Հիմնադրվել է 2011թ.-ին։
Պատմություն
Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը հիմնադրվել է 1974թ.-ին: Դրանում ընդգրկվել են դեղագիտական և թունաբանական քիմիայի, ինչպես նաև ֆարմակագնոզիայի դասընթացները:
Ամբիոնի առաջին ղեկավարը (1974-78թթ.) եղել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուրգեն Թորգոմի Մարտիրոսյանը: Նրա ղեկավարությամբ նորաստեղծ ամբիոնում զգալի աշխատանք է կատարվել ուսումնական գործընթացի կազմակերպման և գիտամանկավարժական կազմի ձևավորման ուղղությամբ: Ճանաչված գիտնականը հեղինակ է գիտական 284 աշխատանքի:
1978-80թթ.-ին դեղագիտական, թունաբանական քիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատարը եղել է քիմիական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդուարդ Արամայիսի Գրիգորյանը, ով գիտական 57 աշխատանքի հեղինակ է:
1980թ.-ին ամբիոնից առանձնացվել է ֆարմակագնոզիայի դասընթացը:
Մինչև 1990թ.-ն ամբիոնում միավորվել են դեղագիտության ֆակուլտետում դասավանդվող քիմիական բոլոր դասընթացները՝ անօրգանական, օրգանական, ֆիզկոլոիդ, անալիտիկ, դեղագիտական և թունաբանական քիմիաները:
1980-96թթ.-ին ամբիոնը ղեկավարել է քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միքայել Բախշիի Օրդյանը: Նա հեղինակ է գիտական 210 հոդվածի, ստացել է հեղինակային աշխատանքի 13 վավերագիր:
1996-2006թթ.-ին ամբիոնը ղեկավարել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Արշակի Սահակյանը: 1996թ.-ին ամբիոնին են միացվել նաև համալսարանի քոլեջում դասավանդվող ընդհանուր և օրգանական քիմիաների դասընթացները: Այսպիսով, ստեղծվել է բազմապրոֆիլ մի ամբիոն, որը մեծ ներդրում ունի ՀՀ-ում դեղագետ մասնագետների և գիտամանկավարժական կադրերի պատրաստման գործում:
1996թ.-ից ամբիոնում տարվել են գիտահետազոտական աշխատանքներ ուսուցման հարացույցի փոփոխության և ավանդական, այսպես կոչված` ադապտիվ առարկայական ուսուցման մոդելից զարգացնող կրթական տեխնոլոգիաների անցման ուղղությամբ:
2006թ.-ին ամբիոնը բաժանվել է երեք ամբիոնների` անալիտիկ, օրգանական քիմիայի և ֆարմացիայի: Օրգանական քիմիայի ամբիոնին է միացվել նաև նախապատրաստական բաժանմունքը և ամբիոնի վարիչ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիդա Սահակյանը, իսկ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ` կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Թամարա Դավիթի Կարապետյանը, ով գիտական 28 աշխատանքի հեղինակ է, եղել է դեղագիտական ֆակուլտետի խորհրդի և ԵՊԲՀ-ի դեղագետների միության անդամ:
2011թ.-ին օրգանական քիմիայի ամբիոնին միացավ նաև անալիտիկ քիմիայի ամբիոնը: Նորաստեղծ ամբիոնը կոչվեց դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն, որի ղեկավարն է Լիդա Սահակյանը:
Նա հեղինակ է ավելի քան 220 գիտամեթոդական աշխատանքի և մեկ տասնյակ դասագրքի, ստացել է հեղինակային աշխատանքի 13 վավերագիր:
Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար պարգևատրվել է`
- ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով (2000թ.),
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով (2000թ.),
- Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոբելյանական «Ոսկե կրծքանշան»-ով (2010թ.),
- Շուշիի ազատագրման 15-ամյակի առթիվ ԼՂՀ ոսկե մեդալով (2006թ.),
- «Գեդեոն Ռիխտերի» 100-ամյակին նվիրված մեդալով (2001թ.),
- Մենդելեևյան օլիմպիադայի, Ռուսաստանի Դաշնության քիմիական կրթության ասոցիացիայի դիպլոմով (1997թ.) և ոսկե մեդալով (2006թ.),
- ՀՀ վարչապետի (2010թ.), ՀՀ ԳԱԱ նախագահի (2003թ.), Երևանի քաղաքապետի (2002թ., 2003թ., 2010թ.), ՀՀ կրթության և գիտության նախարարի շնորհակալագրերով (2002թ., 2005թ., 2006թ.),
- ԼՂՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով (2007թ.):
1996թ.-ից ղեկավարում է ՀՀ դպրոցականների օլիմպիական շարժումը, 18 տարի անընդմեջ քիմիայի առարկայական հանձնախմբի նախագահն է, Քիմիայի միջազգային օլիմպիադայում ՀՀ թիմի ղեկավարը, երկու անգամ (1997թ.-ին և 2006թ.-ին)` միջազգային օլիմպիադայի ժյուրիի նախագահ:
2004թ.-ից ԲՈՀ-ի աստիճաններ շնորհող 02 մասնագիտական խորհրդի, ԵՊԲՀ-ի և դեղագիտական ֆակուլտետի գիտխորհուրդների (1995թ.-ից առ այսօր) անդամ է:
Ղեկավարել է ՀՀ ԿԳՆ «Քիմիա» առարկայի մեթոդական խորհուրդը, երկար տարիներ եղել է այդ խորհրդի, ԵՊԲՀ-ի մեթոդական խորհուրդների անդամ:
Ուսուցում
Ուսուցումը կազմակերպվում է ԵՊԲՀ-ի նախապատրաստական ֆակուլտետի և դեղագիտության ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողների համար։ Դեղագիտական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողներն ուսումնասիրում են առաջին կիսամյակում`«Հետերոցիկլիկ միացությունների քիմիա», «Ֆիզիկական քիմիա», «Անալիտիկ քիմիա (որակական անալիզ)», իսկ երկրորդ կիսամյակում` «Օրգանական սինթեզ», «Կոլոիդային քիմիա», «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)» առարկաները:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութերն ուսանողներին մատուցվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Դասախոսություններն ուղեկցվում են համակարգչային PowerPoint ծրագրով: Ուսուցման ընթացքում կիրառվում են էվրիստիկ և պրոբլեմային ուսուցման մեթոդները: Գործնական պարապմունքների ժամանակ կատարվում է դասախոսությունների քննարկում` ինտելեկտուալ խաղերի անցկացմամբ, խաչբառերի, գլուխկոտրուկների, խնդիրների կիրառմամբ, որոնք նպաստում են ուսանողների տրամաբանական մտածողության զարգացմանը: Գործնական պարապմունքներից բացի ուսանողները կատարում են նաև անհատական լաբորատոր աշխատանքներ: Ամբիոնում դասավանդվող յուրաքանչյուր թեմա ավարտվում է ընթացիկ հարցումով: Համալսարանում ընդունված կարգի համաձայն` երկուական անգամ կատարվում է հարցում (միջանկյալ քննություն), որոնց արդյունքներով ձևավորվում է ուսանողների միջին գնահատականը:
ԵՊԲՀ-ի նախապատրաստական ֆակուլտետում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով ուսուցանվում է «Քիմիա» առարկան` իր ենթաբաժիններով (ընդհանուր, անօրգանական և օրգանական): Որոշ թեմաների առավել լավ յուրացման համար կազմակերպվում են համակարգչային անիմացիոն սլայդերի ցուցադրություններ։ Կատարվում են լաբորատոր աշխատանքներ` սովորողներին քիմիական լաբորատորիայում աշխատելու տարրական կանոններին, ընդհանուր սկզբունքներին և պարզագույն չափումներին ծանոթացնելու նպատակով։
Վերջին տարիներին ամբիոնի աշխատակիցները հրատարակել են ուսումնամեթոդական հետևյալ ձեռնարկները`
- «Անօրգանական քիմիա: Ընդհանուր քիմիա», Երևան, 2005թ.,
- «Oրգանական քիմիա: Հետերոցիկլիկ միացություններ», Երևան, 2009թ.,
- «Ընդհանուր և օրգանական քիմիա», Երևան, 2010թ., (անգլերեն),
- «Կոլոիդային քիմիա», Երևան, 2008թ.,
- «Որակական անալիզ (անիոններ)», Երևան, 2008թ.,
- «Անալիտիկ քիմիա (քանակական անալիզ)», Երևան, 2009թ.,
- «Ֆիզիկական քիմիայի լաբորատոր պարապմունքների ձեռնարկ դեղագիտական ֆակուլտետի ուսանողների համար», Երևան, 2008թ., (ռուսերեն):
Գիտահետազոտական աշխատանքներ
Ամբիոնում կատարվել և կատարվում են գիտահետազոտական հետևյալ աշխատանքները.
- ջրալույծ, կատիոնային մեզո-տետրա-3, 4-պիրիդիլ-արիլպորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզը և հակաուռուցքային, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը,
- ուսուցման ինտերակտիվ մեթոդների ներդրումը քիմիայի դասավանդման գործընթացում,
- կապառի տարբեր մասերի քիմիական բաղադրության ուսումնասիրությունը, ակտիվ բաղադրիչների անջատումը և դրանց կենսաբանական ակտիվության որոշումը։
Անալիտիկ քիմիայի ամբիոնում շարունակում են կատարվել գիտահետազոտական հետևյալ աշխատանքները.
- ծիրանենու տերևների և պտուղների հանուկներում տարբեր գործոնների ազդեցության ներքո հակաօքսիդանտային և հակամիկրոբային ակտիվության ուսումնասիրումը և ՀՀ-ում տերևների օգտագործման հնարավորության ուսումնասիրումը,
- ակրիլաթթվի և ակրիլամիդի նոր տիպի կիրառական նշանակություն ունեցող համապոլիմերների սինթեզ և հատկությունների ուսումնասիրություն:
Ամբիոնում պաշտպանվել են դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ հետևյալ թեմաներով.
- «Քիմիա» առարկայի նկատմամբ սովորողների անձնական դրական վերաբերմունքի ձևավորման դիդակտիկական համակարգը», Երևան, 2004թ.,
- «Էկոլոգիական կրթության կազմակերպման առանձնահատկությունները բուհում` քիմիայի դասավանդման գործընթացում», Երևան, 2005թ.,
- «Բնական և սինթետիկ ծագման նոր պորֆիրինների ստացումը և հակաքաղցկեղային, հակամանրէային ակտիվության ուսումնասիրումը», Երևան, 2007թ.:
Այս տարի ծրագրով նախատեսվում է թեկնածուական թեզի պաշտպանություն «Խոտային կապառի ֆիտոքիմիական հետազոտություն և սերմերից անջատված յուղի բաղադրության և կենսաբանական ակտիվության ուսումնասիրում» թեմայով:
Հեռանկարային պլաններում նախատեսվում է`
- նոր կատիոնային ամֆիֆիլ մեզո-տետրա-պիրիդիլ-արիլ պորֆիրինների, դիպորֆիրինների և մետաղապորֆիրինների սինթեզ,
- սինթեզված միացությունների հակաուռուցքային, հակամանրէային ակտիվությունների ուսումնասիրումը in vitro և in vivo պայմաններում,
- ամբիոնի թեմայի զարգացում,
- թեկնածուական թեզի պաշտպանություն,
- ժամանակակից մեթոդների ներդրում:
Համագործակցություն
ԵՊԲՀ-ի դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոնը սերտորեն համագործակցում է`
- ԵՊԲՀ-ի բժշկական մանրէաբանության ամբիոնի,
- Երևանի պետական համալսարանի ֆիզիկական և կենսաբանական ֆակուլտետների,
- Երևանի պետական համալսարանի մանրէաբանության և բույսերի կենսատեխնոլոգիայի և մանրէների ամբիոնի,
- Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քիմիայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի,
- Կենսաքիմիայի ինստիտուտի,
- Մոլեկուլի կառույցի ուսումնասիրման կենտրոնի,
- Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի,
- ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի բջջաբանության խմբի,
- ՀՀ ԱՆ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի որակի հսկման լաբորատորիայի,
- ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի,
- ՀՀ երկրագործության և բույսերի պաշտպանության գիտահետազոտական կենտրոնի,
- Դյուկ համալսարանի բժշկական կենտրոնի (Դյուրան, ԱՄՆ` The Department of Radiation Oncology, Duke University Medical Center US) հետ:
Ամբիոնի աշխատակազմը
| Սահակյան Լիդա Արշակի | ամբիոնի վարիչ, մ.գ.դ., պրոֆեսոր |
| Կարապետյան Թամարա Դավթի | կ.գ. թ., դոցենտ |
| Մանուկյան Շուշանիկ Մանվելի | ք. գ.թ., դոցենտ |
| Ստեփանյան Ադա Սմբատի | ք.գ.թ., դոցենտ |
| Սահակյան Նարինե Վոլոդյայի | մ.գ.թ., դոցենտ |
| Ղազարյան Ռոբերտ Կարապետի | ք.գ.թ., դոցենտ |
| Մնացականյան Ելենա Սուրենի | ասիստենտ |
| Հանիսյան Ռուզաննա Մարտունի | ասիստենտ |
| Բարսեղյան Ժաննա Բարսեղի | ավագ լաբորանտ |
| Բուդաղյան Կարինե Յուրայի | ավագ լաբորանտ |
| Խաչատրյան Լուիզա Հենրիկի | լաբորանտ |
| Ալոյան Անահիտ Արտավազդի | լաբորանտ |
| Իսոյան Նարինե Վոլոդյայի | պրեպարատոր |
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Կորյունի 2, ԵՊԲՀ, Դեղագիտական ֆակուլտետի քիմիայի ամբիոն



