• Հայ
  • Рус
  • Eng
«Եթե հիվանդ ես, մնա տանը». Ռիսկերի գնահատման սովորությունը կնվազեցնի վարակների տարածումը. Արման Բադալյան
«Եթե հիվանդ ես, մնա տանը». Ռիսկերի գնահատման սովորությունը կնվազեցնի վարակների տարածումը. Արման Բադալյան
31.07.2020

Կորոնավիրուսային համաճարակն աշխատանքով ծանրաբեռնել է ինչպես աշխարհի բժշկական հանրությանը, համաճարակաբաններին, այնպես էլ աշխատելու մեծ դաշտ է բացել հոգեբանների և սոցիոլոգների համար:

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնը վարակի տարածումից ի վեր կատարում է իրավիճակային վերլուծություններ, կազմակերպում է իրազեկման դասընթացներ՝ ակտիվ համագործակցելով ՀՀ կառավարության, ինչպես նաև լրատվամիջոցների հետ՝ հանրությանը ապահովելով ճշտված և մասնագիտական տեղեկատվությամբ ու խորհուրդներով:

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս, բժիշկ-համաճարակաբան Արման Բադալյանի խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության դեպքերն աշխարհում շարունակում են օրեցօր ավելանալ, նույնիսկ մի շարք երկրներում՝ օրինակ Ավստրալիայում, Իսրայելում, Նոր Զելանդիայում, որտեղ COVID-19-ով հիվանդների թիվը, գրեթե, զրոյացրել էր, նկատվում է նոր դեպքերի գրանցման աճ: «Դրանք կարող են բերովի դեպքեր լինել, սակայն կա ռիսկայնություն, քանի որ նույնիսկ մեկ բերովի դեպքը կարող է նպաստել տեղային դեպքերի առաջացմանը, ինչը փաստում է, որ վարակը դժվար կառավարելի է»,- նշեց համաճարակաբանը՝ ավելացնելով, որ վերջին օրերին Հայաստանում դեպքերի նվազման միտում ու կայունացում նկատվում է: «Պետք է արձանագրենք նաև, որ հետազոտվողներից դրական արդյունք ունեցողների թիվը մեծ է՝ 20 տոկոսից ավելի: Սա խոսում է այն մասին, որ մենք ոչ բոլոր վարակակիրներին ենք կարողանում բացահայտել: Յուրաքանչյուր բացահայտված դեպքի հետևում կանգնած են բազմաթիվ հակահամաճարակային միջոցառումներ՝ մասնավորապես նրանց կոնտակտավորների բացահայտումը և դինամիկ հսկողությունը, ինչը պետք է բավական արագ կազմակերպել՝ մինչև 24 ժամվա ընթացքում: Ցավոք դեռևս հայտնաբերում ենք այնքան, որքան կարողանում ենք, այլ ոչ թե՝ որքան կան: Խնդիրն այստեղ է, ինչի արդյունքում վարակը շարունակում է տարածվել»,- ասաց Արման Բադալյանը՝ ընդգծելով, որ վարակը համարվում է լիարժեք վերահսկելի, եթե դրական արդյունք ունեցողների թիվը չի գերազանցում հետազոտվողների 3-5 տոկոսը:

Համաճարակաբանի խոսքով՝ նման համաճարակների պարագայում վճռորոշ դերակատարում ունեն պատվաստումները և լիարժեք վերահսկողության տեսանկյունից պատվաստումային գործընթացը կարևորվում է: «Այսօր դրա բացակայությունը նույնպես վկայում է, որ կորոնավիրուսը դեռևս կառավարելի չէ և մեր երկիրը գտնվում է վարակի հանրային փոխանցման մակարդակում: Իսկ մեր հիմնական խնդիրն է այն բերել խմբային դաշտ: Համաճարակաբանական տեսանկյունից շատ կարևոր է, որ դեպքերը լինեն առանձին խմբերի հետ կապված, ինչը հեշտացնում է վարակի կառավարումը»,-ասաց նա:

Անդրադառնալով Չինաստանի օրինակին՝ Արման Բադալյանը փաստեց, որ վերջինս աննախադեպ գործողությունների շնորհիվ կարողացավ մեկ ամսվա ընթացքում վարակը տեղայնացնել: Նրա կարծիքով՝ ահռելի ռեսուրսներից բացի՝ մեծ դեր ունեցավ ազգաբնակչություն-պետություն համագործակցությունը: Սակայն ԱՄՆ-ն, որը նույնպես ունի բավականաչափ ռեսուրսներ, չի կարողանում դիմակայել վարակի տարածմանը: «Դրա պատճառներից մեկն առողջապահական համակարգի ոչ միաձև, ինչպես նաև համաճարակի քաղաքականացված լինելն է»,-նշեց նա՝ կարևորելով բժշկագիտության ապաքաղաքականացված լինելը:

Մասնագետի խոսքով՝ բոլոր համաճարակների ժամանակ հասարակության վերաբերմունքի հետ կապված խնդիրներ առաջացել են, սակայն պետության դերակատարությունն ավելի բարձր է եղել: «Մեր հասարակությունն ավելի շատ հետևում է ապատեղեկատվությանը, իսկ բժշկի դերակատարությունը, հեղինակազրկման գործընթացը տարեցտարի խորանում է»,-կարծում է Արման Բադալյանը: Նրա խոսքով՝ Չինաստանը հասավ դրական արդյունքի, քանի որ հասարակությունը պատրաստակամ հետևեց և շարժվեց պետության կանոններով: Չիանստանում այսօր էր վարակի լուռ փոխանցման արդյունքում արձանագրվում են դեպքեր, որոնք օպերատիվ ճնշվում է մարդկանց պատրաստակամության շնորհիվ: Անդրադառնալով կանխատեսումներին ու հնարավոր սցենարներին՝ նշեց, որ միայն արդյունավետ և անվտանգ պատվաստանյութի առկայության դեպքում կարելի է խոսել լիարժեք և վճռորոշ սցենարի մասին: Մնացած պարագաներում համաճարակի առաջին, երկրորդ և նույնիսկ երրորդ ալիքը չի բացառվում: Համաճարակաբանը հիշեցնում է՝ պետք չէ մոռանալ նաև վարակի մուտացման հանարավորության մասին: «Ըստ հոլանդացի գիտանականների՝ երկու շաբաթը մեկ տեղի են ունենում վիրուսի մուտացիաներ: ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչի գնահատմամբ՝ դա հիմնականում ազդում է վարակի արագ տարածման վրա, սակայն վիրուսի վիրուլենտ լինելու՝ այսինքն ծանր դեպքեր հարուցելու՝ ընդհուպ մինչ մահվան ելքով, դեռևս տվյալներ չկան»,-նշեց նա՝ ավելացնելով, որ վիրուսի դժվար կառավարելի լինելը բարդացնում և անիրատեսական է դարձնում կանխատեսումները:

Ինչ վերաբերում է կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը՝ Արման Բադալյանը հավելում է, որ այն սովորաբար շրջանառվում է պատվաստումների ֆոնին: «Կոլեկտիվ իմունիտետ կարող է ձևավորվել, երբ Հայաստանում 30-35 տոկոսը (700-800 հազար մարդ) հիվանդանա կորոնավիրուսային հիվանդությամբ, այն էլ այն դեպքում, երբ վարակի վերարտադրողական ցուցանիշը (R0) հավասար լինի մոտ 1,5-ին: Նույնիսկ, եթե մենք բոլորին չենք կարողանում ախտորոշել, այդ թիվը մեր երկրում չունենք: Քանի դեռ չկա պատվաստանյութ ինքնաբերաբար հանրային իմունիտետը ձևավորվում է: Չի կարելի, սակայն, հենվել միայն դրա վրա՝ անընդհատ ծանրաբեռնվածության տակ պահելով առողջապահական համակարգը: Բացի այդ, քանի որ վիրուսը լիարժեք ուսումնասիրված չէ, հետևաբար մենք չունենք տվյալներ մարդկանց վրա դրա հետագա բացասական ազդեցությունների մասին:

Խոսելով հիվանդությունների կանխարգելման մասին՝ համաճարակաբանը նշում է՝ եթե մարդկանց մեջ նույնիսկ ռիսկերի գնահատման սովորությունը պահպանվի, ապա ինչ-որ չափով հնարավոր կլինի նվազեցնել այլ վարակների տարածման ուժգնությունը: «Կանխատեսումներ կան, որ առաջիկայում սուր ռեսպիրատոր վարակները գլուխ կբարձրացնեն, սակայն հույս կա, որ դիմակ կրելու՝ դժվարությամբ ձևավորված ավանդույթը, կնպաստի այդ հիվանդությունների քիչ տարածմանը: Մենք վերջապես գալիս ենք այն գաղափարին՝ եթե հիվանդ ես, պետք է մնաս տանը»,-ասում է մասնագետը:

ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնն անմասն չի մնում երկրի սանիտարահամաճարակային իրավիճակներից՝ մշտապես ներգրավված լինելով գործընթացներին: Ամբիոնի մի շարք աշխատակիցներ համատեղում են իրենց գործունեությունը տարբեր բուժհիմնարկներում: Վերջիններս համաճարակի բռնկման առաջին օրվանից ակտիվորեն մասնակցում են իրազեկման, ինչպես նաև նույն բուժհաստատություններում լայնածավալ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և վերապատրաստման աշխատանքներին: «Պատասխանատու աշխատանք է, քանի որ վարակը նոր է, տեղեկատվությունը ժամ առ ժամ փոխվում է: Սակայն հանրության հետ աշխատանքը երբեք չի ընդհատվել՝ հաշվի առնելով դրա կարևորությունը»,-ընդգծեց Արման Բադալյանը՝ ավելացնելով, որ ԵՊԲՀ-ում կազմակերպվել է դասախոսությունների շարք, որին ներգրավվել է նաև ամբիոնը:

Բժշկական համալսարանն ընդգրկված է ՀՀ ԱՆ կից կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հակահամաճարակային մասնագիտական-խորհրդատվական խմբում, ինչպես նաև ամրագրված՝ ՀՀ ԱԺ առողջապահական և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի COVID-19 դեմ պայքարի աջակից մասնագիտական խմբին:

Համաճարակաբանի խոսքով՝ փորձը ցույց տվեց, որ համակարգերը պատրաստ չէին այսպիսի իրավիճակների, ինչի արդյունքում՝ ուշ արձագանքելու հետևանքով, հնարավոր չեղավ շրջանցել համաճարակը և առաջ անցնել: Այսօր համաճարակաբանների պահանջն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում մեծ է: Այս իրավիճակում հակահամաճարակային աշխատանքներում՝ կոնտակտավորների, վարակի աղբյուրի հայտնաբերումը, մեկուսարաններում, բուժհիմնարկներում միջոցառումների իրականացումը, վերլուծությունների և զեկուցման գործընթացն ապահովում է այդ օղակը: Այս գործընթացի պատասխանատուն համաճարակաբաններն են: Նրա կարծիքով՝ համաճարակը կվերաիմաստավորի կանխարգելիչ բժշկության գաղափարը: Հասարակության մեջ ձևավորվում է դիմակ կրելու մշակույթ, սակայն ազգային խառնվածքը հաշվի առնելով՝ դա չի կարող շատ արագ տեղի ունենալ: «Մենք սիրում ենք ցանկացած հարց ծայրահեղացնել, շրջացնել և դա վարակիչ է: Այն ինչ վերաբերում է կանխարգելմանը, հասարակությունը չի ուզում անել: Դիմակը կարևոր հենասյուն է՝ համաճարակի տարածումը կանխելու համար, սակայն միակը չէ: Այսօր շատ են կենտրոնանում դիմակ կրելու հարցի վրա, ինչը հակառակ ազդեցություն է թողնում»,- եզրափակեց Արման Բադալյանը:

Համաճարակաբանի հետ զրուցեց Մարգարիտա Մխիթարյանը