Դուք այստեղ եք` Գլխավոր ԵՊԲՀ-ի մասին Գիտություն Ասպիրանտուրա

Yerevan State Medical University

ՀայերենРусскийEnglish

Գիտական կադրերի պատրաստման ծառայություն

Ղեկավար՝ կ.գ.թ. Կ. Ղազարյան

Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գրտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնա­գիտություններով:


Ասպիրանտուրա

Ասպիրանտուրան հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձև է, որն իրականացվում է ԲՈՀ-ի «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանա­ցանկին» համապատասխան մասնագիտություններով:

Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում՝ տեսական մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու, իսկ հետազոտողի հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի առկայության դեպքում՝ նաև համապատասխան որակավորման աստիճան ստանալու համար:

Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը 3 տարի է, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը՝ 4 տարի:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագիրի, կազմակեր­պությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ: Պարտադիր պայման է Հայաստանի Հանրապետությունում բժշկական ապահովագրությունը:

Ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասպիրանտուրա ընդունելությունն իրականացնելու համար բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով՝ բուհի կամ կազմակերպության ղեկավարի տեղակալի նախագահությամբ: Ընդունող հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:
Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ, մասնագիտական առարկայից, օտար լեզվից /անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն/ և ստուգարք ինֆորմատիկա և/կամ համակարգչից օգտվելու հիմունքներ: Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:

Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը տրվում է բուհի ղեկավարի անունով` կցելով համապատասխան փաստաթղթեր (դիպլոմների պատճեներ, ռեֆերատ, անձնական թերթիկ, լուսանկարներ, հավաստագրեր օտար լեզու և ինֆորմատիկա առարկաներից ստուգարքների հանձնման վերաբերյալ):Ընդունելության քննության վերահանձնում չի թույլատրվում: Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են ընդունող հանձնաժողովի որոշումից հետո, 5-օրյա ժամկետում: Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի (կամ կազմակերպության) ղեկավարի հրամանով: Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է հանձնի որակավորման քննություններ՝ ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան:


Դոկտորանտուրա

Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի 3 տարին:

Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա և կամ սեփական նախաձեռնությամբ:

Դոկտորանտուրա ընդունվողները ներկայացնում են տվյալ բուհում կամ կազմակերպությունում գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և կամ կիրառական հետազոտությունների ծրագիր նախագիծ:

Դոկտորանտուրա ընդունվելու համար դիմումները տրվում են համապատասխան բուհերի և կազմակերպությունների ղեկավարների անունով՝ կցելով համապատասխան փաստաթղթեր:

Բուհի կամ կազմակերպության համապատասխան ամբիոնը կամ բաժինը սեկտոր, լաբորատորիա, փաստաթղթերի քննարկման հիման վրա ներկայացնում է եզրակացություն: Դրական արդյունքի դեպքում բուհի կամ կազմակերպության գիտական գիտատեխնիկական խորհուրդը քննարկում է եզրակացությունը և ընդունում որոշում թեկնածուին դոկտորանտուրա ընդունելու մասին, որը հաստատում է բուհի կամ կազմակերպության ղեկավարը: Երկու և ավելի թեկնածուների դեպքում դոկտորանտի ընտրությունը կատարում է բուհի կամ կազմակերպության գիտական գիտատեխնիկական խորհուրդը, որը թեկնածուի ատենախոսության ծավալուն պլանի հիման վրա որոշում է ատենախոսության ավարտման հնարավոր ժամկետը:

Դոկտորանտուրայում գտնվելու ժամկետում դոկտորանտը պետք է կատարի անհատական ծրագրով նախատեսված աշխատանքները՝ ավարտի ատենախոսությունը և տվյալ բուհում կամ կազմակերպությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկումը:

Բուհերի կամ կազմակերպությունների գիտական գիտատեխնիկական խորհուրդները դոկտորանտների ծրագրին համապատասխան ներկայացված հաշվետվության հիման վրա տարեկան 1 անգամ ատեստավորում են նրանց: Ատեստավորումը չանցած դոկտորանտն ազատվում է դոկտորանտուրայից:

Մինչև սահմանված ժամկետի ավարտը դոկտորանտուրայից ազատված դոկտորանտը հարգելի պատճառով բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով կարող է վերականգնվել ազատվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: