• Հայ
  • Рус
  • Eng
«Դիմակներ» թատերական ակումբը շարունակելու է ներկայացնել նոր բեմադրություններ
«Դիմակներ» թատերական ակումբը շարունակելու է ներկայացնել նոր բեմադրություններ
08.01.2020

ԵՊԲՀ ուսանողները, բժշկական կրթությունը յուրացնելուն զուգահեռ, շարունակում են մշակութային կյանքում ևս ակտիվ գործունեություն ծավալել, այդպիսով ոչ միայն ոգևորիչ օրինակ դառնալ ուսանողության համար, այլև հարստանալ և իմաստավորվել գիտելիքներով: 

2018 թվականի փետրվարին հիմնադրված ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարանի «Դիմակներ» թատերական ակումբը մշակութային արժեքները փոխանցող լավագույն օրինակն է բուհում: Ակումբի նպատակն է ուսանողությանը դարձնել մոտ ու հաղորդակից արվեստի՝ ոչ միայն այնպիսի վեհ ճյուղին, ինչպիսին թատրոնն է, այլև կինոյին և երաժշտությանը, քանի որ բացի թատերական բեմադրություններից ակումբը նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր:

«Դիմակներ» թատերական ակումբը, որի կազմում կա 15-ից ավել շնորհալի ուսանող, հիմնադրել և ղեկավարում են նյարդավիրաբուժության կլինիկական օրդինատոր Էռնեստ Հովհաննիսյանը և ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերն Սիմոն Սահարյանը: 

Ակումբը ստեղծագործում է ռեալիզմի ժանրում՝ արտացոլելով իրականությունը հիպերռեալիզմի, երբեմն նաև աբսուրդի միջոցով. նրանց հեղինակային պիեսները լի են սուր սոցիալական հարցերի քննարկմամբ և մարդկային հոգու արատների վերլուծությամբ: 

Էռնեստ Հովհաննիսյանը նշեց, որ ակումբի առաջին՝ «Անդեմ դատարան»  ներկայացումը, բեմադրվել է 2018 թվականի դեկտեմբերի 12-ին, ինչն իրենից ներկայացանում էր սյուրռեալիստական դրամա: Այս ներկայացումից հետո ակումբը համալրվել է նոր անդամներով: 

Երկրորդ ներկայացումը, որը նվիրված էր Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին, ակումբը հանդիսատեսի դատին հանձնեց 2019 թվականի մայիսի 7-ին: Պիեսը կոչվում էր «Մարդասպա՞ն եմ» և ներկայացնում էր հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը: Ակումբի դերասանների հուզիչ խաղն ու հայոց պատմության այդ էջի գրեթե դոկումենտալ վերարտադրումն իր արժանի գնահատականը ստացավ հանդիսատեսի աչքերում. ոչ ոք անտարբեր չմնաց այդ օրը:

Այնուհետև ակումբը ներկայացավ նոր՝ «Անկումներ» կոչվող շարքով, որի մեջ մտնում էին «Թակարդում» կարճամետրաժ ֆիլմը, «Թերություններ» պսիխոդրաման և «Արատներ» տրագիկոմեդիան:

«Թերությունների» պրեմիերան տեղի ունեցավ անցած տարվա դեկտեմբերի 13-ին: Պիեսում, ընտանեկան արժեքների պրիզմայի միջով, քննարկվում էին մարդուն տանջող հարվերժ անլուծելի հարցեր և տրվում էր կյանքի իմաստի յուրահատուկ՝ «թերության» բնութագիր: Չնայած բավականին ծանր մթնոլորտի, որը ստեղծում էր պիեսը, այնուամենայնիվ հանդիսատեսը մնաց գոհ և հեռացավ դահլիճից՝ իր հետ տանելով մտածելու մի քանի թեմա: 

Էռնեստ Հովհաննիսյանի խոսքով՝ «Դիմակներ» թատերական ակումբը կշարունակի իր աշխատանքը՝ ներկայացնելով նոր բեմադրություններ և ֆիլմեր: