Աշխարհում նոյեմբերի 14-ը նշվում է որպես շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օր: Այս կապակցությամբ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիայի կլինիկան ավանդաբար բարեգործական միջոցառումներ է անցկացնում։
Արդեն երկրորդ տարին է, որ ակցիան կազմակերպվում է «Երազ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ:
Էնդոկրինոլոգիայի կլինիկային կից մանկական հանրապետական դիսպանսերում գրանցված շաքարային դիաբետով երեխաների համար ներկայացվեցին կրկեսային զվարճալի համարներ։ Նաև կազմակերպվեց հարցաշարային մրցույթ` պարզելու շաքարային դիաբետի մասին նրանց իրազեկվածության մակարդակը:
Էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովայի տեղեկացմամբ, դիսպանսերում ողջ հանրապետությունից գրանցված երեխաների համար տարվա ընթացքում կազմակերպվում են ուսուցողական դասընթացներ` հիվանդության դեպքում ճիշտ սննդակարգի և առողջ ապրելակերպի մասին:
«Երազ» հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում շաքարային դիաբետով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաներին տրամադրում են գլյուկոմետր և անհրաժեշտ այլ պարագաներ` հիվանդությունը վերահսկելու նպատակով տնային պայմաններում արյան մեջ շաքարի քանակը որոշելու նպատակով:



