիտելիքն ու ուշադրությունը, ըստ ապագա բժշկուհու, կարևոր են, իհարկե, բայց եթե մարդը բարի սիրտ ունի և լավ ունկնդիր է, նա կարող է դառնալ շատ լավ բժիշկ: «Լավ բժիշկ դառնալու համար շատ կարևոր են համբերությունն ու նվիրվածությունը», - վստահեցնում է Դիլպրիտը: Իսկ իր կարգավիճակում գտնվող ապագա բժիշկներին հնդկուհին խորհուրդ է տալիս պայքարել գիտելիքի համար, ոչ թե գնահատականների:

«Ես շնորհակալ եմ Հայաստանում անցկացրած տարիների համար և ակնկալում եմ էլ ավելի լավերը: ԵՊԲՀ-ն, իսկապես, հրաշալի հաստատություն է ուսանելու համար. այն լավ հնարավորություն է բոլոր արտասահմանցիների համար, որոնք ցանկանում են ուսումնասիրել ընդհանուր բժշկություն», - եզրափակում է Դիլպրիտ Կաուրը:

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան