• Հայ
  • Рус
  • Eng
Ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն ԵՊԲՀ-ում էին
Ամերիկահայ անվանի բժիշկ Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքն ԵՊԲՀ-ում էին
20.09.2018

ԵՊԲՀ կենտրոնական մասնաշենքում հայ և օտարերկրացի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները մեծ ոգևորությամբ դիմավորեցին, ամերիկահայ անվանի բժիշկ, ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական քոլեջի համաղեկավար, Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր, դոկտոր Էրիկ Էսրաիլյանին և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր, կենսաբան, ակադեմիկոս Ջին Բլոքին: Այցը ԵՊԲՀ մեկնարկեց ուսանողների հետ խորհրդանշական խմբակային լուսանկարով, այնուհետև հյուրերը ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ շրջեցին Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, ծանոթացան նորաբաց կառույցի հնարավորություններին:

 Մեր անվանի հայրենակիցը հայերենով հետաքրքրվեց կենտրոնի գործունեությամբ, հետևեց սովորողների դասապրոցեսին:

Այնուհետև ռեկտորատի դահլիճում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել Էրիկ Էսրաիլյանին և Ջին Բլոքին: 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ բուհի համար մեծ պատիվ է հյուրընկալել ԱՄՆ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ներկայացուցիչներին, որտեղ ինքն անձամբ նախորդ տարի Էրիկ Էսրաիլյանի աջակցությամբ առիթ է ունեցել լինելու: Բուհի ղեկավարը կարևորեց համատեղ ծրագրերի իրականացումը, նաև հետագա համագործակցության հնարավորությունների քննարկումը: 

ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը հյուրերին ներկայացրեց զեկույց, որը համառոտ պատմում էր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմության, ներկա և ապագա ծրագրերի, գործունեության, իրականացվող աշխատանքների մասին: Էրիկ Էսրաիլյանը ընդգծեց, որ տպավորված է ԵՊԲՀ-ի ընդունելությամբ և իր համար, թե´ որպես հայ և թե´ որպես բժիշկ պատիվ է ներկա գտնվել այս համալսարանում: Գործընկերոջ հետ նրանց այցի նպատակն է զարգացնել համագործակցությունը նաև կրթական ոլորտում, կիսվել նոր գաղափարներով ու նախաձեռնություններով: 

Մեր հայրենակիցը Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական վարչության անդամ է ընտրվել 2016 թվականին: Մի շարք կազմակերպությունների վարչության անդամ է, այդ թվում նաև Կալիֆոռնիայի բժշկական վարչության: Ուսանողները բազմաթիվ հարցեր հղեցին Էրիկ Էսրաիլյանին: «Ինձ երբեմն հարցնում են` ինչպես է ինձ հաջողվել անել այս կամ այն բանը, չէ որ բժիշկ եմ, ինչին ես պատասխանում եմ, որովհետև ես բժիշկ եմ»,- մասնագիտության վերաբերյալ հարցերից մեկին ի պատասխան նշեց մասնագետը:

Խոսելով բժշկի մասնագիտության մասին, նա շեշտեց, որ բժիշկ լինելն առավելություն է, քանի որ այն հնարավորություն է տալիս ոչ թե մտածել միայն որևէ պաշտոն ձեռք բերելու մասին, այլև առաջին հերթին հնարավորություն է ծառայելու մարդկանց: 

Հարցին՝ արդյո՞ք կապ ուներ նրա բժիշկ դառնալու հանգամանքն այն փաստի հետ, որ «Խոստումը» ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ևս բժիշկ էր, նա նշեց, որ միշտ է ցանկացել բժիշկ դառնալ: Նրա խոսքով` սա այն մասնագիտությունն է, որն օգնում է մարդկանց, իսկ դա այն էր, ինչը ցանկացել է թե' ինքը, թե' իր` արմատներով պատմական Հայաստանից ընտանիքը:

Իր տպավորություններով կիսվեց նաև ակադեմիկոս Ջին Բլոքը: Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտորի խոսքով՝ իրենց համալսարանում սովորում են բազմաթիվ հայազգի ուսանողներ և իր համար շատ հետաքրքիր է և հաճելի այսօր այցելել իր ուսանողների հայրենիք: Բուհի վարչական մասնաշենքում կայացած հանդիպումից հետո հյուրերն այցելեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Նրանք ծանոթացան կարևոր սոցիալական նշանակության այս կենտրոնի ստեղծման պատմությանը, շփվեցին տղաների հետ: 

Նշենք, որ Էրիկ Էսրաիլյանի և Ջին Բլոքի եռօրյա այցը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով է: Եռօրյա այցի ընթացքում հյուրերը կայցելեն տարբեր կրթական հաստատություններ, կքննարկեն համատեղ կրթական, բարեգործական ծրագրերի իրականացման հնարավորությունները: Էրիկ Էսրաիլյանը եւ Ջին Բլոքը կայցելեն նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: