• Հայ
  • Рус
  • Eng

Ֆարմակոլոգիայի ամբիոն

Պատմություն

Հիմնադրվել է 1924թ.-ին։

Ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Գրիգոր Մեդնիկյանը: Նա Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին դասախոսներից և խորհրդահայ ավագ սերնդի այն բժիշկներից մեկն էր, ով Առժողկոմ Սեմյոն Լազարևի, Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի, համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի հետ նշանակալի ծառայություններ ունեցավ ֆակուլտետի հիմնադրման ու կայացման գործում։ 

Պատմություն

Հիմնադրվել է 1924թ.-ին։

Ամբիոնը հիմնադրել է պրոֆեսոր Գրիգոր Մեդնիկյանը: Նա Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի առաջին դասախոսներից և խորհրդահայ ավագ սերնդի այն բժիշկներից մեկն էր, ով Առժողկոմ Սեմյոն Լազարևի, Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանի, համալսարանի ռեկտոր Հակոբ Հովհաննիսյանի հետ նշանակալի ծառայություններ ունեցավ ֆակուլտետի հիմնադրման ու կայացման գործում։
Գրիգոր Մեդնիկյանը 1935թ.-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն ‹‹Նիկոտինի որոշ ածանցյալների համեմատական ֆարմակոլոգիան›› թեմայով: Նա մեծաթիվ մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։

Ավելի քան կես դար` 1936-88թթ.-ին, ամբիոնը ղեկավարել է ականավոր դեղաբան և հմուտ մանկավարժ, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիմոն Հակոբի Միրզոյանը, ում բազմամյա անդուլ ջանքերով հիմնադրվել է հայկական նորօրյա, միջազգային ճանաչում ունեցող դեղաբանների դպրոցը: Ճանաչված գիտնականի աշխատանքները մեծ հետաքրքրություն են առաջացրել և բազմիցս մեջբերվել են միջազգային բժշկագիտական գրականության մեջ:


Ս. Միրզոյանը երկար տարիներ իր կոլեկտիվի հետ զբաղվել է բնական ու սինթետիկ ծագման նոր դեղանյութերի, իսկ գործունեության վերջին տարիներին` ուղեղային արյան շրջանառության դեղաբանության հիմնահարցերով: 1971-78թթ.-ին նա եղել է ՀՀ ԱՆ գիտաբժշկական խորհրդի նախագահ:

1988-94թթ.-ին ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էմիլ Սամսոնի Գաբրիելյանը, ով Հայաստանում առաջինը ներդրեց համակարգչային ուսուցողական ծրագիր, որն արժանացավ ժողկրթպետկոմի մրցանակի և դիպլոմների: Նրա ղեկավարությամբ պրոֆ. Է.Ա. Ամրոյանը, դոցենտներ Ա.Հ. Այվազյանը, Է.Ա. Մարգարյանն ուսումնասիրել են արյան բաղադրամասերի ազդեցությունը անոթների վրա, դրանց դերը գլխուղեղի անոթների լարվածության կարգավորման գործում: Է.Ս. Գաբրիելյանը խմբի հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացրել է միջազգային գիտաժողովներում:
1971-75թթ.-ին Է. Գաբրիելյանը եղել է Երևանի բժշկական ինստիտուտի ռեկտորը, իսկ 1975-89թթ.-ին՝ Հայաստանի առողջապահության նախարարը:
1994-2006թթ.-ին ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիլեն Պարույրի Հակոբյանը: Նրա ղեկավարությամբ ամբիոնում ստեղծվել է սկզբունքորեն նորացված ուսուցանող-քննող համակարգչային ծրագիր` անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով: Ուղեղի արյան շրջանառության ֆարմակոլոգիայի ուսումնասիրման բնագավառում պրոֆեսոր Ս.Հ. Միրզոյանի հետ առաջինը լուրջ հաջողությունների հասան ոչ միայն Հայաստանում, այլև նախկին ԽՍՀՄ տարածքում։ Վ. Հակոբյանի ղեկավարությամբ հետագա զարգացում ստացավ ուղեղի արյան շրջանառության ինքնակարգավորման նյարդաքիմիական համակարգի տեսությունը: Պրոֆեսորներ Վ.Պ. Հակոբյանի, Ա.Հ. Մանուկյանի, Մ.Գ. Բալասանյանի, դոցենտներ Լ.Ս. Բալյանի, Կ.Վ. Մելքոնյանի, Ա.Վ. Բայկովի կողմից հիմնավորվել է, որ սակավաշարժությունն ուղեղային արյունահոսքի կարգավորման բոլոր օղակների խանգարումով զուգորդվող հեմոդինամիկական տեղաշարժերի բազմաբաղադրիչ ախտաբանական գործընթացի զարգացման գործոն է։ Սպիտակուցային, ածխաջրատային փոխանակմանը, ուղեղի մորֆոլոգիական վիճակի, պրոօքսիդանտային և հակաօքսիդանտային համակարգերի ակտիվությանը նվիրված նրանց հետազոտությունները ուղեղի արյան շրջանառության խանգարումների դեղաբանական համարժեք կարգավորման ուղիներ բացահայտեցին:


2006-2007թթ.-ին ամբիոնը ղեկավարել է բ.գ.թ., դոցենտ Ռուբեն Ստեփանի Բեկյանը, 2007-2008թթ.-ին` դ.գ.դ., պրոֆեսոր Մարինե Գառնիկի Բալասանյանը, 2008-2011թթ.-ին` բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Հակոբի Մանուկյանը:
2011թ.-ից մինչ օրս ամբիոնը կրկին ղեկավարում է դ.գ.դ., պրոֆեսոր Մ. Բալասանյանը: Նրա ղեկավարությամբ ամբիոնում կատարվում են գիտահետազոտական աշխատանքներ` նվիրված ուղեղի լոկալ իշեմիկ ախտահարումների դեղաբանական համուղղմանը ԳԱԿԹ-երգիկ և կենսաբանական ակտիվ այլ միացություններով:
________________________________________

Կարդալ ավելին
Փակել

Ուսուցում

Ամբիոնում ուսուցումն անցկացվում է ընդհանուր բժշկության և դեղագիտական ֆակուլտետների ուսանողների համար երկու կիսամյակի (դասախոսություններ՝ 34 ժամ, գործնական պարապմունքներ՝ 136 ժամ) և ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողների համար` մեկ կիսամյակի ընթացքում (դասախոսություններ՝ 17 ժամ, գործնական պարապմունքներ՝ 68 ժամ): Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և սեմինար պարապմունքների ձևով: Գործնական պարապմունքների ընթացքում քննարկվում են դեղաբանության ընթացիկ թեմաներ, անցկացվում բանավոր, գրավոր ամփոփիչ հարցումներ: Դասախոսությունների ժամանակ լայնորեն կիրառվում են համակարգչային Power Point ծրագրով շնորհանդեսներ և սլայդներ: Յուրաքանչյուր կիսամյակի ընթացքում ամբիոնում դասավանդվող առարկայից անցկացվում են ամփոփիչ գրավոր թեստային հարցումներ:
________________________________________
Հետդիպլոմային ուսուցում
Հետդիպլոմային ուսուցումն ամբիոնում իրականացվում է ասպիրանտուրայով` 3 տարի տևողությամբ:
________________________________________
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում գիտահետազոտական աշխատանքները կատարվում են երեք հիմնական ուղղվածությամբ.
• «Ուղեղի արյան շրջանառության կարգավորումը ԳԱԿԹ-երգիկ և այլ կենսաբանական ակտիվ միացություններով»
• «Ուղեղի լոկալ իշեմիկ խանգարումների դեղաբանական համուղղումը»
• «Սակավաշարժության հետևանքով առաջացած ուղեղային արյան շրջանառության խանգարումների կանխումը և շտկումը ԳԱԿԹ-երգիկ միացություններով»
Ամբիոնում տպագրվել են մոտ հազար գիտական հոդվածներ և աշխատություններ, այդ թվում` մենագրություններ
• Ս.Հ. Միրզոյան, Վ.Հ. Հակոբյան «ԳԱԿԹ-ի ազդեցությունը ուղեղային շրջանառության վրա», 1975թ.
• Ս.Հ. Միրզոյան, Վ. Հ. Հակոբյան, Հ.Վ. Թոփչյան «Ուղեղային արյան շրջանառության և մետաբոլիզմի կարգավորման նեյրոքիմիական ասպեկտները», 1994թ.
• Է.Ս. Գաբրիելյան, Է.Ա. Ամրոյան «Վազոակտիվ պրոստագլանդինների դերը ուղեղային արյան շրջանառության հոմեոստազի մեջ», 1983թ.
• Է.Ս. Գաբրիելյան, Է.Ա. Ամրոյան, Վ.Հ. Հակոբյան «Անոթային պատի ֆիզիոլոգիա և ֆարմակոլոգիա», 1987թ.
• Վ.Հ. Հակոբյան «Սակավաշարժություն և գլխուղեղի արյան շրջանառություն», 1999թ.
• Է.Ա. Ամրոյան, Ա. Ռաալ, Ա. Զաքարյան WHO Monographs on medicinal plants commonly used in thr Newly Independent States (NIS), 2010, World Health Organization, Geneva (անգլերեն)
Ամբիոնում հրատարակվել են նաև գրքեր և մեթոդական ձեռնարկներ՝
• Է.Ս. Գաբրիելյան, Է.Ա. Ամրոյան, Վ.Հ. Հակոբյան, Ռ.Ս. Բեկյան, Ռ.Ղ. Բորոյան «Դեղաբանություն», 1992թ.,
• Է.Ս. Գաբրիելյան, Է.Ա. Ամրոյան, Վ.Հ. Հակոբյան, Ռ.Ս. Բեկյան, Ռ.Ղ. Բորոյան «Ծրագրավորված ֆարմակոլոգիա», 1991թ.,
• Է.Ա. Ամրոյան «Ֆարմակոլոգիա», 1989թ.,
• Ա.Հ. Այվազյան, Ա.Հ. Մանուկյան, Կ.Վ. Մելքոնյան, Վ.Հ. Հակոբյան «Basic Pharmacology», 2004թ.,
• Է.Ա. Ամրոյան «Ֆարմակաթերապիայի ձեռնարկ բժիշկների և ֆարմակոլոգների համար», 2001թ.,
• Է.Ա. Ամրոյան «Ազգային դեղամատյան», 2008թ.:
________________________________________
Համագործակցություն
Ֆարմակոլոգիայի ամբիոնը համագործակցում է այլ ամբիոնների և գիտահետազոտական կենտրոնների, բիոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտի, բիոտեխնոլոգիայի ինստիտուտի, պետական համալսարանի կենսաբանական, քիմիական ու դեղագիտական ֆակուլտետների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ֆարմակոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի, ինչպես նաև Իտալիայի Կամերինոյի համալսարանի հետ:

Աշխատակազմ