Հիմնադրվել է 1930թ.-ին (1926թ.):
Ամբիոնի վարիչ` Կարեն Ռշտունի Բաբայան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան
Պատմություն
Ամբիոնը հիմնադրվել է 1926թ.-ին Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում և անվանվել է նախ Մաշկային և վեներական հիվանդությունների, ապա` Մաշկավեներաբանության, այնուհետև` Մաշկաբանության, սեռավարակաբանության և կոսմետոլոգիայի ամբիոն,իսկ 2008թ.-ից՝ Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն:
ԵՊԲՀ-ի հիմնադրման օրվանից՝ 1930թ.-ից, ամբիոնը գործում է համալսարանի կազմում:
Ամբիոնի առաջին վարիչը եղել է դոցենտ Գերասիմ Դանիելի Տեր-Գրիգորյանը, ով ղեկավարել է 1926-1965թթ.-ին: Հետագայում ամբիոնի վարիչներ են եղել պրոֆեսորներ Գևորգ Քերոբի Անդրեասյանը (1965-1969թթ.) և Էդուարդ Երվանդի Դանիելյանը (1969-1993թթ.):
Մինչև 1998թ.-ը եղել է մասնագիտական միակ ամբիոնը և իրականացրել է ոչ միայն ուսումնական, կլինիկական, գիտահետազոտական աշխատանքներ, մասնակցել բժշկական կադրերի պատրաստմանը, այլև գործնական աջակցություն ցուցաբերել առողջապահության ոլորտին: Ամբիոնի աշխատակիցները, լինելով տվյալ բնագավառի առաջատար մասնագետներ, ապահովել են կապը հանրապետության մասնագիտական այլ կառույցների հետ, ինչպես նաև գիտահետազոտական համալիր աշխատանքներ իրականացրել արտերկրյա գիտահետազոտական ինստիտուտների հետ:
1993թ.-ից ամբիոնը ղեկավարում է ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Ռշտունի Բաբայանը:
Վերջին 5 տարիների ընթացքում ամբիոնում կատարվել են ծավալուն աշխատանքներ ուսումնամեթոդական բնագավառում, ստեղծվել և գործնականում ներդրվել են տարբեր հիվանդությունների վերաբերյալ դիդակտիկ նյութեր` գունավոր սլայդներ և նկարներ, ատլասներ, տեսաժապավեններ: Ուսուցման և քննական գործընթացում կիրառվել են ժամանակակից թեստեր, համակարգչային տեխնիկա:
Միջազգային սերտ կապեր են հաստատվել բազմաթիվ երկրների հետ: Ամբիոնի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել միջազգային տարբեր համաժողովների աշխատանքներին, մի շարք ծրագրերի իրականացման ընթացքում կարճաժամկետ վերապատրաստումների նպատակով մեկնել են արտերկիր:
Ամբիոնի կլինիկական բազան Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնն է, որը ևս ղեկավարում է պրոֆեսոր Կարեն Ռշտունի Բաբայանը:
Ուսուցում
Ուսուցումն իրականացվում է ընդհանուր բժշկության, ռազմաբժշկական և ստոմատոլոգիական ֆակուլտետների 4-րդ կուրսի ուսանողների համար` ցիկլային 10-օրյա պարապմունքերի տեսքով (60 ժամ):
Առարկան դասավանդվում է նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Ծրագրով նախատեսված թեմատիկ նյութն ուսանողներին մատուցվում է դասախոսությունների և գործնական պարապմունքների տեսքով: Գործնական պարապմունքներն անց են կացվում հիվանդասենյակներում, լաբորատորիաներում: Լայնորեն կիրառվում են մաշկային տարբեր հիվանդությունների և սեռավարակների լուսանկարներ, թեմատիկ սլայդեր, համակարգչային տարբեր ծրագրեր, տեսաֆիլմեր:
Գիտահետազոտական աշխատանքներ
Վերջին 10 տարիների ընթացքում ամբիոնի գիտահետազոտական աշխատանքները նվիրված են եղել սեռավարակների համաճարակաբանությանը, կլինիկական առանձնահատկություններին և բուժկանխարգելիչ աշխատանքների իրականացման խնդիրներին: Ամբիոնի մասնագետների շնորհիվ Հայաստանում առաջին անգամ մշակվել և հրատարակվել է «Սեռավարակների վարման ազգային ուղեցույց» ձեռնարկը:
Ներկայումս ամբիոնի գիտական թեման է «Հայաստանում գոնորեայի հարուցիչի հակամանրէային զգայունությունը հակաբիոտիկների նկատմամբ»:
Համագործակցություն
Ամբիոնը գիտական սերտ կապերի մեջ է Սեռավարակների դեմ պայքարի եվրոպական միության, Թբիլիսիի մաշկավեներաբանների ասոցիացիայի, Հարավային Կովկասի երկրների մաշկավեներաբանների գիտական ասոցիացիայի, Վրաստանի մաշկաբանության և վեներոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի, Մաշկաբանների հայ-գերմանական ասոցիացիայի հետ:
Միջազգային գիտաժողովներ
Վերջին տարիների ընթացքում ամբիոնը կազմակերպել է հետևյալ գիտաժողովները`
- Մաշկավեներաբանական հայ-գերմանական 1-ին, 2-րդ և 3-րդ գիտաժողովներ,
- Հարավային Կովկասի երկրների մաշկավեներաբանների գիտական ասոցիացիայի հետ համատեղ համաժողովներ:
Ամբիոնի աշխատակազմը
| Բաբայան Կարեն Ռշտունի | ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր |
| Հարությունյան Գրիգոր Ալբերտի | բ.գ.թ., ասիստենտ |
| Գևորգյան Տիգրան Սերգեյի | ասիստենտ |
| Շահվերդյան Գագիկ Գալուստի | ասիստենտ |
| Շատվորյան Ենոք Հայրապետի | ասիստենտ |
| Աղաբալյան Քրիստինե Վյաչեսլավի | ասիստենտ |
| Խալաֆյան Զարուհի Արծրունի | ասիստենտ |
| Հովհաննիսյան Հովհաննես Արտաշեսի | ասիստենտ |
| Հակոբյան Սահակ Աշոտի | ավագ լաբորանտ |
| Մուրադյան Լիլիթ Արամի | ավագ լաբորանտ |
Հասցե` ՀՀ, Երևան, Ֆուչիկի 32, Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոն, Մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոն



