01.06.2011
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 5 հազար եվրո արժողությամբ բժշկական սարքավորումներ նվիրեց ԵՊԲՀ-ի «Մուրացան» հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային, որտեղ մասնագիտացված բժշկական օգնություն են ստանում հեմատոլոգիական խնդիրներ ունեցող երեխաները:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց. «Հուսով ենք, որ այս սարքավորումները կնպաստեն փոքրիկ հիվանդների ավելի արդյունավետ բուժմանը: Սա նաև լավ առիթ է երեխաների միջազգային օրվա կապակցությամբ ժպիտ պարգևել նրանց»:
Սերգեյ Կապինոսը նաև խաղալիքներ և նկարչական ու կերպարվեստի պարագաներ հանձնեց կլինիկայի հսկողության տակ գտնվող 12 երեխաներին:
Այս նվիրատվությունները կատարվեցին Վիեննայում կազմակերպվող ԵԱՀԿ ամենամյա բարեգործական պարահանդեսի հասույթից ստացված միջոցներով:
Նվիրատվության արարողությանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԵՊԲՀ-ի ռեկտոր Դերենիկ Դումանյանը, հիվանդանոցի աշխատակիցները, բաժանմունքում բուժվող երեխաները և նրանց ծնողները: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին իրենց երախտիքը հայտնեցին թե՛ բուժաշխատողները, թե՛ հիվանդանոցում բուժվող երեխաների ծնողները:
ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը չափազանց կարևորելով հիվանդ երեխաների նկատմամբ նման հոգատարությունը, բուժաշխատողներին կոչ արեց մշտապես առավել սրտացավ և ուշադիր լինել փոքրիկ պացիենտների հանդեպ:
Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտեց. «Այս քայլը լավ ապացույց է, որ ԵԱՀԿ-ն խիստ կարևորում է մարդկային արժեքները, մասնավորապես` մարդու կյանքը»:



