• Հայ
  • Рус
  • Eng
Անցկացվեց թիրախային գիտաժողով՝ նվիրված ժառանգական անգիոայտուց հիվանդությանը
Անցկացվեց թիրախային գիտաժողով՝ նվիրված ժառանգական անգիոայտուց հիվանդությանը
28.11.2019

ԵՊԲՀ-ում անցկացվեց թիրախային գիտաժողով՝ նվիրված ժառանգական անգիոայտուց հիվանդությանը: Գիտաժողովը, որն առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, թույլ տվեց ևս մեկ անգամ անդրադարձ կատարել հիվանդության ախտորոշման և տարբերակման մեթոդներին, վարմանը և կյանքի որակի բարձրացմանը: 

Միջոցառմանը ներկայացվեց նաև Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի աջակցությամբ իրականացվող «Իրազեկ առողջապահություն» ծրագրի շրջանակներում սկսված Ժառանգական անգիոայտուց Հայաստան նախաձեռնությունը և ծրագրի արդյունքները:

Գիտաժողովի ընթացքում ելույթներով հանդես եկան ոչ միայն հայ բժիշկներ, այնպես էլ Վրաստանից ժամանած մասնագետներ: 

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկայի ղեկավար Արմինե Հակոբյանը՝ կարևորելով գիտաժողովի անցկացումը և արդյունավետությունը: 

«Այս հիվանդությամբ տառապող հիվանդները գտնվում են անպաշտպան վիճակում, քանզի բժիշկների տեղեկացվածությունը այս հազվադեպ հիվանդության վերաբերյալ ցածր է ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները, որոնք ուղղված են բաձրացնելու տարբեր մասնագիտության բժիշկների տեղեկացվածությունը լինելու են շարունակական»,-ասաց նա։ 

Թբիլիսիի Ալերգիայի և իմունոլոգիայի կլինիկայի ղեկավար, Դ. Տվիլդիանի անվան բժշկական համալսարանի պրոֆեսոր, Ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի վրացական ասոցիացիայի փոխնախագահ Մայա Գոտուան իր հերթին կիսվեց ժառանգական անգիոայտուցի վարման վրացական փորձով:

«Ավելի հաճախ այտուցներ են առաջանում դեմքի, վերջույթների, որովայնի և այլ հատվածում՝ զուգակցվելով որովայնային ցավերով»,-ասաց նա՝ նշելով, որ պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ հիվանդության ճշգրիտ ախտորոշումը և վարումը կդառնա հնարավոր, ինչը կօգնի հիվանդների կյանքի որակը բարելավել»:

Այնուհետև ԵՊԲՀ ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ամբիոնի ասպիրանտ, գիտության գծով պրոռեկտորի օգնական Մարիամ Մովսիսյանը խոսեց էթիոլոգիայի, պաթոգենեզի և կլինիկական դրսևորումների մասին ՝ ներկայացնելով աշխարհում և Հայաստանում ժառանգական անգիոայտուցով հիվանդների խնդիրների և Ժառանգական անգիոայտուց Հայաստան նախաձեռնության մասին։

Անգիոայտուցի ախտորոշման և բուժման մասին ներկայացրեց նաև

Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ լաբորատոր ծառայության ղեկավար, բժիշկ ալերգոլոգ և կլինիկական իմունոլոգ Սևան Իրիցյանը։

Նշենք, որ միջոցառումը ներկայացված է առողջապահության նախարարություն՝ կրեդիտավորման: